«Կռվելու ընթացքում մտածում էինք, որ մեզ բան չի լինի, մենք Աստծո պահած ենք»
Գևորգ Սրապյանը պարտադիր ժամկետային զինծառայող է, ծառայությունն անցկացրել է Արցախի Հադրութի զորամասում: Գևորգը մասնակցել է թեժ մարտերին, ստացել ծանր վիրավորում:
«Պատերազմի սկսվելուց հետո միանգամից տագնապով փորձեցինք առաջնագիծ հասնել, բայց առաջնագիծ գնալ սկզբում չստացվեց: Մի քանի ժամ մեր երկրորդ խրամատում էինք, դիրքավորված էինք, որ մինչև մութն ընկնելը գնանք դիրքեր: Այդ ժամանակ մեր առաջնագիծն ամբողջությամբ էլ մեր մոտ չէր: Բայց գիշերը հետախույզների օգնությամբ կարողացանք 11 դիրք հետ բերել ու հաստատվել մեր տեղերում: Ես ամսի 3-ին վիրավորվեցի տանկի արկից, ձախ ոտքս կտրեցին, բայց տղերքը ուժեղ կռիվ են տվել: Իմ վիրավորվելուց հետո 20 օր կարողացել են դիրքերը պահել։
Կռվելու ընթացքում մտածում էինք, որ մեզ բան չի լինի, մենք Աստծո պահած ենք, մեզ բան չի լինի»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Գևորգը:
Գևորգն ասում է՝ մարտական ընկերոջ կորստից հետո կյանքը մի քանի րոպե կանգ է առնում, հետո հասկանում ես, որ էլ հետ չես բերի և պիտի կռիվը շարունակես քո կյանքի համար:
Ժամկետային զինծառայողի խոսքով՝ առօրյա ծառայության ընթացքում ու մարտի դաշտում հարաբերությունները տարբեր են։
«Սովորական ծառայության մեջ վաշտի տղա կարող է լինի, որ հետը ընդհանրապես չշփվես, բայց կռվի ժամանակ հարազատ եղբորիցդ շատ ես սիրում ու գնահատում, որովհետև էդ ժամանակ ինքն է քո կողքին, ու քեզ համար նախատեսված գնդակը կարող է նրան կպնել»,- ասում է Գևորգը։
«Պետք չէ թերագնահատել թշնամուն, պետք չէ շատ ինքնավստահ լինել գնդակի դիմաց։ Պատերազմը փոխեց ինձ բաժին հասած պատասխանատվության չափը, որովհետև 4 մանկության ընկեր եմ կորցրել։ Հիմա նրանց կիսատ թողածը ինձ վրա է։ Ես պիտի անեմ ամեն ինչ։
Պիտի բոլորս գիտակցենք, որ ինչքան էլ դաժան ու զզվելի բան է կյանքը, մեկ է չի կարող չշարունակվել։ Ի՞նչ անենք, եթե ուժեղ չլինենք, իսկ այլ տարբերակ էլ չկա։
Անզգա եմ դարձել, դեպրեսիաներն ինչ-որ զբաղմունքներով եմ փորձում հաղթահարել։ Տղերքի կորուստը ստիպում է առաջ ապրել, իրավունք չունեմ թուլանալու»,- շարունակում է հերոս զինծառայողը։
Ըստ Գևորգի՝ մենք այս պատերազմին պատրաստ չէինք։ «Պատերազմում պարտվեցինք, որովհետև ծախված պատերազմ էր։ Ես պատերազմի արդեն վերջին տասը օրերին մտածում էի, որ կպարտվենք»։
Անահիտ Չալիկյան