Նորություններ

«Առաջիկա օրերին էլ պայմանավորվածություն ձեռք կբերվի որոնողական աշխատանքները շարունակելու համար. բանակցությունները վարում են Կարմիր խաչը և ռուսական անձնակազմը». Հունան Թադևոսյան

Արցախի ԱԻՊԾ-ն աշխատելու է առաջիկա ոչ աշխատանքային օրերին, և հենց այս պահին էլ անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են:

168.amի հետ զրույցում ասաց ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Հենց հիմա էլ շարունակվում են: Փրկարարական 3 ջոկատ այս պահին աշխատում է Մարտունու և Մարտակերտի շրջաններում, ինչպես նաև Մեխակավանում (Ջաբրաիլ): Ծառայության տնօրենի նախաձեռնությամբ, փրկարարական ջոկատների հետ որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները, ինչպես նաև տեղանքին ծանոթ ուղեկցողները: Առաջիկա օրերին  էլ պայմանավորվածություն ձեռք կբերվի, այսպես կոչված, տոնական օրերին որոնողական աշխատանքները շարունակելու համար»,-նշեց նա:

Դիտարկմանը` այսինքն, առաջիկա օրերին  որոնողափրկարարական աշխատանքները շարունակելը պայմանավորված է ադրբեջանական կողմի հետ բանակցությունների արդյունքից, Հունան Թադևոսյանը պատասխանեց. «Օրինակ, այսօրվա համար պայմանավորվածություն կա, վաղը  չգիտեմ` կլինի՞, թե չլինի:  Բայց մեր խմբերը պատրաստ են:  Մենք աշխատելու ենք առաջիկա օրերին: Բանակցությունները վարում են Կարմիր խաչը և  ռուսական անձնակազմը, եթե թույլտվություն լինի, հավելյալ կտեղեկացնենք»:

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը տեղեկացրեց, որ նոյեմբերի 13-ից դեկտեմբերի 30-ի դրությամբ հայտնաբերվել է 1135 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ:

Back to top button
Close