Նորություններ

«Ալիևն ինչ-որ բանից մտավախություն ունի… նա փորձում է պահպանել հավելյալ ճնշումը»

«Ռազմագերիների և պահվող այլ անձանց վերադարձի հետ կապված Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը համարում եմ ապարդյուն»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Նորայր Նորիկյանը:

Նորիկյանը հայ գերիներին Ադրբեջանում պահելու հանգամանքը դիտարկում է 2 տեսանկյունից:

«Ադրբեջանը, ռազմագերիներին իրենց մոտ պահելով, փորձում է հավելյալ պահանջներ ներկայացնել Հայաստանին: Փորձում է գերիներին օգտագործելով՝ հասնել իր նպատակի իրագործմանը:

Եվ երկրորդ՝ Ալիևն ինչ-որ բանից մտավախություն ունի, որովհետև Արցախի կարգավիճակի վերջնական չհստակեցումը, ռուսական խաղաղապահների առաքելությունը, ինչպես նաև հայկական զինված ուժերի Արցախում տեղակայման հարցը ինչ-որ փուլում լրջագույն գլխացավանք են դառնալու իր համար, և ինքը փորձում է պահպանել հավելյալ ճնշումը:

Ակնհայտ է, որ այն հայտարարությունները, որ Ադրբեջանը ցանկանում է տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատել, չի բխում իրենց գործերից, որովհետև այդպիսի վարքագիծ դրսևորող պետությունը չի կարող առանց նախապայմանների անվերապահորեն վերադարձնել բոլոր ռազմագերիներին և քաղաքացիական անձանց»,- նշեց փաստաբանը:

Վերջինիս խոսքով՝ Հայաստանը պետք է օգտագործի բոլոր միջազգային հարթակները, որպեսզի հասնի ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձին:

Բաքվում գտնվող հայ գերիների դեմ հարուցում են քրգործեր՝ նրանց ներկայացնելով որպես դիվերսանտներ:

Նորիկյանի կարծիքով՝ այդպիսի պիտակավորում կպցնելով՝ Ադրբեջանը փորձում է իրավական հիմքեր ստեղծել՝ որոշ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու և աշխարհին ցույց տալու համար, որ Արցախի տարածքում գտնվող հայկական զինված ուժերի ստորաբաժանումներն ահաբեկիչներ են:

«Ես կարծում եմ, որ մենք այստեղ պետք է ձեռնարկենք բոլոր քայլերը, որպեսզի ցույց տանք, որ Ալիևի պատկերացումները և ընկալումները ահաբեկչության նկատմամբ դատարկ են և որևէ աղերս չունեն իրականության հետ, որովհետև հայ զինվորականները գտնվում են իրենց հայրենիքում և պաշտպանում են իրենց հայրենիքը, և մեծագույն ցանկության դեպքում էլ հնարավոր չէ նրանց նույնականացնել ահաբեկչական խմբավորումների հետ: Ակնհայտ է, որ Ալիևը փորձ է անում միջազգային տրամադրվածություն ձևավորել հայկական զինված ուժերի ստորաբաժանումների նկատմամբ»:

Փաստաբանն անդրադառնալով եռակողմ հայտարարությանը՝ եզրափակեց.

«Տպավորությունն այնպիսին է, որ միայն Հայաստանն է կատարում այդ փաստաթղթում նշված պարտավորությունները: Հայտարարությունը 3 կողմերն են ստորագրել, և այստեղ Ռուսաստանի հեղինակության խնդիրն էլ է: Ակնհայտ է, որ հայտարարության 8-րդ կետի դրույթները չեն գործում, ինչը նշանակում է, որ ստվերվում է միջնորդական առաքելություն իրականացնող Ռուսաստանի քաղաքական հեղինակությունը»:

 

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close