Նորություններ

«Կոմերսանտ». Ինչո՞ւ էին Մոսկվայում հանդիպել Իլհամ Ալիեւը, Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը

Հունվարի 11-ին Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հետ: «Կոմերսանտ»-ի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը ուշադրություն է դարձրել նրան, որ 4 ժամ տեւած բանակցությունների արդյունքում հայտարարություն է ստորագրվել, որը բանակցությունների սկզբում Նիկոլ Փաշինյանը մտադիր չէր ստորագրել:

Նույնիսկ առավոտյան վստահություն չկար, որ Հայաստանի վարչապետը Մոսկվա կժամանի: Նույնիսկ նրա անձնական պատրաստակամությունը որոշիչ փաստարկ չէր: Հայաստանից տեղեկություն ստացվեց, որ որոշ հայ էնտուզիաստներ մտադիր են խոչընդոտել նրա թռիչքին:

Չնայած դրան՝ ժամը 11:00-ին Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Մոսկվա ժամանեցին:

Ինչպես հայտնի է, բոլոր նրանք, ովքեր պետք է անձամբ հանդիպեն Վլադիմիր Պուտինի հետ, պարտավոր են կարանտին անցնել, սակայն պարոն Փաշինյանի եւ Ալիեւի դեպքում իրավիճակն այլ էր:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ռուս բժիշկների խմբեր են մեկնել Փաշինյանի եւ Ալիեւի մոտ մոսկովյան հանդիպման նախաշեմին, սակայն հրաժարվել է պատասխանել՝ ինչու են մեկնել, ասելով, որ ինքն արձակուրդում է մինչեւ հունվարի 16-ը:

Դժվար չէ կռահել՝ ինչու: Քիչ հավանական է, որ ռուս մասնագետները կվստահեին հայ եւ ադրբեջանցի գործընկերներին եւ կորոնավիրուսի PHK եւ հակամարմինների հայտնաբերման անալիզների արդյունքներին: Նրանք պետք է սեփական անալիզները հանձնեին: Եվ արդյունքները, հավանաբար, նրանց բավարարել են:

ՀՀ վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը հանդիպել են Կրեմլի ներկայացուցչական կաբինետում եւ սեղմել ՌԴ նախագահի ձեռքը, սակայն միմյանց ձեռքը չեն սեղմել (դա իսկապես չափից դուրս կլիներ): Ակնհայտ էր, որ Իլհամ Ալիեւը՝ մոտենալով Վլադիմիր Պուտինին, ցանկանում էր սահմանափակվել ձեռքսեղմամբ, սակայն, տեսնելով, որ Վլադիմիր Պուտինը ձգվում է դեպի նրա կողմը, ուժեղ էնտուզիազմով գրկախառնվել է Ռուսաստանի նախագահի հետ: Նույնը տեղի է ունեցել նաեւ ՀՀ վարչապետի դեպքում, որ կաբինետ է մտել ավելի ուշ:

Ընդ որում, Ադրբեջանի նախագահը գլխով է արել նրան:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը եւս ողջունել է՝ չնայած ոչ ցուցադրաբար, ասես ինքն իր համար:

Երբ նրանք նստել են սեղանի շուրջ անվտանգ հեռավորության վրա, պարոն Փաշինյանին բերել են նրա պորտֆելը, որից նա հանել է թղթեր մինչ Վլադիմիր Պուտինի խոսքը՝ չիմանալով, որ ՌԴ նախագահի ողջույնի խոսքից հետո նրանք կմտնեն հարեւան սենյակ եւ ստիպված կլինի կրկին հավաքել պորտֆելը:

Իլհամ Ալիեւը որեւէ թուղթ իր մոտ չի ունեցել: Հավանաբար, դժվար չէր հիշել իր զավթած տարածքների անվանումները:

Նրա համար բանակցությունների նպատակը եւս մեկ անգամ իր հաղթանակը հիմնարար կերպով ֆիքսելն էր:

Թե որն էր Նիկոլ Փաշինյանի նպատակը, կարող էր պատմել միայն ինքը: Այցից առաջ նա այդ մասին, հավանաբար, պատմել է Հայաստանում իր աջակիցներին եւ հակառակորդներին, որ հայ առյուծներին ադրբեջանական գերությունից դուրս բերելու համար նա պատրաստ է հանդիպել նույնիսկ սատանայի հետ:

Ընդ որում, շատերն այդ փաստարկն ընդունել են որպես թույլ փորձ՝ արդարացնելու այդ սատանայի հետ հանդիպումը: Իրականում, ասում են, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես ի վիճակի չէ մերժելու Վլադիմիր Պուտինին:

Վլադիմիր Պուտինը հասկացրել է, որ մինչ այդ՝ նոյեմբերին, նա իր գործընկերներին հրավիրել է Մոսկվա՝ առաջարկելով այդ նույն հայտնի բանակցությունները.

«Մենք Ձեզ հետ միասին մշտական կապի մեջ ենք եղել, միասին փոխզիջումներ ենք փնտրել: Մեր ընդհանուր ջանքերի շնորհիվ նոյեմբերի 9-ին ստորագրվեց եռակողմ հայտարարությունը: Այդ փաստաթղթում, ինչպես հայտնի է, խոսքն առաջին հերթին մարտական գործողությունների լիարժեք դադարեցման, տարածաշրջան ռուս խաղաղապահներ ուղարկելու մասին է, եւ հատկապես կարեւոր է զինված բախումներից տուժած խաղաղ բնակչությանն օգնություն ցուցաբերելն ու նորմալ կյանքի վերադարձնելը»:

ՌԴ նախագահը պարզաբանել է, թե ինչով է ղեկավարվել այդ որոշիչ բանակցություններում.

«Այսօր կարելի է բավարարությամբ հաստատել, որ եռակողմ պայմանավորվածությունները հետեւողականորեն իրականացվում են:

Մեր համոզմամբ՝ դա անհրաժեշտ նախադրյալներ է ստեղծում արդար հիմքով հակամարտության լիաֆորմատ եւ երկարաժամկետ կարգավորման համար՝ ի շահ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների»:

Այստեղ առանցքային բառակապակցություն է «արդար հիմքով»: Այսինքն՝ նա ղեկավարվել է արդարության մասին պատկերացումներով. 30 տարի առաջ գրավվածը պետք է հանձնվեր, իսկ ուրիշինը (այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը, որը, կարծես, խնդրում է հայտնվելու լավ ձեռքերում) այս անգամ վերցնել պետք չէր, որպեսզի 30 տարի անց ստիպված չլինեն վերադարձնել:

«Լեռնային Ղարաբաղում շփման գծում եւ Լաչինի միջանցքի երկայնքով հրադադարի պահպանման վերահսկման համար հայկական եւ ադրբեջանական կողմերի խնդրանքով ռուսական խաղաղապահ զորախումբ է տեղակայվել: Հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկման արդյունավետ համակարգ է ստեղծվել: Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում 23 դիտակետ կա, իսկ չորս լրացուցիչ դիրքեր պատասխանատու են միջանցքի երկայնքով երթեւեկության անվտանգության համար: Այժմ իրավիճակը տարածաշրջանում հանգիստ է: «Մենք շատ բան ենք անում ներքին տեղահանված անձանց եւ փախստականների անվտանգ վերադարձի համար: Նոյեմբերի 14-ից մինչ օրս ավելի քան 48 հազար մարդ արդեն վերադարձել է Ղարաբաղ: Ռուսաստանի միջնորդությամբ իրականացվել է գերիների եւ զոհվածների մարմինների փոխանակում»,-շարունակել է ՌԴ նախագահը:

Վերջին արտահայտությունը կարելի էր մեկնաբանել այնպես, որ ըստ ռուսական կողմի` փոխանակումն ավարտվել է:

«Կարծում եմ, որ այսօր կարեւոր կլիներ առաջին հերթին նախանշել կարգավորման առանցքային ոլորտների հետ կապված հետագա քայլերը, որոնք նախանշված են նախորդ տարվա նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությունում: Ես նկատի ունեմ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի գործունեության, սահմանազատման գծերի հստակեցման, հումանիտար խնդիրների լուծման, մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանության հետ կապված հարցերը»,-ասել է Պուտինը:

Այսինքն, հաստատելով օրակարգը, նա ռազմագերիների փոխանակման մասին ոչինչ չի ասել:

Փակ բանակցություններից 4 ժամ հետո դրանց երեք մասնակիցները դուրս եկան… կցանկանայի գրել մամուլի առաջ, բայց չէ՞ որ այնտեղ ոչ մի մամուլ չկար: Այսինքն նրանք դուրս եկան բարձրախոսների առաջ: Եվ դա հետաքրքիր էր: Քանի որ, «Ъ»-ի տեղեկություններով, մինչեւ բանակցությունների սկիզբը հայկական կողմը կտրականապես հրաժարվել էր որեւիցե հայտարարությունից եւ ցանկացած փաստաթուղթ ստորագրելուց: Իսկ հիմա, պարզվեց, նաեւ փաստաթուղթ է ստորագրվել:

Սա վկայում է այն մասին, որ Մոսկվայում Նիկոլ Փաշինյանին, պարզվում է, այնքան էլ դժվար չէ զսպել:

Եվ հիմա նրանք կանգնած էին բարձրախոսների առաջ՝ արդեն ոչ մի հեռավորություն չպահպանելով, եւ առաջինը կրկին խոսեց պարոն Պուտինը (իսկ պարոն Փաշինյանը, պատրաստվելով սեփական ելույթին եւ, հավանաբար, նյարդայնանալով, ակտիվորեն հարթում էր իր երկու կողքերը եւ գրպանները).

— Նախեւառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին՝ ե՛ւ Ադրբեջանի նախագահին, ե՛ւ Հայաստանի վարչապետին, որ համաձայնվեցին այսօր գալ Մոսկվա, հանդիպել՝ քննարկելու անցյալ տարվա նոյեմբերի 9-ի մեր խաղաղ համաձայնագրի պայմանների կատարման հետ կապված հարցերը: Այսօրվա հանդիպումը համարում եմ բացառիկ կարեւոր եւ օգտակար, քանի որ մենք կարողացանք պայմանավորվել եւ ստորագրել ենք համատեղ հայտարարություն տարածաշրջանում իրավիճակի զարգացման կապակցությամբ:

Պարոն Պուտինի համար նույնպես ակնհայտ չէր, որ կհաջողվի նման հայտարարություն ստորագրել:

— Նկատի ունեմ տնտեսական կապերի կառուցման, ենթակառուցվածքային նախագծերի զարգացման կոնկրետ քայլերը,- շարունակեց նա: — Այս նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ, որը կղեկավարեն երեք կառավարությունների՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի փոխվարչապետները: Նրանք մոտ ժամանակում կստեղծեն աշխատանքային փորձագիտական ենթախմբեր, կներկայացնեն տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների եւ տնտեսության զարգացման կոնկրետ ծրագրեր:

Իլհամ Ալիեւի ելույթը խաղաղասեր էր: Դրանում կարող էին պարունակվել բազմիմաստ ակնարկներ, այդ թվում՝ նաեւ հայկական ինքնասիրության համար վիրավորական, եւ նույնպիսի բնույթի թերասացություններ, բայց համարեք, որ չեն պարունակել:

— Այն հայտարարությունը, որն այսօր ստորագրվել է, վկայում է մեր մտադրությունների մասին: Քանի որ ռազմական գործողությունների դադարեցման արդյունքներով հայտարարության կետերից մեկը տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակումն էր,- զեկուցեց Իլհամ Ալիեւը:

Նրա համար տրանսպորտային հաղորդուղիների թեման այդ հայտարարության մեջ գլխավորն էր:

Եվ միայն մեկ ամգամ Իլհամ Ալիեւն իրեն չզսպեց.

— Այս ամենը վստահություն է ներշնչում, որ, ինչպես Վլադիմիր Վլադիմիրովիչը մի անգամ ասաց, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնացել է անցյալում…

Այս բառերի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անգամ շրջվեց եւ աչքերը գետնին հառեց: Նրան այս գաղափարը դուր չէր գալիս: Նա չէր համարում, որ այդ ամենը հիմա անցյալում է, այդ թվում, նշանակում է, նաեւ ինքը:

Եվ Հայաստանի վարչապետը մինչեւ խոսել սկսելը խորը եւ ծանր շունչ քաշեց:

— …Ցավոք, այս հակամարտությունը մինչեւ հիմա կարգավորված չէ… Մնում են, իհարկե… հըմ… Մեզ հաջողվել է ապահովել հրադադարի ռեժիմը…- տատամսում էր Հայաստանի վարչապետը: — Դեռեւս շատ հարցեր կան, որոնք պետք է լուծել: Այդ հարցերից մեկն է կարգավիճակային… Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը…

Իլհամ Ալիեւի համար այդպիսի հարց չկա: Իսկ Նիկոլ Փաշինյանը ցանկանում էր ասել, տատանվելով եւ արտահայտությունները փնտրելով, որ իր եւ իր երկրի համար ոչ մի բան չի ավարտվել, այլ ուղղակի դադարել են կրակել՝ հավանաբար, ժամանակավորապես:

Բայց դրանք ներքին օգտագործման, այսինքն՝ Հայաստանի համար նախատեսված բառեր էին: Իրականում նրան այսօր կրկին համոզել էին բոլոր կետերով, որոնցով ցանկացել էին:

— Եվ մենք, իհարկե… Հայաստանը պատրաստ է բանակցությունները շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, մասնավորապես այդ հարցով,- հավելեց Հայաստանի վարչապետը: — Ցավոք, մեզ այսօր չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը, եւ սա ամենազգայուն ու ցավոտ հարցն է: Քանի որ սա հումանիտար հարց է, եւ մենք պայմանավորվել ենք, որ այս ուղղությամբ աշխատանքը շարունակելու ենք (նա վերջապես նայեց նաեւ Իլհամ Ալիեւի կողմը.- Ա. Կ.): Մենք մասնավորապես կարծում ենք, որ մեր համատեղ հայտարարության կոնկրետ 8-րդ կետը, ցավոք, ամբողջությամբ չի կատարվում (սա հենց ռազմագերիների եւ զոհվածների մարմինների փոխանակման մասին կետն է.- Ա. Կ.): Ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի կարճ ժամկետում գալ կոնկրետ լուծման: Բայց վպետք է ասեմ, որ այն հայտարարությունը, որը մենք այսօր ստորագրել ենք, իսկապես շատ կարեւոր է, եւ չեմ թաքցնի, որ այս հայտարարության պայմանավորվածությունների իկրականացումը կարող է ուղղակի փոխել մեր տարածաշրջանի տնտեսական կերպարը (նրանցից յուրաքանչյուրն ասում էր «մեր տարածաշրջան», բայց, այնուամենայնիվ, ենթադրում էին, ըստ ամենայնի, ոչ Լեռնային Ղարաբաղը.- Ա. Կ.), եւ տնտեսական նորամուծությունները կարող են հանգեցնել անվտանգության ավելի հուսալի երաշխիքների, եւ մենք, իհարկե, պատրաստ ենք այդ ուղղությամբ կառուցողական աշխատելու, բայց, ինչպես ասացի, մեկ հանդիպման ընթացքում անհնար է բոլոր հարցերը լուծել: Եվ ես հույս նունեմ, որ մենք հետագայում եւս առաջ կընթանանք, եւ մեզ համար, ցանկանում եմ եւս մեկ անգամ ընդգծել, այս պահին ամենագլխավոր հարցը հումանիտար հարցերն են, ռազմագերիների փոխանակման հարցերը, որոնք նախատեսված են նոյեմբերի 9-ի կամ 10-ի մեր համատեղ հայտարարության 8-րդ կետով (մոսկովյան եւ հայ-ադրբեջանական ժամանակն այս իրավիճակում մեկ օրով տարբերվում է.- Ա. Կ.):

Սա ասելով՝ Նիկոլ Փաշինյանը, որը հայրենակիցների եւ իր սեփական աչքերում պայքարեց ռազմագերիների համար, մեկնեց օդանավակայան, իսկ Իլհամ Ալիեւը մնաց Կրեմլում:

Եվ Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ հանդիպեց հիմա արդեն դեմ առ դեմ («Ъ»-ի տեղեկություններով՝ սա նախօրոք էր պայմանավորված): Նա շտապելու պատճառ չուներ: Թվում է, թե նա մինչեւ հիմա ցանկացած առիթ օգտագործում է, որ ավելորդ անգամ վայելի իր հաղթանակը:

Իլհամ Ալիեւը մանրամասներ հայտնեց հենց նոր ստորագրված հայտարարությունից.

— Հայտարարությունն ուղղված է մեր տարածաշրջանում միանգամայն նոր իրավիճակի ստեղծմանը, տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակմանը: Մեզ համար սա մեծ նշանակություն ունի, քանի որ այդ կերպ ավելի քան 30 տարի հետո Ադրբեջանը տրանսպորտային հաղորդուղիների միջոցով Հայաստանի տարածքով հաղորդակցություն կունենա Ադրբեջանական Հանրապետության Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ: Հայաստանը Ադրբեջանի տարածքով եկաթուղային ելք կունենա դեպի Ռուսաստան, Իրան: Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջոցով մենք նաեւ ելք կունենանք դեպի թուրքական շուկա: Նաեւ կմիավորվեն թուրքական եւ ռուսական երկաթուղային զարկերակները: Այսինքն՝ հայտարարությունը ահռելի հեռանկարներ է բացում:

Այսինքն՝ նրանք Վլադիմիր Պուտինի հետ, հավանաբար, համարում են, որ այս հայտարարությամբ ցեմենտել են նախորդը՝ նոյեմբերի 9-10-ինը:

Դրանից հետո պետք է ընդհանրապես պատերազմի մասին խոսելու ժամանակ չլինի եւ առավել եւս չլինի մինչեւ բուն պատերազմը: Մնում է հասցնել օգուտներ քաղել 30 տարի առաջ գոյություն ունեցած տրանսպորտային զարկերակների ապաշրջափակումից եւ նորերի կառուցումից:

— Իսկ իրավիճակը, որը ստեղծվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ ստեղծվել է երկար տարիների ընթացքում, վերջնարդյունքում կարգավորվել է, եւ ես համոզված եմ, որ հայկական կողմից ոչ մի փորձ չի լինի վերանայելու նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որպեսզի երկու ժողովուրդներն էլ կամք եւ իմաստություն գտնեն իրենց մեջ մտածելու ապագայի եւ հաշտության մասին,- ավարտեց Իլհամ Ալիեւը:

Այսինքն՝ եւս մեկ անգամ չկարողացավ իրեն զսպել:

news.am

Back to top button
Close