Նորություններ

Պարզվել է Լոռու մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավոր ԱԱԾ աշխատակիցների ինքնությունը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Երեմ Դանիելյանի որոշմամբ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է հունվարի 13-ին Լոռու մարզում տեղի ունեցած խոշոր և ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վարորդների և վիրավորներիի ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ VAZ 2107 մեքենան վարել է Լուսաղբյուր գյուղի բնակիչ 58 ամյա Հրաչյա Հակոբյանը, իսկ VAZ 21099 մեքենան վարել է Շիրակի մարզի Մարմաշեն գյուղի բնակիչ 32 ամյա Գևորգ Վարդանյանը։

Վթարի հետևանքով վարորդներից Հ․ Հակոբյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր Լուսաբյուր գյուղի բնակիչ 60 ամյա Կարապետ Հակոբյանը և VAZ 21099 մեքենայի վարորդ Գ․Վարդանյանը, նրա ուղևորներ Խնկոյան գյուղի բնակիչ 33 ամյա Արայիկ Կոծինյանը, Շիրակի մարզի Աշոցքի բնակիչ 27 ամյա Աշոտ Սարիբեկյանը, Լուսաղբյուր գյուղի բնակիչ 32 ամյա Արմեն Բեգզադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ», «Վանաձոր» և «Գյումրի» բժշկական կենտրոններ;

Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացած Հ․Հակոբյանն աշխատում էր Հարավ-Կովկասյան երկաթուղի ՓԲԸ «Ղալթախչի» կայարանի հերթապահ, իսկ վարորդ Գ․ Վարդանյանը ծառայում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայութան սահմանապահ զորքերի Գոգավան սահմանային վերահսկողության բաժնում։

Վիրավորներից Կ․ Հակոբյանը ծառայում է N զորամասում՝ որպես հրաձիգ, մյուս վիրավորներ Ա. Սարիբեկյանը, Ա.Բեգզադյանը, Ա․Կոծինյանը ծառայում են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի Գոգավան սահմանային վերահսկողության բաժնում։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 13-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։10-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 20 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել էին VAZ 2107 և VAZ 21099 մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սպիտակ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության էին հասել քաղաքացիները։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ օպերատիվ են գործել «Սպիտակի» հիվանդանոցի բժիշկները։

Վիրավորների մի մասին տեղափոխել էին շտապօգնության մեքենայով, մի մասին էլ քաղաքացիները՝ իրենց ավտոմեքենաներով։

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի և ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն և նույն վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Վահրամ Հովհաննիսյանի, Սպիտակի քննչական բաժնի պետ Մացակ Փանոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Երեմ Դանիելյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close