Նորություններ

«Գագիկ Ջհանգիրյանը երբեք իր գիտելիքները չի ծառայեցրել ՀՀ արդարադատությանը»

Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի համար առաջադրել է նախկին զինվորական դատախազ, «Մարտի 1»-ի գործով դատապարտված Գագիկ Ջհանգիրյանին:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի կարծիքով՝ իշխող ուժի կողմից նման թեկնածուի առաջադրումը սպասելի էր, որովհետև մենք դրա նախադեպը ունեինք.

«Երբ Սահմանադրական դատարանի դատավորներ էին առաջադրում, մենք տեսանք, թե ինչ կոռումպացված, նախկին իշխանության հետ լավ հարաբերություններ ունեցած կերպարներ էին առաջադրում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:
Վերջինիս խոսքով՝ քանի որ Գագիկ Ջհանգիրյանը տասը տարուց ավելի իր զբաղեցրած պաշտոնում չէ, հետևաբար նրա գործունեությունը շատերը չեն հիշում, և ինքը այստեղ օգտվում է այդ իրավիճակից:

Ժաննա Ալեքսանյան

«Օրինակներ չեմ ուզում բերել, թե ինչպես է աշխատել Ջհանգիրյանը զինվորական դատախազի պաշտոնում, որովհետև երբ օրինակ ես բերում, ուղղակի թուլացնում ես քո առաջ քաշած փաստարկը:
Ընդհանուր գնահատականը բացասական է եղել, շատ վատ է աշխատել:

Գագիկ Ջհանգիրյանը իր հասցեին հնչեցված մեղադրանքների վերաբերյալ ասաց՝ թող ինձ պատասխանատվության ենթարկեին և թող մյուսները բացահայտեին այդ քրեական գործերը: Դա սովորական մանիպուլյացիա էր, որովհետև եթե դու այդ համակարգում ես գտնվում, ո՞վ պետք է գար և արդարադատություն իրականացներ:

«Իմ քայլը» խմբակցությունը ասում է, որ նա պրոֆեսիոնալ, մասնագիտական հատկանիշներ ունի. ես էլ եմ համարում, որ ունի, բայց Գագիկ Ջհանգիրյանը երբեք իր պրոֆեսիոնալ գիտելիքները չի ծառայեցրել ՀՀ արդարադատությանը:

Լավ իրավաբան լինելը չի նշանակում, որ նա աշխատելու է իր գիտելիքներով:Մի օրինակ բերեմ, երբ զինծառայողը ռազմական ակադեմիան ավարտել էր գերազանցության դիպլոմով, բայց երբ հայտնվել էր զորամասում և այն դիրքում, որտեղ վառելանյութ էին վաճառքի հանում, երբ նա արգելեց վառելանյութի վաճառքը, նրան դաժան ծեծի ենթարկեցին, երբ նա բողոքեց, ևս մեկ ծեծ ստացավ հրամանատարական կազմից»,- հայտարարեց Ալեքսանյանը:

Իրավապաշտպանը հիշեցնում է 2003թ. դեկտեմբերի 24-ին տեղի ունեցած Մատաղիսի հայտնի գործը՝ նշելով, որ Ջհանգիրյանը այսօր շարունակում է մեղադրել Մատաղիսի գործով մեղադրյալներին, ինչը նշանակում է, որ ոչ թե մարդը, այլ զինվորը նրա համար արժեք չէ:

«Ես կարծում եմ, որ նման մարդուն անգամ չպետք է անգամ մոտ թողնել արդարադատությանը: Նա որպես զինվորական դատախազ ոչինչ չի արել, որ (գոնե 10%-ով) սպանությունները, մահվան դեպքերը բացահայտվեին, և այսօր չէին շարունակվի այդ նույն ոչ կանոնադրային հարաբերությունների արդյունքում տեղի ունեցող մահերը և այլն: Ոչինչ չի արել, որպեսզի փոխվի բանակում տիրող կրիմինալ մթնոլորտը»,-նշեց Ժաննա Ալեքսանյանը:

Իրավապաշտպանի կարծիքով՝ ոչինչ չի փոխվել դատական համակարգում, և դեռևս պարզ չէ, թե ներկա իշխանությո՞ւնն է իշխում դատական համակարգում, թե՞ նախկին, առհասարակ ում հսկողության տակ է դատական համակարգը:

«Ես մի բան եմ հասկանում, որ դատական համակարգը չի բարեփոխվելու, որովհետև եթե ուզում էին դատական համակարգը բարեփոխել, ինչպես ամանորի ուղերձում հնչեցրեց վարչապետը, ապա պետք է ցրեին ԲԴԽ կառույցը, որտեղ ընտրված դատավորները կոռումպացված կերպարներ են, և ԲԴԽ անդամի ընտրությունը համալրում է նույն այդպիսի կոռումպացված կերպարով»:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close