Նորություններ

«Գերիներին Ալիևն իր ձեռքում լծակ է պահում, որպեսզի Հայաստանի վրա ճնշումներ գործադրի, և մյուս հավանական պատճառն այն է, որ նա վախենում է հայկական ռևանշից»

«Հայաստանի ապաշրջափակումը բխում է մեր շահերից, որովհետև երկու կողմից շրջափակված Հայաստանը զարգանալու շատ քիչ հեռանկարներ ունի, և մեզ պետք է գտնել այլընտրանքային ճանապարհներ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպման շրջանակում ստորագրված հայտարարությանը:

Արմեն Վարդանյանը ձախողում է համարում հայ գերիների վերադարձի հարցը, որն այդ հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ լուծել:

«Գերիներին Ալիևն իր ձեռքում լծակ է պահում, որպեսզի Հայաստանի վրա ճնշումներ գործադրի, և մյուս հավանական պատճառն այն է, որ նա վախենում է հայկական ռևանշից, նոր պատերազմից և մտածում է, որ գերիներին իր ձեռքը պահելով՝ Հայաստանին կզսպի, և Հայաստանը նոր պատերազմ չի սկսի»,- հայտարարեց քաղաքագետը:

Արմեն Վարդանյան
Արմեն Վարդանյան

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի վերջին խախտումներին՝ Վարդանյանը նշեց. «Ադրբեջանը երբեք էլ հուսալի պետություն, հուսալի երկիր չի եղել նույնիսկ պայմանավորվածությունների մեջ և ամեն վայրկյան, ամեն րոպե կարող է խախտել ցանկացած պայմանավորվածություն:

Իրենք ժամանակ առ ժամանակ կշոշափեն մեր զարկերակը, որպեսզի փորձեն հասկանալ, թե ինչպիսին է մեր պաշտպանվածությունը: Կփորձեն վախի մթնոլորտ ստեղծել, սահմանային փոխհրաձգություններ հրահրել և անել այնպես, որ Արցախում խաղաղ բնակչությունը մշտապես վախի մթնոլորտում ապրի, որպեսզի մարդիկ չվերադառնան Արցախ, մարդիկ հիասթափվեն և գնան Արցախից: Ալիևի երազանքն է, որ մեր հայրենակիցները լավ կյանք չունենան Արցախում և ստիպված հեռանան այնտեղից:

Հրադադարը հաստատվել է Ռուսաստանի միջնորդությամբ, և այստեղ Ռուսաստանի հեղինակությունն է դրված նժարին, բայց այդպիսի հարցերին Ռուսաստանը, կարծում եմ, չի խառնվի, բայց այլ հարց է, եթե հրադադարի խախտումները լինեն ավելի մեծ մասշտաբների: Ադրբեջանի կողմից հրադադարի վերջին խախտման մասին Ռուսաստանը նույնիսկ տեղյակ չէր, և Արցախում ռուս խաղաղապահների ներկայացուցիչը հայտարարել է, որ ինքը տեղյակ չէ:

Կարծում եմ, որ հրադադարի խախտումներն առայժմ զանգվածային բնույթ չեն կրի. հնարավոր է մեկ-երկու տեղանքում, կարճատև բնույթի, որովհետև իրենք էլ են հասկանում, որ այդ գործընթացին Ռուսաստանը կարող է խառնվել»:

Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանը ցանկացած պահի պետք է մտածի պատերազմի մասին և պետք է ամրապնդի պաշտպանողականությունը:

«Հրադադարի մասին հայտարարությունն իրականում նույնիսկ իրավական ուժ չունի, և ցանկացած պահի կողմերից մեկը կարող է խախտել այդ փաստաթուղթը և անցնել հարձակման: Այնպես որ, մենք շատ արագ պետք է վերակազմավորենք մեր բանակը, պետք է համալրենք կորցրած զինտեխնիկան և պատրաստ լինենք վատագույն սցենարների:

Չի կարելի հույսը դնել Ալիևի ողորմության, խելամտության վրա, որովհետև կյանքը ցույց է տվել, որ նա առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ իր առջև տեսնի թույլ Հայաստան, թույլ Արցախ, օգտվելու է դրանից»,- եզրափակեց Արմեն Վարդանյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button