ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Վերջին խոսակցության ժամանակ ասացի՝ Հով, չվախենաս, ջղայնացավ վրաս… ես իմ սիրտը թողել եմ սառը հողի մեջ, որ ջերմացնի իրեն»

«Եղբայրս զորակոչվել է 2019թ. դեկտեմբերի 23-ին, ծառայում էր Հադրութի զորամասում, 9 ամսվա ծառայող էր արդեն, երբ սկսվեց պատերազմը։ Երբեք չի դժգոհել ծառայությունից, միշտ ոգևորված էր խոսում ու պատմում։ Սիրում էր Հադրութը, ասում էր՝ էստեղ դրախտ է լրիվ։

Մինչև գնալը, երբ վիճում էինք, ասում էր՝ դե կտեսնեմ, հենց գնամ բանակ, ոնց ես լացելու, ասում էի՝ չեմ լացի հաստատ։ Շատ էինք վիճում, բայց իրարից նեղացած չէինք մնում երբեք։ Իրեն անհանգստացնող հարցերով հաճախ էր կիսվում ինձ հետ, կարծիքս հարցնում, քննարկում էինք միասին ցանկացած հարց։ Իր տարիքի երեխաների հետ համեմատած՝ շատ խորը մտածող էր ու հասկացող։ Միշտ ասում էր՝ ես գնալու եմ Արցախ ծառայության, մաման շատ էր նեղվում։ Երդման արարողությանը երբ գնացինք, շարքում իր անհանգիստ շարժումներից միանգամից նկատեցի, չնկատելն անհնար էր։ Շատ էր բոյովացել, պետք է կռանար, որ կարողանայինք գրկել իրեն»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում զոհված 19-ամյա հերոս Հովհաննես Մկրտչյանի քույրը՝ Եվան։

Քրոջ խոսքերով՝ եղբայրը տաքարյուն էր, շուտ բռնկվող, աշխույժ էր շատ.

«Իրենից երբեք չէինք լսի «ես հոգնած եմ» արտահայտությունը, շատ աշխատասեր էր ու ձգտող։ Միշտ ուրախ էր ու ժպտում էր, թեև վերջին նկարների ժպիտների մեջ կարծես թախիծ էլ լինի։ Շատ պարզ էր ու մաքուր, օգնող, եթե ինչ-որ մեկին իր հագի հագուստը պետք լիներ, առանց մտածելու կտար։ Ծառայության ընթացքում բոլորին զանգում էր, հարցնում՝ ինչպես էին, թե՛ իր ընկերներին, թե՛ հարազատներին, թե՛ գյուղից ցանկացածին, ով իր մտքով էդ պահին անցնում էր։

Շատ-շատ ընկերներ ուներ, շատ նվիրված էր։ Ամեն ինչով, ինչով կարող էր, կօգներ իր ընկերներին։ Իր բանակային ընկերներն էլ են պատմել իր նվիրվածության մասին։ Շատ մեծ հարգանք է վայելել ծառայության ընթացքում։ Մարտունիից վերադարձել է կրտսեր սերժանտի կոչումով։ Մեկ-մեկ կատակով ասում էր՝ դարձել եմ դայակ։

Շատ ուշադիր էր, հատկապես մամայի հանդեպ։ Չէր սիրում, երբ մամայի մազերը սպիտակած էին լինում։ Ինքն իր ճաշակով ներկ էր գնում՝ իր ուզած գույնը, ու ասում էր ինձ, որ ներկեմ։ Նույնիսկ ծառայության ժամանակ, երբ տեսազանգով էինք խոսում, մամային խնդրում էր մոտիկ գալ հեռախոսին, որ տեսներ՝ սպիտակած են մազերը, թե չէ։ Կատակասեր էր։ Արդեն վեց ամսվա ծառայող էր, համավարակի պատճառով արձակուրդ չկար, շատ էինք կարոտել։ Մամաս խոսելուց ասաց՝ Հով, մինչև գաս, կմնամ 5կգ, Հովոն ասաց՝ մամ, առանց էն էլ 5կգ էիր»,- պատմում է հերոսի քույրը։

Եվան ասում է՝ Հովհաննեսը շատ նպատակներ ուներ. որոշել էր երաժշտական կրթություն ստանալ։

«Երբ տուն էր գալիս, մենք հեռվից իր ձայնից գիտեինք արդեն, բարձր երգելով գալիս էր։ Հենց ասում էի՝ մի քիչ կամաց երգիր, սկսում էր ավելի բարձրաձայն երգել։ Ոչ մի երգի տեքստ մինչև վերջ չգիտեր, միայն կրկներգերը։ Հենց մոռանում էր, սկսում էր ուրիշ երգ երգել։ Մամայի ծնունդին անակնկալ էր արել, վիդեոտարբերակով երգ էր նվիրել (բայց ինքը չէր երգել) ու շնորհավորել»։

Եվան պատմում է, որ Հովհաննեսի հետ վերջին անգամ խոսել են հենց պատերազմի օրը՝ 27-ի առավոտյան.

«Զանգեց մայրիկիցս հարցրեց, բայց ոչինչ չասաց, ես էլ տեղյակ չէի։ Հետո համացանցից կարդացի ու միանգամից զանգեցի, ասաց՝ նորմալ է ամեն ինչ, մի անհանգստացիր, մեզ մոտ ոչինչ չկա, ասաց՝ ինչ են ասում այդտեղ, ասացի, որ Ստեփանակերտն են ռմբակոծել, ասաց՝ էստեղ ոչ մի բան չկա։ Հետո իմացանք, թե ինչեր են կատարվել էնտեղ։ Վերջին խոսակցության ժամանակ ասացի՝ Հով, չվախենաս, ջղայնացավ վրաս, թե ինչու եմ իրեն այդպես ասում, կարծես նեղացավ իմ ասածից, որովհետև ինքը վախ չուներ ոչնչից։ Երանի ասած չլինեի այդ խոսքերը։ Եղբայրս զոհվել է ամսի 27-ին, բայց մենք իմացել ենք ամսի 30-ին։

Հիմա մենք իրեն կիսել ենք բոլորի հետ։ Ինքը դարձել է բոլորիս հերոսը։ Հպարտ եմ, բայց սրտի ցավը կարծես խեղդում է հպարտության զգացումը։ Իր բացակայությունը փորձում ենք տան ամեն անկյունում իր նկարները դնելով լրացնել։ Անհնար է ասել, թե ինչ ես զգում։ Անբացատրելի ցավ, երբ միշտ հպարտ հորդ տեսնում ես կոտրված, իսկ մորդ՝ ամեն անկյունում լաց լինելիս։ Հիմա բացի ներսումս դատարկությունից ոչինչ չեմ զգում։

Ուղղակի միշտ մտածում եմ, որ իմ կողքին է ու հիմա իր ուժը ինձ է փոխանցում։ Ես էլ իմ սիրտը թողել եմ սառը հողի մեջ, որ ջերմացնի իրեն»։

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close