Նորություններ

Իրանում կարծում են, որ իշխանությունները հայկական կողմին պետք է օգնեին հաղթելու Ադրբեջանին. փորձագետ

Արցախի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական իրադարձությունները եւ դրանց հաջորդած Արցախի պարտությունը Իրանում ոչ միանշանակ են ընկալում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուս-հայկական համալսարանի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը:

«Մի կողմից՝ որոշ արմատական շրջանակներ դրան դրական են վերաբերվում, քանի որ, նրանց կարծիքով, «ավելի վաղ Հայաստանի կողմից օկուպացված իսլամի տարածքները» ընդարձակվել են: Ինչպես հայտնի է, իսլամում երկու հասկացություն կա՝ իսլամի տարածք եւ պատերազմի տարածք: Ըստ այս մոտեցման՝ պատերազմի տարածքը վերածվել է իսլամի տարածքի: Նշված շրջանակների համար պետությունը (Ադրբեջան), որի բնակչության մեծամասնությունը շիական իսլամ է դավանում, հաղթել է: Մյուս կողմից՝ Իրանը հիմա կանգնած է անվտանգության հարցերին առնչվող մեծ մարտահրավերների առջեւ: Հյուսիսում այն ռազմավարական խորությունը, որը կար մինչեւ Արցախում պատերազմը, արդեն չկա, մասնավորապես՝ այնտեղ հայտնված ջիհադիստական տարրերով, Իսրայելի (այս կամ այն չափով) եւ, իհարկե, Թուրքիայի դերի ուժեղացմամբ պայմանավորված: Սա շատ է մտահոգում Իրանին: Պատահական չէր իրանական հանրության անչափ բուռն բացասական արձագանքը Բաքվում շքերթի ժամանակ Էրդողանի բանաստեղծությանը՝ այն ակնարկներով, որ Արաքսից հարավ ընկած տարածքները Ադրբեջանի հողերն են: Հետեւեցին Իրանի ԱԳՆ ղեկավարի եւ խորհրդարանի խոսնակի համապատասխան հայտարարությունները: Այլ խոսքով՝ Իրանի հյուսիսում իսլամի տարածքի ընդարձակումը խնդիրների է հանգեցրել Իսլամական Հանրապետության անվտանգության համար, եւ նրա համար անդորր ժամանակներն արդեն հետեւում են մնացել»,- նշեց նա:

Փորձագետի խոսքով՝ ազգայնականորեն տրամադրված շրջանակները, իրանական ընդդիմությունը իշխանություններին մեղադրում են այն բանում, որ կառավարությունը չօգնեց Հայաստանին, չնայած Թեհրանը, նրանց համոզմամբ, ամբողջ ուժով պետք է օգներ հայկական կողմին եւ նպաստեր Ադրբեջանի դեմ նրա հաղթանակին:

«Ինչ վերաբերում է Իրանի եւ Թուրքիայի հարաբերություններին, ապա նրանք, ինչպես եւ Ռուսաստանն ու Թուրքիան, «երդվյալ» բարեկամներ են: Պաշտոնապես հարաբերությունները զարգանում են, բայց իրականում Թեհրանի եւ Անկարայի միջեւ կա խորը անբարյացակամություն, փաստացի բոլոր հարցերում ռազմավարականորեն բացարձակապես չհամընկնող շահեր»,- հավելեց Ասատրյանը:

Back to top button
Close