«Գնալուց առաջ 9-ամյա որդուս ասաց՝ էս տան տղամարդը դու ես. քրոջդ ու մամային լավ նայի»
33-ամյա պայմանագրային զինծառայող Մանվել Ալեքսանի Ալեքսանյանը հերոսաբար զոհվել է թուրք-ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ժամանակ:
Մանվել Ալեքսանյանը ծնվել է Շիրակի մարզի Ախուրյան համայնքում, ամուսնացած էր, ունի 2 զավակ:
«Ամուսինս մինչև պատերազմը Նոյեմբերյանում էր ծառայում, պատերազմի լուրն իմանալուց կամավոր մեկնել է Արցախ՝ Կուբաթլու (Իշխանաձոր), մասնակցել թեժ մարտերի:
Մանվելը միշտ զինվորական է աշխատել, սկզբում ռուսական զորամասում էր աշխատում, հետո մի քանի տարի արտերկիր էր մեկնում աշխատանքի, բայց վերջին տարիներին նորից վերադարձավ զինվորական ծառայությանը:
Շատ էր սիրում զինվորականի աշխատանքը, զինվորական համազգեստը հագնում էր ու ասում՝ ես ինձ մարդ եմ զգում այս համազգեստի մեջ:
Սեպտեմբերի 27-ին, երբ տագնապ էին տվել, Մանվելը այդ պահին տանն էր, եկել էր արձակուրդ… շատ էր շտապում, ինքը գիտակցաբար էր գնում:
Ամսի 27-ից գնացել է ու էդ ընթացքում անգամ 1 օրով պերեսմենկա չեկավ, որ մի քիչ հանգստանար: Գնալուց առաջ 9-ամյա որդուս ասաց՝ էս տան տղամարդը դու ես. քրոջդ ու մամային լավ նայի…
Մենք հոգեպես զգում էինք, թե ինչ պիտի լիներ, անգամ այս հրաժեշտն էր տարբեր նախորդ հրաժեշտներից»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում զոհված Մանվել Ալեքսանյանի կինը՝ Մարինե Ռոստոմյանը:
Շիրակցի հերոսի կինը ամուսնու մասին պատմելիս ասում է, որ բնավորությամբ Մանվելը բարի, շատ հանգիստ և խաղաղ մարդ էր, մեղմ, ընտանիքին նվիրված. հազվադեպ էր հունից դուրս գալիս:
Մարինեն ամուսնու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 20-ին, զինվորականին հարիր քչախոսությամբ ասել է՝ մենք հասել ենք տեղ.
«Ինձ չէր ասել, որ կամավոր Արցախ է մեկնել, որովհետև գիտեր, որ չէի ուզի, որ գնա, և հաստատ կմտափոխեի: Հետո եմ իմացել, որ Մանվելը ինքնակամ մեկնել է Արցախ:
Հասել էր Գորիս, տեղն էլ չէր ասում… ասացի՝ խնդրում եմ, ես չիմանա՞մ քեզ որտեղ փնտրեմ, այդ ժամանակ ասաց, որ Գորիսում է, ու դա վերջին զանգն է եղել:
Մահվան դեպքը, ճիշտ է, փաստաթղթերում գրված է հոկտեմբերի 22-ին, բայց նաև կա վարկած, որ մահը եղել է հոկտեմբերի 21-ին»,- շարունակում է Մարինեն:
Հերոսի կինն ասում է՝ հպարտ է, որ իր ամուսինը հերոս է, և որ իր ամուսինը Մանվելն է:
«Իմ ամուսինը գիտակցաբար է գնացել մահվան… ես իրեն երբեք չեմ մեղադրել այդ որոշման համար, որովհետև եթե ինքը գտել է, որ իր համար եռագույնը ավելի թանկ է, ուրեմն հայրենիքը իր համար այլ պատկերացում է ունեցել: Եթե ինքը նախընտրել է փառքով մահանալ, այլ ոչ թե ամբողջ կյանքում անփառք ապրել, դա իր որոշումն է եղել, և հարգում եմ այդ որոշումը»,- եզրափակեց շիրակցի հերոսի կինը:
Անահիտ Չալիկյան