Նորություններ

Չավուշօղլուն խոսել է ԼՂ-ից, Մինսկի խմբի գործընթացից և նորից սպառնացել Երևանին՝ «գլխին նոր արկածներ չբերել»

Թուրքիայում կրկին խոսել են Ադրբեջանի աջակցելու մասին՝ վերականգնելու «օկուպացիայից ազատագրված» հողերը։ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Küresel Medya-ին տված հարցազրույցում ասել է, որ Անկարան կմասնակցի նաև Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի դիտարկմանը, գրում է «Անադոլու» գործակալությունը։

«Չնայած հայկական կողմի ագրեսիվ գործողություններին՝ Ադրբեջանին հաջողվեց վերադարձնել տարածքների մեծ մասի նկատմամբ վերահսկողությունը։ 44-օրյա պատերազմի արդյունքում ստորագրվեց եռակողմ հայտարարություն, Բաքուն վերադարձրեց ԼՂ-ի հարակից 7 շրջանները»,- ասել է Չավուշօղլուն։

Նա նաև անդրադարձել է Մինսկի խմբի հետագա գործունեությանը՝ նշելով, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը մեծապես արտացոլում է այն գաղափարն ու սկզբունքները, որոնք առաջ են քաշվել հենց Մինսկի խմբի գործընթացի շրջանակում։ «ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է, անհրաժեշտության դեպքում, նորից իր դերակատարումն ունենալ։ Դրա համար համանախագահներն առաջին հերթին պետք է կառուցողական ու կոնկրետ մոտեցումներ որդեգրեն, դասեր քաղեն միջնորդության վատ մակարդակից, որն ավելի վաղ ցուցադրվել էր»,- հայտարարել է Չավուշօղլուն։

Կրկին խոսելով տարածաշրջանում երկարատև խաղաղության մասին՝ թուրք նախարարը սպառնացել է Հայաստանին։ «Թուրքիան Ռուսաստանի հետ միասին ստեղծել է մոնիթորինգային կենտրոն, որը նախատեսված է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումները  դիտարկելու համար։ Հրադադարը շատ կարևոր բաղկացուցիչ է, այն պիտի պահպանվի։ Մենք հայկական կողմից ակնկալում ենք պայմանավորվածությունների պահպանում։

Երևանը չպետք է իր գլխին նոր արկածներ փնտրի և աջակցի երկարատև քաղաքական կարգավորման ջանքերին՝ Բաքվի ինքնիշխանության ճանաչմամբ Ադրբեջանի՝ երբևէ «օկուպացված տարածքների» նկատմամբ»,- ասել է նա՝ հավելելով, որ եթե եռակողմ հայտարարությունը կյանքի կոչվի և Հայաստանի ու Ադրբեջանի երկխոսությունը բարելավվի, այն միանշանակ դրական ազդեցություն կունենա Անկարայի ու Երևանի հարաբերությունների վրա։

factor.am

Back to top button
Close