Նորություններ

Դա կլինի լավագույնը, որ կարող ենք անել՝դուրս գալով փոխադարձ մեղադրանքների եւ ատելության այս փակ շրջանից. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ուղերձ է հղել, որոըմ ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Անցնող տարին մեր պատմության ամենադաժան էջերից էր. հետեւանքները դեռ երկար ժամանակ զգալու եւ փորձելու ենք հաղթահարել։

Նախ, կորոնավիրուսի համավարակը խլեց մեր բազմաթիվ հայրենակիցների կյանքերը ու դեռ շարունակում է տարածվել՝ թուլացնելով նաեւ տնտեսության առանց այդ էլ խարխուլ հիմքերը։

Այնուհետեւ, տարիներ անց մեր ժողովուրդը կրկին ստիպված եղավ ուղիղ նայելու պատերազմի անողոք աչքերին՝ ընդունելով մարտահրավերը եւ զոհելով ամենաթանկը՝ իր հազարավոր զավակների կյանքն ու առողջությունը։

Սիրելի՛ ժողովուրդ, այս արյունալի փուլում մենք կրկին միասնական էինք ընդդեմ արհավիրքի, ընդդեմ թշնամու, ընդդեմ մահի։

Այժմ էլ պետք է լինենք միասին՝ մեզ բաժին մնացած հողի վրա կառուցելու համար երկիր, որտեղ ապահով ու երջանիկ կապրեն մեր զավակները։ Դա կլինի լավագույնը, որ կարող ենք անել թե՛ նրանց, թե՛ անձամբ մեզ համար՝ դուրս գալով փոխադարձ մեղադրանքների եւ ատելության այս փակ շրջանից։

Մխիթարանքի խոսքեր չկան ասելու որդեկորույս մայրերին, ամուսին ու ծնող կորցրած ընտանիքներին, անհետ կորած մեր որդիների ընտանիքներին, աննկարագրելի է գերի ընկած մեր զինծառայողների եւ քաղաքացիների ընտանիքների սպասումը։ Նրանց բոլորի հետ սպասում ենք բոլորս, ուրախանում ենք բոլորս, սգում բոլորս…

Սիրելիներս, կոչ եմ անում այս Նոր տարի առանձնակի ուշադիր լինել ու աջակցել զոհված, վիրավոր, գերի ընկած կամ անհետ կորած մեր զինծառայողների եւ մյուս հայրենակիցների ընտանիքներին։ Նրանք տվել ու կորցրել են ավելին, քան մեզանից յուրաքանչյուրը, եւ այդ ընտանիքների հոգսը հոգալը, ցավի հետ միայնակ չթողնելը նվազագույնն է, որ կարող ենք անել իրենց կյանքը, առողջությունն ու ազատությունը զոհած մեր եղբայրների համար։

Իհարկե այս դժվարին ժամանակներում, երբ շատերիս հնարավորությունները սուղ են, դժվար է անել այն ամենը, ինչ մեր սրտի ցանկությունն է։

Սակայն իմ անձնական խնդրանքն է մեր բոլոր հայրենակիցներին, որ հիմա, ինչպես երբեք, լինենք միասնական, լինենք ուժեղ ու նայենք հետ՝ դասեր քաղելու եւ չմոռանալու համար, նայենք առաջ՝ մեր ընտրած ճանապարհով արժանի լինելու մեզ համար իրենց զոհաբերած մեր լույս զավակների սխրանքին։

«Լուսավոր Հայաստանը» եւս այս օրերին կատարելու է այն, ինչ այժմ առաջարկում եմ բոլորին։

Աստված պահապան Հայ Ժողովրդին։

Back to top button
Close