Վրաստան. նոր ժամանակների սպասումով ապրող երկիր

«Առաջ` դեպի Վրաստան»

Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալներով, արդեն  այս տարվա առաջին 4 ամիսներին Հայաստանից 250 հազար այցելու է մեկնել այդ երկիր: Վրաստանը նաեւ թուրք և ադրբեջանցի տուրիստների նախընտրելի հանգստավայրերից  է, որոնք ցուցակում առաջին տեղերում են, հայերը` 3-րդ , իսկ ռուսները 4-րդն են: Վերջին 1-2 տարիների ընթացքում կտրուկ աճել է նաեւ Վրաստան այցելող եվրոպացիների թիվը` հատկապես շատ են ուկրաինացիները, լեհերը, բելառուսներն ու մերձբալթյան երկրների զբոսաշրջիկները: Ի դեպ, ի տարբերություն հայերի, նրանք նախապատվություն չեն տալիս ծովափնյա հանգստին:

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին առանձնացրել էր տնտեսության հիմնական երեք ճյուղեր, որոնց զարգացման միջոցով, ըստ նրա,  առաջիկա տարիների ընթացքում կրկնապատկվելու էր երկրի բնակչության մեկ շնչի հաշվով եկամտի մակարդակը: Դա առաջին հերթին տուրիզմն է, գյուղատնտեսությունը և ենթակառուցվածքները: Դրանց զարգացման ուղղությամբ վերջին տարիներին հսկայական աշխատանք է տարվել: Բացառություն կարելի է համարել միայն գյուղատնտեսությունը, որի զարգացման գործն իր վրա է վերցրել նոր կառավարությունը: Ի դեպ, հին եւ նոր իշխանությունների հակամարտությունը սովորաբար շրջանցում է մեկ ոլորտ` դա զբոսաշրջությունն է, որը քաղաքական ու կուսակցական ոտնձգություններից զերծ է: Վրաստանի արտաքին քաղաքական ուղեգիծը եւս էականորեն նպաստում է այդ ոլորտի զարգացմանը:

Թբիլիսիի Եվրոպայի հրապարակի շինարարությունն ավարտված չէ, սակայն արդեն գրավում է հազարավոր զբոսաշրջիկների: Տարածքն հատկապես մարդաշատ է երեկոյան ժամերին: Գալիս են ընտանիքներով, ընկերներով: Սա նաեւ եվրոպացի պրոֆեսիոնալ լուսանկարիչների եւ ռեժիսորների սիրելի վայրերից է դարձել:

Նոր իշխանությունները եւս տուրիզմի զարգացումը համարում են տնտեսության առաջնահերթություններից: Նոր նախագծերի թիվն ավելանում է, սպասարկումն ու ծառայությունները բարելավվում. գովազդով զբաղված են բոլորը` տուրօպերատորները, հյուրանոցատերերը, սովորական բնակիչներն ու անգամ մաքսավորները, ովքեր սահմանային ուղեկալի մոտ արդեն, լայն ժպիտով եւ բարի խոսքերով են դիմավորում հյուրերին` հատկապես եվրոպացիներին:

Կա ժողովրդական տուրիզմ հասկացությունը, որով ներգրավում են հասարակության ավելի լայն զանգվածների: Եվրոպացիներից բոլորը չէ, որ ապահովված խավի ներկայացուցիչ են. դա եւս վրացիները հաշվի են առել: Ի դեպ, նրանք խնամքով են վերաբերվում պատմական, ճարտարապետական ու մշակութային հուշարձաններին, որոնք եւս գրավում են Վրաստան այցելող հյուրերին: Հայկական եկեղեցիներն այդ ցանկում են:

Չնայած ենթակառուցվածքների նորացման եւ տուրիզմի զարգացման ուղղությամբ իրականացված ծրագրերին, Վրաստանում դեռեւս հսկայական աշխատանք կա կատարելու`սոցիալական վիճակը բարելավելու ուղղությամբ: Զբաղվածության հարցը օրակարգային է, նաեւ ցածր են աշխատավարձն ու կենսաթոշակը:

Անկախ այդ երկրում առկա բազում տնտեսական եւ քաղաքական խնդիրներից, տուրիզմն ամեն տարի քայլ առաջ է անում: Եվ չնայած վերջին տարիներին Հայաստանի կառավարությունը զբոսաշրջությունը գերակա ուղղություն է հռչակել, ամառային արձակուրդներին հայաստանցիները կրկին հավաքում են ճամպրուկները եւ հատում սահմանը: Ու ամեն տարի մենք ցավով փաստում ենք, որ հայաստանցիների մեծամասնության համար մեր հանգստավայրերը դեռեւս անհասանելի են՝ բարձր գների ու անհամապատասխան սպասարկման պատճառով:

Back to top button