Նորություններ

Նոր բաժանմունքում ծավալվել է վերակենդանացման 40 մահճակալ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նոր վերակենդանացման բաժանմունքի բացման արարողությանը:

Բաժանմունքում ծավալվել է վերակենդանացման 40 մահճակալ և նախկինների հետ հանրագումարով` ընդհանուր թիվը կազմում է 120: Փաստացի, սա ամենամեծ վերակենդանացման ծառայությունն է Հայաստանում:

Արսեն Թորոսյանն այցի ընթացքում շրջել է նոր մասնաշենքում, ծանոթացել հագեցվածությանն ու կարողություններին:

Բացման արարողության ընթացքում նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է բժշկական անձնակազմին և շնորհակալություն հայտնել նրանց, հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում կատարած ծանր և պատասխանատու աշխատանքի համար: «Ուզում եմ վստահ լինեք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը մշտապես առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում է: Վստահ եմ, որ այն դրական համբավը, որ ձեռք եք բերել այս ժամանակաշրջանում, նույն կերպ կշարունակվի կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարելուց հետո»,-ասել է նախարարը:

Շարունակելով միտքը, Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ բժշկական կենտրոնը պետական բազմապրոֆիլ եզակի կառույցներից է, որն ունի այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են` երրորդ մակարդակի ծննդօգնությունը, պոլիկլինիկական ծառայությունը, հեմոդիալիզի բաժանմունքը և այլն:

Եվ, չնայած կորոնավիրուսային հիվանդության մարտահրավերին, կենտրոնը շարունակում է պետության ջանքերով վերանորոգվել և վերազինվել: Այս ընթացքում ներդրվել են նաև նոր ծառայություններ, օրինակ` արյան բանկի ծառայությունը, նախորդ տարի հագեցվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի լաբորատորիան անհրաժեշտ սարքավորումներով` պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտություններ իրականացնելու համար:

Նախարարը եզրափակելով հանդիպումը, հաջողություն է մաղթել բժշկական կենտրոնի անձնակազմին:

Back to top button
Close