Նորություններ

Շատ կարևոր է հասկանալ, թե ինչու է տեղի ունեցել մեր պարտությունը. Նիկոլ Փաշինյան

Ըստ Փաշինյանի՝ դա վկայություն է այն մասին, որ պահեստը լեփ–լեցուն է եղել զինամթերքով, և կոնկրետ անձ կողպել է պահեստի դռները։

Շատ կարևոր է հասկանալ, թե ինչու է տեղի ունեցել մեր պարտությունը, ասել էՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանի հետ Հանրայինով հեռարձակվող հարցազրույցի ժամանակ։

«Օրինակ երկու օր առաջ, ես հանդիպել եմ առաջնագծից վերադարձած քաղաքացիների հետ, որոնք պատմում են դրվագներ, որոնց էությունը պետք է պարզաբանվի։ Պատմում են, թե ինչպես ջոկատը գնացել և փորձել է սպառված զենք–զինամթերքը համալրել և տալիս են կոնկրետ անձի անուն, որը հրաժարվել է իրենց զենք տալ, և իրենք ստիպված են եղել կոտրել զինամթերքի պահեստի դռները զինվելու համար, տեսնելով, որ այդ պահեստը լիքն է անհրաժեշտ զենք–զինամթերքով»,-ասել է նա։

Ըստ Փաշինյանի՝ եթե դա հաստատվի՝ պարտության դրվագներից մեկն է, և պետք է հասկանալ, թե ինչի է դա տեղի ունեցել։

«Ես կարող եմ վստահ լինել մի բանում, որ դա վկայություն է այն մասին, որ պահեստը լեփ–լեցուն է եղել զինամթերքով և կոնկրետ անձ կողպել է պահեստի դռները»,-ասել է նա ու հավելել, որ ինքը կարևոր և պարտավորված է համարում, որ այս պատերազմի մասին ամբողջ ճշմարտությունը հայտնի դառնա, որովհետև ամեն անգամ ի հայտ են գալիս դրվագներ, որոնք մանրամասն պարզաբանման կարիք ունեն։

«Ես հիմա չեմ կարող դատավճիռ կայացնել, հնարավոր է ինչ–որ բան այնպես չի ասվում կամ իրականությունը մի փոքր այլ է եղել, բայց պետք է պարզաբանվի։ Կան տասնյակ վկայություններ այն մասին, թե ինչպես մարդիկ, այդ թվում բարձրաստիճան, դեռևս հայկական վերահսկողության տակ գտնվող բնակավայրերից ընդհուպ հանել են փողոցի լուսավորությունը, ասելով, որ սա պետք է հավաքենք, մեզ հետ տանենք, և հնչում են կոնկրետ անուններ։ Ես չգիտեմ, կարող է սուտ են ասում, զրպարտում են, բայց պետք է սահմանվի, նշեմ, որ մարդիկ կան, որոնք կապ ունեն ընդդիմության հետ»,-նշել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ի վերջո նախընտրական քարոզարշավը հնարավորություն է, որ բոլորը կանգնեն ժողովրդի առաջ, մեղադրանքները բարձրաձայնեն, ապացույցները ներկայացնեն, և մարդիկ էլ կատարեն իշխանության տնօրինողի իրենց դերը։

Back to top button