ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Մինչև հիմա ականջներումս նրա ծիծաղն է, նրա ձայնը. ի՞նչ իմանար, որ այդ նույն գիշերը հակառակորդի ԱԹՍ-ից զոհվելու է»

«Արայիկս եղել է աշխարհի ամենալավ ամուսինը, ամենահոգատար հայրը, ամենաազնիվ ընկերը։ Նա մարդ էր, ում համար ընտանիքը առաջնայինն էր։

Պատերազմը փոխեց ամեն ինչ՝ ինձ, մեր կյանքը։ Պատերազմը ինձնից ու երեխաներից խլեց Արայիկին՝ մարդու, առանց որի կյանքն էլ առաջվա գույներն ու իմաստը չունի։ Կորցրեցի մեր ծննդավայրը՝ Հադրութը, ու մեր տունը»,-  ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում քաջաբար զոհված 33-ամյա մայոր Արայիկ Աբաղյանի կինը՝ Լիլիթ Հովակիմյանը։

Հերոսի կինն ասում է՝ պատերազմից հետո չփոխվեցին միայն մեր նպատակները.

«Որովհետև մեր 3 բալիկների հետ ունեինք առանձին ծրագրեր, երազանքներ, որոնք ես ստիպված պետք է մենակ շարունակեմ։ Ես խոստացել եմ…»։

Լիլիթ Հովակիմյանը պատմում է. «Արայիկը բարձրաստիճան սպա էր, տանկային գումարտակի շտաբի պետ, կոչումով՝ մայոր։

Պատերազմի հենց սկզբից գումարտակը տեղակայվել է Աղդամի ուղղությամբ, հետո տեղափոխել են Ջեբրայիլի, Հադրութի, Ֆիզուլիի ուղղություններով։

Արայիկի հետ վերջին անգամ խոսել եմ հոկտեմբերի 12-ին։ Մինչև հիմա ականջներումս  նրա ծիծաղն է, նրա ձայնը, երբ վստահ ասում էր, որ 2 օրից գալու է, որովհետև ահավոր կարոտել էր իր չարաճճի բալիկներին, իր գեղեցկուհի Մանեին։ Ի՞նչ իմանար, որ այդ նույն գիշերը ժամը 1։00-2։00-ի կողմերը  հակառակորդի ԱԹՍ-ից զոհվելու է։

Ամուսինս զոհվել է Կարմիր շուկա-Ֆիզուլի տարածքում»,- պատմում է զոհված սպայի կինը։

Լիլիթ Հովակիմյանն ասում է, որ հպարտ է, որ Արայիկի  կինն է.

«Հպարտ ու շնորհակալ եմ նրան՝ համատեղ ապրած ինը գեղեցիկ ու հեքիաթային տարիների համար։ Նա միշտ մեր սրտերում է, մեր հոգում, մեր մտքերում»։

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close