ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Կարծես մի քանի ճերմակ մազեր հայտնվեցին, դե դա էլ հետք կմնա պատերազմից…». Ռ. Թադևոսյան

Հրանոթի մոտ կանգնած ժպտերես տղան հրետանավոր Ռաֆի Թադևոսյանն է։

Ռաֆին ասում է՝ պաշտպանական շրջանի ամենալավ տեխնիկան էր ծանր հրետանին, մեր առաջնագծի տղաների հույսն էինք, գիտեին, որ կանխելու ենք թշնամու առաջխաղացումը։

«Հազարավոր արկեր ենք արձակել, կրկնակի շատ մեզ վրա են կրակել։ Պատերազմի օրերն իմ կյանքի ամենատպավորիչ օրերն էին. ամեն օրը նախորդից ուրիշ էր, ամեն բացվող օրը՝ անակնկալներով լի։ Մոռանալ չեմ ուզենա ու չեմ էլ կարող»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է ժամկետային զինծառայող Ռաֆի Թադևոսյանը։

Ռաֆի Թադևոսյանը զորակոչվել է բանակ համալսարանն ավարտելուց հետո։ Ծառայությունն անցել է Արցախի Մարտունու շրջանում։

Պատերազմի ժամանակ էլ է նույն շրջանում եղել, մասնակցել թեժ մարտերին՝ հետ մղելով թուրք-ադրբեջանական ագրեսիան։

Ասում է՝ միայն հրամանին էինք սպասում, որ կրակելու հրաման տան։

«Ոչ քաղցի, ոչ քնելու մասին չէինք մտածում։ Ոչ անհանգստացնում էր, թե ինչ են խոսում, ինչ է լինում, միայն թե թշնամին չհասներ մեր դիրքերին։

Վախ չկար, ու դա անկեղծ եմ ասում։ Անհնար էր խուսափել անխուսափելիից։ Գիտեինք, որ ամեն վայրկյան կարող ենք այլևս չլինել, զգուշացնում էին, որ հրանոթի մոտ լինելը շատ վտանգավոր է, ասում էին՝ մի քանի հոգով իրար մոտ մի եղեք։

Բայց ոնց կարող էինք չկրակել։ Կրակում էինք հրանոթի մոտից, ու խմբով էինք աշխատում։ Մահը կամ վիրավորվելը ոչինչ էին մեզ համար»,- ասում է Ռաֆին։

Հրետանավորի խոսքով՝ ամենադժվարը վիրավորին ճանապարհելն էր.

«Առաջին օգնություն էի ցույց տալիս, հումորներ անում, որ տրամադրությունը չընկնի, լավատեսական մի բան ասում։ Բայց ամեն վիրավորի հետ ոչ թե մտածում էի, թե գուցե հաջորդն էլ ես լինեմ, այլ հուսադրում էի, որ վիրավոր են, ոչ թե մահացել են…»։

Ռաֆի Թադևոսյանն ասում է. «Հոգեբանորեն պատրաստ էինք պատերազմի մեկնարկին, պատրաստ էինք պատերազմել։ Հայ զինվորը, հատկապես այսօրվա 18 տարեկան տղաները շատ ուժեղ են, անվախ։

Հայերին պատերազմով չես վախեցնի։ Ամեն օրն էլ պատերազմ է, ուղղակի մենք այնքան ենք խոսել մեր նախկին հաղթանակներից, որ մոռացել ենք, թե որ թվականն է աշխարհում։ Տեխնոլոգիաները զարգանում են, զինտեխնիկան նույնպես։ Ու խոստովանենք, որ այսօր նորագույն տեխնոլոգիաների դար է, իսկ մենք դեռ 20-րդ դարում ենք, ցավոք։

Մենք ուղղակի մտածում ենք, թե կռվում ենք 1993թ.-ի ավտոմատով ադրբեջանցու դեմ։ Ի վերջո բոլորս էլ տեսանք, թե ովքեր և ինչպես էին կռվում մեր դեմ։

Խնդիրն, իմ կարծիքով, ավելի խորը արմատներ ունի, իսկ այդ արմատները մոտ 30 տարի չեն կտրվել»,- շարունակում է հերոս հրետանավորը։

Ռաֆի Թադևոսյանն ասում է, որ պատերազմը իրեն դարձրեց ավելի ուժեղ, ավելի համարձակ, երևի նաև ավելի հոգատար շրջապատող մարդկանց նկատմամբ.

«Մեկ էլ կարծես մի քանի ճերմակ մազեր հայտնվեցին, դե դա էլ հետք կմնա պատերազմից…»։

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close