Միջազգային մամուլի տեսությունՆորություններ

Լեռնային Ղարաբաղ — վաղվա պատերազմների նախատիպ. Le Monde

«Հարձակողական անօդաչու թռչող սարքեր, սոցցանցերում հոգեբանական պատերազմ. Ադրբեջանի գերազանցությունը Հայաստանի հետ դիմակայությունում բացատրվում է տեխնոլոգիական շրջադարձով: Դա կարող է որպես դաս ծառայել եվրոպական բանակների համար», — գրում են Le Monde-ի լրագրողներ Իզաբել Մանդրոն և Մաջիդ Զերուկին:

«Մինչ այժմ հայկական բանակը համարվում էր ավելի արդյունավետ, ավելի մոտիվացված՝ տեղանքի վերահսկման գերազանցող ունակությամբ, եթե հաշվի չառնենք այն փաստը, որ Ադրբեջանը տարիների ընթացքում ձեռք բերեց ժամանակակից ռազմական մեծ զինանոց և խնամքով նախապատրաստեց իր գործողությունները՝ բաց պատերազմի շեմին հասած նոր խաղացողի՝ Թուրքիայի աջակցությամբ: Պատերազմից 11 ամիս առաջ Բաքուն ներմուծեց 256 միլիոն դոլար արժողությամբ թուրքական սարքավորումներ, այդ թվում 6 Bayraktar գրոհային անօդաչու թռչող սարք՝ օգուտ քաղելով տեխնոլոգիական նվաճումներից և, մասնավորապես, Սիրիայում ձեռք բերված թուրքական փորձից » -ասվում է հոդվածում:

««Գարնանային վահան» կոչվող գործողության ընթացքում՝ 2020թ.-ի մարտին, երբ թուրքական և սիրիական կողմերն անմիջական առճակատման մեջ մտան, առաջին անգամ կիրառվեցին մեծաքանակ հարվածային անօդաչու թռչող սարքեր, հրետանի, ռադիոէլեկտրոնային ճնշման համակարգեր եւ հատուկ ստորաբաժանումներ, որոնք պատասխանատու էին հակառակորդի դեմ հարձակման կամ դիտարկման համար եւ մասնակցում էին կանոնավոր բանակի, նրա զրահատեխնիկայի, հրետանային և հակաօդային պաշտպանության համակարգերի դեմ մարտերին: Երեք գիշերվա ընթացքում Դամասկոսի ուժերը կորցրեցին 124 տանկ և զրահամեքենա: Նրանց շտաբները, զինամթերքի պահեստները և մատակարարման ուղիները ոչնչացվեցին:

Եվ թեեւ Բաշար ալ-Ասադի թուլացած բանակը չի կարելի համեմատել Ղարաբաղում հայկական ուժերի հետ, ըստ էության, այն տուժեց նույն տեխնոլոգիական հետամնացության և նույն խնդիրների՝ խորհրդային ժամանակաշրջանի սարքավորումների, օդային աջակցության բացակայության, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներին դիմակայելու անկարողության և անօդաչու թռչող սարքերից բխող սպառնալիքի պատճառով»,- նշում են հոդվածագիրները:

«Թուրքական և իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերը թույլ տվեցին ադրբեջանցիներին տեղորոշել հայկական դիրքերը՝ նախքան դրանց  հրետակոծումը, և նրանց զրկել մատակարարումից: Եվ, ինչպես Սիրիայում կամ Լիբիայում, Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերն անարդյունավետ էին այդ փոքրածավալ մեքենաների նկատմամբ: Հայաստանը, որը զրկված էր անօդաչու թռչող սարքերի հեռակառավարումը խափանելու համակարգից, չկիրառեց անգամ իր Su-30 որսացող կործանիչները: Դա հանգեցնում էր մեծ կորուստների, իսկ անօդաչուի կորուստը նույն հետևանքները չուներ», — նշում են լրագրողները:

«Եվրոպան պետք է ուշադիր ուսումնասիրի այս հակամարտության ռազմական դասերը և այն չդիտարկի որպես աղքատ երկրների միջև տեղի ունեցած փոքր պատերազմ»,-զգուշացնում է Եվրոպական խորհրդի վերլուծաբան Գուստավ Գրեսելը:

«Միայն Ֆրանսիան և Գերմանիան ունեն անօդաչու թռչող սարքերը «խլացնող» համակարգեր», — շարունակում է նա՝ կարծիք հայտնելով, որ «Եվրամիության բանակների մեծ մասը, հատկապես փոքր և միջին անդամ-պետությունների, ժամանակակից կինետիկ պատերազմներում նույնքան վատ վիճակում կլինեին, որքան հայկական բանակը»:

«Ռազմական փորձագետ Միշել Գոյան նույնպես նախազգուշացնում է անօդաչու թռչող սարքերի ինտենսիվ օգտագործման մասին, ինչը «երբեք այդքան ավերածություններ չի առաջացրել մեկ ռազմարշավի ընթացքում»: «Այս տարօրինակ թռչող սարքերի հանդեպ քամահրական վերաբերմունք կար, արևմտյան բանակներում կարծում էին, որ անօդաչու թռչող սարքերը երկար չեն կարող գոյատևել բարձր լարվածության գոտում, և որ ռազմական ինքնաթիռները կշարունակեն մնալ «երկնքի արքաներ». Բայց տեղի ունեցավ ճիշտ հակառակը»,-նշել է փորձագետը:

«Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած մահաբեր բախումները սկիզբ դրեցին հոգեբանական պատերազմի նոր ձևի. այսպես՝ Թուրքիայի կողմից ներգրավված սիրիացի վարձկանների ուղարկումը նպաստեց անկլավի հայ բնակչության շրջանում տագնապալի մթնոլորտի ստեղծմանը, և որ ամենակարևորն է՝ ուղերձ հղեց Անկարայի բոլոր հակառակորդներին՝ զինված ուժերի ռեզերվ հավաքելու ունակության մասին, որտեղ թուրքերն անհրաժեշտ են համարում», — գրում է Le Monde-ը:

«Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը մեկ այլ հետք եւս թողեց՝  կապված սոցիալական ցանցերում սպանված զինվորների լուսանկարների և տեսանյութերի տարածման հետ, որոնք երբեմն ուղարկում էին անմիջապես նրանց ընտանիքներին: Facebook- ի կամ YouTube- ի միջոցով ահաբեկման փոխանցումը երբեք պատերազմող երկրների միջև այդպիսի մասշտաբով չի կիրառվել, ինչը դատապարտվում է միջազգային մարդասիրական կազմակերպությունների եւ ՄԱԿ-ի կողմից»,-ամփոփել են Իզաբել Մանդրոն և Մաջիդ Զերուկին:

 

Աղբյուր` Le Monde

Back to top button
Close