Միջազգային մամուլի տեսությունՆորություններ

«Ազդակ, որը Մոսկվան թերագնահատեց». անհուսալի հրադադար Լեռնային Ղարաբաղում. Le Temps

«Ռուսները հեռու են շփման գծի ողջ երկայնքով հայերի և ադրբեջանցիների տեղակայման դիրքերից: Թեեւ քաղաքական երկխոսությունը դեռ չի սկսվել, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) փորձում է կամուրջներ կառուցել երկու կողմերի միջև», — գրում է Մատաղիսում շվեյցարական Le Temps թերթի թղթակից Էմանուել Գրինշպանը:

«Մատաղիսը շփման կետերից մեկն է, որտեղ երկու թշնամական բանակ կանգնած են դեմ-դիմաց մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա ՝ առանց ռուս խաղաղապահների միջամտության: (…)« Այստեղ ոչ մի միջադեպ չի եղել» — ասում է ադրբեջանական ուղեկալի հրամանատար Ռամիլը. «Եթե ուզենք, կարող ենք նույնիսկ իրար հետ խոսել, բայց դա մենք չենք անում»: Հայաստանի ներկայացուցիչներից մեկը՝ բանավոր տեղեկանալով լրագրողների ներկայության մասին, ռուսերեն կտրուկ պատասխանում է. «Դա ինձ չի վերաբերում»… և շարունակում է դիտարկում իրականացնել հեռադիտակով: «Մեզ խորհուրդ տվեցին երկար չմնալ», — նշում է հոդվածի հեղինակը: — «Երկու դիպուկահար կին թաքնվել են սարերում», — ասում է Ռամիլը՝ հիշեցնելով, որ ճանապարհի եզրերն ականապատված են:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարը կարծես պահպանվում է՝ չնայած երկու ճամբարների խոր թշնամությանը: Վեց շաբաթ տևած մարտերից հետո հայերի ջախջախիչ պարտությունը փոխեց իրականությունը: Ադրբեջանը հետ է վերցրել իր տարածքի 15% -ը և խոստանում է ռուս խաղաղապահների հեռանալուց հետո, որը սպասվում է 5 տարի անց, ինտեգրել Լեռնային Ղարաբաղի մնացած հայաբնակ մասը», — մեկնաբանում է լրագրողը:

«Հակամարտության սկզբից ի վեր, ԿԽՄԿ-ն կրկնապատկել է իր անձնակազմի քանակը տարածաշրջանում, եւ թեեւ չի մասնակցում ձերբակալվածների փոխանակմանը, բայց փորձում է օգնել գերիների և անհայտ կորածների ընտանիքներին», — գրում է Le Temps- ը: «Մեր առաջնահերթություններից մեկը ռազմագերիներին այցելությունն է և մարմինների դուրսբերման հարցում իշխանություններին աջակցելը՝ անհայտ կորածների թիվը սահմանափակելու համար: Մենք վերահսկում ենք յուրաքանչյուր անձնական գործ և օգնում ընտանիքներին գտնել իրենց հարազատներին: Անհայտ կորածների ընտանիքներն ամեն օր զանգում են մեզ, այդպիսի ուժեղ հուզական պահերն ավելացնում են մեր մոտիվացիան », — բացատրում է Ադրբեջանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար, շվեյցարացի Արիանա Բաուերը:

«Նա իր պաշտոնը զբաղեցնում է սեպտեմբերի սկզբից և նշում է, որ զարմացած է երկու երկրների միջև կապի իսպառ բացակայությունից: ԿԽՄԿ չնախատեսված դերը նաեւ այդ կապի վերականգնումն էր: Մենք ավելի լսելի ենք դարձնում ընտանիքների ձայնը, ովքեր փնտրում են իրենց հարազատներին, նպաստում ենք երկու կողմերի շփմանը: Երբեմն մենք մասնակցում ենք խառը թիմերի աշխատանքներին, որոնք փնտրում են զինվորների աճյունները: Այդ թիմերը կազմված են հայերից, ադրբեջանցիներից, ռուսներից և ԿԽՄԿ անդամներից: Մեր ներկայությունը հանդարտեցնում է ինչպես խաղաղ բնակիչներին, այնպես էլ զինվորականներին»:

«Կառավարական մակարդակով երկխոսությունը չի վերականգնվել: ԵՄ արտգործնախարար Խոսեպ Բորելը ուրբաթ օրը չկարողացավ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին նստեցնել նույն սեղանի շուրջ, և ստիպված էր նրանց հետ առանձին հանդիպել: Ռուսաստանի ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը նույնպես հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ապա Ազգային անվտանգության ծառայության հայազգի տնօրեն Արմեն Աբազյանի հետ: Ըստ ադրբեջանական հատուկ ծառայությունների աղբյուրի, այցը վերաբերում էր պատերազմող երկրների միջեւ սահմանների անցկացմանը»,-նշում է հոդվածագիրը:

«Մոսկվան աստիճանաբար ավելացնում է իր ներկայությունը՝ ադրբեջանական կողմում թուրքական զինուժի ներհոսքի ֆոնին: Երկու արևմտյան աղբյուրներ Le Temps- ին հայտնեցին, որ հակամարտության ընթացքում թուրք ռազմական հրահանգիչները ներկա են եղել Ադրբեջանում և շարունակել են իրենց համագործակցությունը: Դեկտեմբերի 17-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ուղարկեց 136 զինվորական, ովքեր ականազերծման աշխատանքներ էին իրականացնելու: Դեկտեմբերի 10-ին Բաքվում 200 էլիտար թուրք հատուկջոկատայիններ մասնակցեցին հաղթական զորահանդեսին: Նման ազդակը Մոսկվան թերագնահատեց, որը ԽՍՀՄ փլուզումից ի վեր ջանք չի խնայում պահպանելու իր բացառիկ ազդեցության գոտին Հարավային Կովկասում»,-ամփոփում է Էմանուել Գրինշպանը:

Աղբյուր՝  Le Temps

Back to top button
Close