Նորություններ

Հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունը խորացնում է անվտանգության վերաբերյալ անորոշությունը

Հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունը անտեսում է հայկական կողմի կարիքները։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի Մոսկվայում կայացած հանդիպմանը հաջորդած հայտարարությունն անտեսում է հայկական կողմի կարիքները եւ խորացնում է անվտանգության վերաբերյալ անորոշությունը:

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակն իր խորը մտահոգությունն է հայտնում եռակողմ հանդիպման արդյունքի վերաբերյալ, որը 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի փաստաթղթի 8-րդ կետի, այն է՝ հայ ռազմագերիների եւ պահվող անձանց վերադարձի խնդրի ուղղությամբ որեւէ առաջընթաց չգրանցեց: Չնայած սրան՝ հայկական կողմը համաձայնեց իրականացնել նույն փաստաթղթի 9-րդ կետը: Այս ամենն առավել մտահոգիչ է՝ հաշվի առնելով այն փաստը, որ հանդիպումից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարել էր, որ ռազմագերիների հարցը առաջնային է Հայաստանի կառավարության համար, եւ որ առանց այդ հարցում էական առաջընթացի չափազանց դժվար կլինի քննարկել ցանկացած տնտեսական օրակարգ:

Այնուամենայնիվ, Հայաստանի վարչապետը ստորագրեց մի հայտարարութուն, որով նախատեսվում է Հայաստանի տարածքով Թուրքիա-Նախիջեւան-Ադրբեջան նոր տրանսպորտային կապ ստեղծել՝ այդպիսով դռներ բացելով Էրդողանի օսմանյան պանթուրքական օրակարգի իրականացման համար: Դրա «դիմաց» Հայաստանը, որն արդեն Վրաստանի տարածքով կապուղի ունի Ռուսաստանի հետ, եւ ուղիղ, բաց սահման՝ Իրանի հետ, Ադրբեջանի տարածքով ստանում է պարտադրված առեւտրային ճանապարհ դեպի այս երկու երկրներ՝ երկաթուղային կապով:

Հաշվի առնելով Ադրբեջանում պետության կողմից հովանավորվող հայատյացությունը, որը թիրախավորում է նույնիսկ երեխաների, ադրբեջանական զինված ուժերի կողմից հայերի նկատմամբ ընդամենը երկու ամիս առաջ կատարած դաժան ռազմական հանցագործությունները, այսօր էլ շարունակվող հայ ռազմագերիների խոշտանգումները եւկտտանքները, ինչպես նաեւ Ադրբեջանի իշխանությունների թշնամական հռետորաբանությունը, այս փուլում առեւտրային ուղիների պարտադրումը բազմաթիվ հարցեր է առաջացնում Հայաստանի ավելի լայն անվտանգության եւ ինքնիշխանության տեսանկյունից:

Հայաստանը թերեւս հակամարտության միակ կողմն է, որը ոչ միայն կատարել, այլեւ գերակատարել է 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի փաստաթղթով ամրագրված իր պարտավորությունները: Այսպիսով՝ վերոհիշյալ փաստաթղթի առաջին պարբերությունում նշվում է, որ կողմերը «պետք է մնան իրենց զբաղեցրած դիրքերում»: Սակայն, Արցախի մի քանի հայկական գյուղեր փոխանցվեցին Ադրբեջանին՝ չնայած նրան, որ պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերին չէր հաջողվել դրանց նկատմամբ վերահսկողություն հաստատել:

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սկսվեց հապճեպ եւ խիստ վտանգավոր սահմանազատման գործընթաց՝ վտանգելով առանցքային ենթակառուցվածքները (օրինակ ՝ Կապան քաղաքի օդանավակայանը): Այն նաեւ հանգեցրեց հայ գյուղացինի անշարժ գույքի զգալի կորստի եւ անվտանգության լուրջ խնդիրներ ստեղծեց ՀՀ սահմանամերձ մի շարք բնակավայրերի համար:

Փաստորեն Ադրբեջանը հրաժարվում է կատարել իր միակ պարտավորությունը, այն է՝ ազատ արձակել հայ ռազմագերիներին, պատանդներին եւ այլ պահվող անձնանց: Փոխարենը Ադրբեջանի իշխանություններն արհամարհում են մարդասիրական այս խնդիրը նորանոր օգուտներ կորզելու նպատակով եւ շարունակում ֆիզիկական եւ հոգեբանական տառապանքներ պատճառել գերիներին եւ նրանց հարազատներին: Ադրբեջանական աղբյուրների կողմից հրապարակվել են բազմաթիվ տեսանյութեր, որոնցում նվաստացնում են հայ ռազմագերիներին, այդ թվում անօգնական մեծահասակների: Հրապարակվել են նաեւ հայկական մշակութային կոթողների պղծումը փաստող մի քանի տեսանյութեր:

Մեկնաբանելով հունվարի 11-ի հայտարարությունը՝ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետեանը նշեց. «Ցավոք այս հայտարարությունը ստորագրելով՝ հայկական կողմը կրկին չկարողացավ բավարարել անվտանգության իր առանցքային կարիքները եւ հասնել 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կարեւոր պահանջի իրացման, այն է՝ գերիների վերադարձին: Փաստորեն հայկական կողմը նոր փաստաթուղթ ստորագրեց՝ չնայած նրան, որ չհասավ իր միակ հրատապ եւ կարեւորագույն պահանջի իրագործմանը: Հաշվի առնելով ընթացիկ հանգամանքները, անվտանգային չլուծված խնդիրները, Ադրբեջանում հայատյացությունը եւ էրդողանական Թուրքիայի պանթուրքական հավակնությունները՝ հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունը անվտանգային լուրջ մտահոգություններ է առաջացնում Հայաստանի հարավի, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ պետության ինքնիշխանության համար»:

Հայ ռազմագերիների վերադարձի առնչությամբ Կարապետեանը նշեց. «Մենք Ռուսաստանից ակնկալում էինք, որ նա կկատարեր արդար միջնորդի իր դերը եւ ավելի մեծ ճնշում կգործադրեր Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս էլ կատարեր ռազմագերիներին եւ պատանդներին վերադարձնելու իր պարտավորությունը: Ցավալի է, որ այս հարցում շոշափելի արդյունքներ չգրանցվեցին: ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահ երկրները, ինչպես նաեւ Եվրամիությունը եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նույնպես պարտավոր են միջամտել՝ վերջ դնելու համար ադրբեջանական իշխանությունների կողմից հայ պատանդների կտտանքներին եւ խոշտանգումներին եւ երաշխավորելու նրանց վերադարձը»։

Back to top button
Close