«Հրամանատարը պատմում է, որ Արմենակը ԱԹՍ-ի ամեն հարված երգով էր դիմավորում»
«Եղբայրս ժամկետային զինծառայող էր, նախքան պատերազմը ծառայում էր Դիլիջանի զորամասում որպես վարորդ: Սեպտեմբերի 27-ից տեղափոխվել է Արցախ՝ Մարտակերտ, որտեղ մասնակցել է պատերազմական գործողություններին:
Ծառայությունից երբեք չի դժգոհել, լավ էր ծառայում. ծառայության 6-րդ ամսում ստացել է պատվոգիր:
Պատերազմի օրերին էլ, երբ խոսում էինք հետը, ինքը ոգևորված էր պատմում, ընկճված չէր, ոչնչից չէր վախենում:
Հրամանատարը պատմում է, որ Արմենակը ԱԹՍ-ի ամեն հարված երգով էր դիմավորում:
Եղբորս հետ վերջին անգամ խոսել ենք հոկտեմբերի 16-ի երեկոյան: Շնչակտուր էր, անհանգիստ, բայց ասում էր, որ ամեն ինչ լավ է լինելու, չմտածեք, հանգիստ եղեք: Սպասում էինք, որ ամսի 17-ին պետք է զանգեր, բայց ամսի 17-ին ժամը 7-ի սահմանում եղբայրս զոհվել է թշնամու ԱԹՍ-ի հարվածից»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում զոհված զինծառայող Արմենակ Գասպարյանի քույրը՝ Անուշ Գասպարյանը:
Արմենակն Արցախում ծառայելու ցանկություն է ունեցել, բայց ծառայությունը մինչև պատերազմն անցել է Դիլիջանում:
Արմենակ Գասպարյանը ծնվել է Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում: Ընտանիքում միջնեկ զավակն էր (քույր և եղբայր ունի)… Անուշն ասում է, որ իր ու Արմենակի միջև տարիքային տարբերությունը մեծ չէր, ընդամենը 2 տարի. իրար հետ շատ կապված են եղել, միմյանց հետ կիսվել են, իրարից խորհուրդ հարցրել:
«Արմենակը տաքարյուն էր, բայց իմ հարցում ինքը լրիվ ուրիշ էր. հանգիստ և մինչև վերջ կարող էր լսել ինձ…
Մարդամոտ էր ու ընկերասեր. մի խոսքով՝ հետը միշտ կարողանում էիր լեզու գտնել: Չէր սիրում, երբ խաբում էին իրեն, ամեն ինչում սիրում էր ճիշտը:
Շատ էին Արմենակի երազանքներն ու նպատակները. ասում էր՝ հենց զորացրվեմ գամ, կրտսեր եղբորս անպայման կտամ երաժշտական կրթության:
Ես հպարտ եմ, որ Արմենակի նման հերոս եղբայր ունեմ, ով երբեք հետ չի նահանջել… միշտ առաջ է շարժվել հանուն մեր ապագայի, մեր խաղաղության և մեր կյանքի:
Միայն մենք չենք, որ ապրում ենք այս ցավը, այն համընդհանուր է…»,- եզրափակեց արցախյան պատերազմում զոհված հերոս Արմենակ Գասպարյանի քույրը:
Անահիտ Չալիկյան