ՆորություններՔո ձայնը

«Փաշինյանը պատերազմի բռնկման հրձիգներից մեկն է». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հուլիսյան մարտերից հետո Նիկոլ Փաշինյանի արմատական ընդդիմախոսները պնդում էին, թե չի կարելի այդ հաջողությունները վերագրել վարչապետին, քանի որ գործողություններն իրականացվում են բանակի կողմից։ Դեռևս այն ժամանակ ես խիստ քննադատության եմ ենթարկել այդ թեզը՝ պնդելով, թե բանակը չի կարող արդյունավետ գործել առանց քաղաքական ղեկավարության։

Առանց գերագույն հրամանատարի բանակը պարզապես անգլուխ հրեշ է։ Այս իմաստով ամբողջությամբ համամիտ եմ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ ներքևում արտահայտած մտքի հետ։ Սա, իհարկե, ոչ միայն Գրիգորյանի տեսակետն է, այլ՝ հուլիս ամսվա իշխանության քարոզչական գիծը։ Սրանով նրանք փորձում էին պատասխանել ընդդիմադիրներին՝ արդարացիորեն թվացյալ հաղթանակը կամ դրա պատրանքը վերագրելով Փաշինյանին։

Ինչպես արդեն նշեցի, նմանատիպ քարոզչության հետ ես որևէ խնդիր չունեմ։ Իմ համոզմամբ՝ հենց սա է պետական մտածողությունը, որովհետև չի կարելի ասել, թե Լևոնը տեղյակ չէր Շուշիի ազատագրումից, 2016-ին բանակը հաղթեց ի հակադրություն Սերժի կամ էլ՝ առանց Նիկոլի գիտության բանակը Տավուշում դիրք գրավեց:

Բայց արի ու տես, որ այս ամենն ընդահնարպես կապ չուներ պետական մտածողության և պետական ավանդույթների շարունակականության հետ։ Ընդամենը գործ ունեինք երեսպաշտ ու ցինիկ մարդկանց հետ, որոնք հուլիսյան արկածախնդրությունը փորձում էին որպես սեփական «Սարդարապատ» ներկայացնել, իսկ ընդամենը երկու ամիս անց Ղարաբաղյան երկրորդ պատերազմում ծանրագույն պարտությունից հետո տիրապետող դարձրեցին այն տեսակետը, թե բանակն է պարտվել և վարչապետը մեղավոր չէ։ Բոլորվին վերջերս Նիկոլ Փաշինյանն «Ազատության» եթերում նշեց՝ «մարտական գործողությունները հո վարչապետը չի՞ ղեկավարում»։

Այսինքն՝ մեր աչքի առջև իշխանությունը փորձում է խուսափել պատասխանատվությունից՝ պարտության ողջ բեռը բարդելով երևակայան ու անորոշ դավաճանության, ինչպես նաև բանակի վրա։ Փաստորեն հորինված հաղթանակն ամենայն ագահությամբ, ավելի շուտ գավառական չտեսությամբ վերագրում են իրենց, իսկ պարտությունը՝ թողնում որբ ու անտեր, իբրև թե մենք կապ չունենք, գնացեք ուրիշ տեղ մեղավորներ փնտրեք։

Եվ այդ մարդը՝ Նիկոլ Վովայեվիչը համարձակվում է ինչ-որ արժեքներից խոսել ու վերստին պատրաստակամություն է հայտնում ստանձնել պետության ղեկը, իր կողմից հողին հավասարեցված պետության։

Ասել եմ ու նորից եմ կրկնում՝ Փաշինյանը պատերազմի բռնկման հրձիգներից մեկն է, նա բառի բուն իմաստով կործանել է ամեն ինչ և այսպիսով այդ մարդն այլևս չպետք է Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու հնարավորություն ունենա»։

Back to top button
Close