Նորություններ

ՄԻՊ-ը հորդորում է երեխաների լուսանկարները սոցիալական ցանցերում հրապարակելիս ցուցաբերել առավելագույն զգուշություն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հորդորում է երեխաների, հատկապես մանկահասակների լուսանկարներ «Ֆեյսբուք»-ում ու այլ սոցիալական ցանցերում հրապարակելիս ցուցաբերել առավելագույն զգուշություն: Սոցիալական ցանցի իր էջում Արման Թաթոյանը նշել է, որ դա խոցելի է դարձնում երեխային ու ծնողներին:

«Նկատի ունեցեք, որ դուք այդ քայլով կորցնում եք ձեր երեխայի լուսանկարի նկատմամբ մասնավորության (privacy) ակնկալիքը: Այն կարող է դառնալ այլ, ցանկացած մարդու սեփականություն հաջորդ վայրկյանից: Դա խոցելի է դարձնում երեխային ու նաև առաջին հերթին ձեզ` ծնողներիդ: Երբեք չեք կարող ենթադրել, թե ում կողմից և ինչ նպատակով կարող է երեխայի նկարն օգտագործվել: Ցավոք, սոցիալական ցանցերն ու, երևի թե, հատկապես «Ֆեյսբուք»-ը հեղեղված են վիրավորանքներով, ատելությամբ և այլ անօրինական երևույթներով»,-նշել է Արման Թաթոյանը:

Back to top button
Close