Նորություններ

«Ռուսաստանը չի առաջարկել Ադրբեջանին՝ հանձնել 7 շրջանները՝ մոռանալով Ղարաբաղի կարգավիճակի մասին». Պոպովը պատասխանել է Փաշինյանին

Ռուսաստանի ԱԳՆ կայքում հրապարակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Պոպովի պատասխանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հոդվածի վերաբերյալ․

Հարց. Հայաստանի վարչապետ Ն․ Վ․ Փաշինյանը հրապարակել է «44-օրյա պատերազմի ակունքները» հոդվածը։ Դրանում նշված է, որ ղարաբաղյան կարգավորման ռուսական առաջարկները չեն առնչվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին եւ հանգել են Ադրբեջանին 7 շրջան վերադարձնելու թեմային։ Կարո՞ղ եք մի քանի բառ հայտնել ռուսական առաջարկների վերաբերյալ։

Պատասխան. Ռուսական առաջարկների ներքո, հնարավոր է, նկատի է առնվում փուլային կարգավորման ծրագիրը, որի վերջին խմբագրումը կողմերին փոխանցվել է 2019 թվականի հունիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից։

Այդ պլանի հիմքում, որը հիմնականում համընկնում է կազանյան փաստաթղթին, ընկած են ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնց թվում են առաջին փուլում Ադրբեջանին 5 շրջանների վերադարձը, իսկ երկրորդում՝ երկուսը, ընդ որում, հատուկ ընդգծեմ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հետ կապակցված։ Առաջին փուլի՝ Երեւանի շահերն արտացոլող տարրերի թվում են Լեռնային Ղարաբաղի իրավունքի ճանաչումը, որը կապահովի այնտեղի բնակչության լիարժեք կենսագործունեության կազմակերպումը, ԵԱՀԿ նիստերին ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը, շրջափակման վերացումը, սահմանների բացումը, կողմերի՝ ուժի չկիրառման պարտավորության ստանձնումը և այլն։ Այդ պատճառով, պնդել, որ Ռուսաստանն առաջարկել է «հենց այնպես» վերադարձնել 7 շրջան, մոռանալ կարգավիճակի մասին ու հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի խնդրի լուծմանը, վերջին տարիներին բանակցային սեղանին դրված առաջարկները որպես վերջնական նպատակ նախատեսում էին Լեռնային Ղարաբաղի իրավական վերջնական կարգավիճակի որոշումը կողմերի միջեւ համաձայնեցված ժամկետներում, ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո համաժողովրդական քվեարկությամբ, որը կարտահայտի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությունը եւ կունենա իրավական պարտադիր բնույթ՝ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան: Ընդ որում, քվեարկության դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակ լինեն, իսկ քվեարկության ցանկացած արդյունք կողմերը պետք է հարգեն:

Ի դեպ, Լաչինի միջանցքի լայնությունն ու կարգավիճակը նույնպես ենթադրվում էր քննարկել միայն երկրորդ փուլում, հաշվի առնելով Ադրբեջանին Քելբաջարի եւ Լաչինի շրջանների վերադարձը:

Ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական կողմերը չեն մերժել այդ առաջարկները, թեեւ լիակատար համաձայնության հասնել չէր հաջողվում, բայց գլխավորը՝ բանակցությունները կանոնավոր տեղի էին ունենում: Ընդհուպ մինչեւ 2018 թվականը, երբ Երեւանը առաջ քաշեց նոր մոտեցումներ:

Back to top button
Close