Նորություններ

«Աստված Քեզ տարավ իր մոտ, որովհետև այս մեղքերով լի աշխարհն արժանի չէր քեզ. շնորհակալ եմ, բալես, որ հենց Դու ես եղել իմ ավագ որդին»

Երկու եղբայրներ Անդրանիկ և Արսեն Խաչատրյանները մանուկ հասակից իրար հետ շատ էին կապված, նվիրված եղբայրներ էին, ամենուր գնում էին միասին, ամեն ինչ անում էին միասին: Եվ այդպես մինչև վերջ…

2020թ. սեպտեմբերի 27-ին 27-ամյա ավագ լեյտենանտ Անդրանիկը ծառայում էր Հադրութում, իսկ 25-ամյա Արսենը պատերազմի լուրն իմանալուն պես սեպտեմբերի 28-ին ինքնակամ, առանց կամավորագրվելու և առանց հարազատներին զգուշացնելու, իր ավտոմեքենայով շտապեց Արցախ՝ եղբոր կողքին կանգնելու:

Արսենը դեռ 2015 թ. ժամկետային ծառայության ժամանակ Թալիշում թշնամու դիվերսիոն գործողությունների արդյունքում ստացել էր հրազենային վիրավորում ու զորացրվել՝ ստանալով ծառայության համար ոչ պիտանի կարգավիճակը:

Երկուսով կռվել են ամենաթեժ մարտերում՝ Հադրութ, Ջաբրայիլ, Շուշի՝ թշնամուն հասցնելով զինտեխնիկայի և կենդանի ուժի բազմաթիվ կորուստներ։

Անդրանիկի ստացած փայլուն ռազմական գիտելիքների շնորհիվ տղաները կարողացել են դուրս գալ շրջափակումներից՝ իրենց հետ դուրս բերելով բազմաթիվ զինվորների։

Վերջին շրջափակումը Շուշիում էր՝ նոյեմբերի 7-ին։

Այս ոչ հավասար պայքարում Անդրանիկն անմահացավ։ Արսենը, դեռ չիմանալով եղբոր կորստյան մասին, վիրավոր վիճակում հազիվ կարողացավ դուրս պրծնել շրջափակումից և թշնամու թիկունքով մի քանի այլ վիրավորների հետ անտառներով հասնել Ստեփանակերտ: Իր ռազմական կրթությունը Անդրանիկը ստացել էր Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, վերապատրաստվել Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմական ակադեմիայում, իսկ Մոսկվայում ՌԴ ՊՆ-ի կողմից պարգևատրվել շքանշանով՝ ահաբեկչության դեմ պայքարի օլիմպիադայի շրջանակներում: Հայրենասեր, հզոր ոգու տեր երիտասարդը կարծես ծնվել էր Հայրենիքի համար՝ չհասցնելով ամուսնանալ և ապրել իր անձնական կյանքով: Նրա շատ երազանքներ ու նպատակներ մնացին անկատար: Այդպես էլ չհասցրեց արձակուրդ գնալ ու բնակարան գնել: Անիծվեն պատերազմները…

Հերոսների մոր՝ Մարինե Խաչատրյանի խոսքերը…

«Կներես, բալես, որ չկարողացա Քեզ պահել, պահպանել, կներես, որ Քո համար ընտրեցի այդ ուղին, դու ինձ միշտ հպարտություն ես պատճառել՝ Քո խելքով, առաջադիմությամբ, չափազանց համեստությամբ, նկարելու տաղանդով, կազմակերպվածությամբ, Քո Մարդ տեսակով, Քո Եղբայր տեսակով, Քո Որդի տեսակով: Կուզենայի՝ աշխարհի բոլոր որդիները Քեզ պես լինեին, ու մայրերը զգային այն, ինչ ես եմ զգացել Քո կյանքի ընթացքում՝ հպարտություն:

Շնորհակալ եմ, բալես, որ հենց Դու ես եղել իմ ավագ որդին, հենց Քո ներկայությունն եմ ես վայելել իմ ապրած ամենալավ տարիների ընթացքում: Աստված Քեզ տարավ իր մոտ, որովհետև այս մեղքերով լի աշխարհն արժանի չէր քեզ: Ցավով, բայց հույսով կապրեմ ու կսպասեմ, որ մենք մի օր կհանդիպենք, հերո՛սս»:

Back to top button