ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

Հայրենասեր Հովիկը սիրում էր խոսել հերոսների մասին. նրա հպարտությունը, լեգենդը Ավոն էր․․․

«Հովս շատ բարի մարդ էր, ընկերասեր, հոգատար, և չկար մի օր, որ ես դրանում էլ ավելի չհամոզվեի: Ինձ երեխայի պես սիրում ու երջանկացնում էր: Շատ ուշադիր էր թե՛ իմ, թե՛ ընտանիքի, թե՛ ընկերների նկատմամբ: Հովը շատ հայրենասեր էր, սիրում էր խոսել մեր հերոսների մասին. նրա հպարտությունը, նրա լեգենդը Ավոն էր՝ Մոնթե Մելքոնյանը, ում հետ հիմա Եռաբլուրում միասին են: Ասում են՝ ոչ ոք չի երազում մահվան մասին, չի մտածում, թե երբ ու ինչպես կմահանա, բայց Հովին շատ լավ չճանաչելով՝ գիտեմ, որ նա հպարտ է, որ հերոսների հետ նույն վայրում է՝ Եռաբլուրում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում զոհված հետախույզ Հովիկ Գրիգորյանի ընկերուհին՝ Էլեն Օհանյանը:

Հովհաննես Գրիգորյանը հետախույզ էր, մասնակցել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմին: Քաջաբար ընկել է արցախյան պատերազմում Մաճկալաշեն գյուղում, հոկտեմբերի 29-ին թշնամու անօդաչուի հարվածից, ընկերոջը մարտադաշտից դուրս բերելու ժամանակ:

Հովիկի ընկերուհին պատմում է, որ իր հերոսը շատ էր սիրում զինվորականի աշխատանքը, հորեղբայրը նույնպես հետախույզ էր, և Հովիկը տեսավ, սիրեց այդ գործը և գնաց այդ ճանապարհով:

«Անկեղծ ասած՝ շատ անգամ եմ Հովիկին խնդրել, որ դուրս գա այդ աշխատանքից և ուրիշ մասնագիտություն ընտրի, որովհետև դա շատ վտանգավոր էր, և հետո էլ շատ էի կարոտում. աշխատանքային ռեժիմը այնպես էր, որ մեկ շաբաթ աշխատանքի էր, մեկ շաբաթ տանն էր լինում: Հովիկն էլ արդեն կարոտին չէր դիմանում, ասաց՝ հենց ամուսնանանք, դուրս կգա աշխատանքից, որ ինձ մի շաբաթով մենակ չթողնի… դա էլ չստացվեց, նոյեմբերի 13-ին որոշել էինք նշանվել:

Ուզում էինք ամուր ընտանիք կազմել, մենք երկուսս էլ Արցախի Մարտունի քաղաքից ենք և մեր ապագան հենց այդտեղ էլ պատկերացնում էինք: Միշտ ուզում էր սեփական բիզնես հիմնել, բայց չէր կողմնորոշվում, թե ինչ. ինձ համար ուզում էր գեղեցկության սրահ բացել, որ ես զբաղվեմ իմ սիրած գործով: Հովիկը երազում էր, որ մենք մեկ տղա և մեկ աղջիկ ունենանք, թեկուզ միշտ կատակում էր և ասում էր, որ պետք է 11 երեխա ունենանք»,- շարունակում է հերոսի ընկերուհին:

Էլեն Օհանյանը պատմում է, որ Հովիկին վերջին անգամ տեսել է սեպտեմբերի 19-ին, իրար դժվարությամբ են հրաժեշտ տվել.

«Գնաց հետախուզական ճամբար և գիտեր, որ դեռ մի քանի օր, նույնիսկ մի քանի շաբաթ չենք տեսնվելու, այնքան դժվար բաց թողեցի նրան, հիմա եմ հասկանում, որ ինչ-որ բան էինք զգում հոգու խորքում:

Հովիկի հետ վերջին անգամ խոսել եմ հոկտեմբերի 28-ի երեկոյան: Հանգիստ էր խոսում, ասաց՝ մի 2 օրից կտեսնվենք, ամեն ինչ կավարտվի և հետ կգանք Արցախ. դե 2 օրից իսկապես նրան տեսա, բայց արդեն զոհված վիճակում:

Առաջին մի քանի շաբաթը չարացել էի թե՛ Աստծո, թե՛ ռազմաքաղաքական ղեկավարության, թե՛ Հովի, թե՛ ինքս ինձ վրա, բայց հետո արդեն ընկալելով և հասկանալով, թե ինչի համար է արվել, գիտակցելով, որ հենց իմ ու ձեր և բոլորի այսօրվա ու վաղվա օրվա համար է զոհվել իմ հերոսը, չարությունս արդեն վերածվել է հպարտության:

Միաժամանակ մեծ ցավ ու հպարտություն եմ զգում, իրականում ես միշտ էի հպարտանում նրանով, բայց հիմա ավելի շատ: Մեծ պատասխանատվություն եմ ինձ վրա զգում և գիտեմ, որ կարող եմ լինել նրա, ավելի ճիշտ արդեն նաև իմ ընտանիքի կողքին, սփոփել նրանց, ինքս էլ դրա կարիքն ունենալով, նրա քրոջ երեխաներին պատմել նրանց հերոս քեռու մասին, ում շատ են կարոտում և մտածում են, թե հետ կգա: Անասելի ցավ եմ զգում. ասում եմ, որ ինձ հերոս պետք չէր: Ինձ իմ հետախույզ, իմ սովորական քաղաքացի Հովն էր պետք: Երբեք չէի մտածի, որ ընդամենը 18 տարեկան լինելով՝ անասելի ցավ և անհավատալի կորուստ կունենամ:

Ես ուժեղ էի նրանով, ու հիմա էլ ինձ ուժ տվողը հենց ինքն է՝ իմ հերոսը: Նայում եմ նկարներն ու վիդեոները, կարդում եմ հին նամակները և այդպես կարոտս մի կես տոկոսով առնում եմ»,- ասում է արցախյան պատերազմում հերոսաբար զոհված արցախցի հետախույզի ընկերուհին:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close