Դավթյանը Կրասնովին խնդրել է Ադրբեջանի պահանջով հայ պաշտոնյաների հետախուզում չհայտարարել

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպում է ունեցել ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ։
«Ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը հիմքեր է ստեղծել շփման գծում կայունության ամրապնդման համար»,–ասել է Դավթյանը։
Դավթյանը քննարկման ընթացքում նշել է Ադրբեջանի իրավասու մարմինների կողմից հարուցված անհիմն քրեական հետապնդումների հիման վրա ՀՀ նախկին և ներկա պաշտոնատար անձանց նկատմամբ ԱՊՀ տարածքում ապօրինի հետախուզումների հնարավորության բացառման մասին:
Գլխավոր դատախազները քննարկել են իրավական փոխօգնության, էքստրադիցիայի ոլորտներում գործակցության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
Հանդիպման արդյունքներով Արթուր Դավթյանը և Իգոր Կրասնովը ստորագրել են ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև 2021-2022թթ. համագործակցության ծրագիրը։ Դրանով նախատեսվում են փորձի փոխանակմանն ուղղված համատեղ աշխատանքներ դատախազական հսկողության մի շարք ոլորտներում:
Իգոր Կրասնովի կողմից օրինականության ամրապնդման և միջազգային համագործակցության ոլորտում նշանակալի ավանդ ներդնելու համար ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պարգևատրվել է ՌԴ գլխավոր դատախազի պատվոգրով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կայացել էր եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների միջև, Դավթյանը բարձրացրել էր ռազմագերիների հարցը, կարևորել Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության 8–րդ կետի անհապաղ կատարումը, հայ ռազմագերիների և Ադրբեջանում պահվող այլ անձանց շուտափույթ վերադարձը, իսկ մինչ այդ նրանց իրավունքների ապահովման երաշխիքների տրամադրումը: