Նորություններ

18-ամյա Արենը չէր զոհվի, եթե ունենար զրահաբաճկոն․ հայրը դիմելու է դատարան. asparez.am

Զոհված եւ անհետ կորած զինծառայողների ծնողները պատասխանատվության են կանչում մեղավորներին

Գորիսեցի Արեն Միրզոյանը երկու տարեկանից բնակվել է Ղարաբաղում։ Դպրոցն ավարտել է գերազանց առաջադիմությամբ։ Հայրը՝ Կարեն Միրզոյանը, պատմում է, որ ամռանը հանձնած ընդունելության քննությունների արդյունքում որդին ընդունվել է ԵՊՀ-ի Ֆիզիկայի բաժնի անվճար համակարգ եւ անմիջապես զորակոչվել բանակ։ «Նա նույնիսկ չի հասցրել իմանալ, որ ընդունվել է, եւ ընդունվել է անվճար համակարգ»,-ավելացնում է հայրը։ Արենի ծնողներին նախապես տեղեկացրել են, որ երեխան բարձր առաջադիմություն ունենալու համար անցնելու է նախապատրաստական փուլ՝ Հակաօդային պաշտպանության զորքերում, սակայն փոխվել է ընթացքը։

«Մենք փաստաթուղթ ստորագրեցինք, համաձայն որի Արենը պետք է անցներ նախապատրաստության, սակայն մեզ ամսի 8-ին զանգեցին, ասացին, որ դուք 13-ին եք գալու»,-պատմում է Կ․Միրզոյանն ու որդու զորակոչային գործընթացում հավանական համարում կոռուպցիոն ռիսկերը։

Որդին ծառայել է Արցախում․ ծառայության ընթացքում ծնողներն իմացել են անգամ, որ տափաշիշը կափարիչ չունի, թնդանոթի հետ աշխատելիս զինվորն ապահովված չէ ականջակալով եւ այլն։

Պատերազմի ընթացքում 18-ամյա Արենն ընդամենը եղել է 72 օրվա ծառայող։ «Ընդամենը 2-3 անգամ է թնդանոթի հետ գործ ունեցել»,-ասում է հայրը։ Արենին տարել են առաջնագիծ, նա զոհվել է ներքին օրգանների վնասման հետեւանքով։ Հայրը վստահ է՝ եթե որդին զրահաբաճկոն ունենար, չէր նահատակվի։

«Անվտանգության ապահովության միջոցներ չեն ունեցել, զրահաբաճկոն չունեին, զոհվել է ներքին օրգանների վնասումից, այսինքն՝ ակնհայտ է, որ եթե զրահաբաճկոն տրամադրեին, ինքը կփրկվեր․ չունեին ականջակալ, պատկերացնո՞ւմ եք, թնդանոթից հարվածներ կատարողները չունեին ականջակալ, ինչը նաեւ խսիտ դատապարտելի է։ Իրենք բողոքել են, ասել՝ ինչո՞ւ մեզ չեք տրամադրում ականջակալ, պատասխանել են՝ ձեզ չի հասնում։․․․ Ես ծառայել եմ բանակում, հասկանում եմ, որ պիտի տղա երեխան ծառայի, պետք է պաշտպանի հայրենիքը, ինքը ստորագրել է՝ կյանքս տամ, բա պետություն, հրամանատար, դուք ինչո՞ւ ձեր աշխատանքները պատշաճ չեք կատարել, որպեսզի մարդիկ ապահովագրված լինեին։ Չենք համակերպվում, հասկանո՞ւմ եք, երազ էր, եկավ անցավ․․․ մարդիկ պատասխան պետք է տան»,-ասում է որդեկորույս հայրը եւ ավելացնում՝ մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության։

Մանրամասները` սկզբնաղբյուրում։

Back to top button
Close