Նորություններ

9 զոհված զինծառայողներից մեկը Առատաշենի գյուղապետի որդին է, մեկը Մրգաշատից էր, 20 օր առաջ էին «մոբով» Արցախ տարել. news.am

Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի մերձակա տարածքում հայտնաբերված 9 հայ զոհերից երկուսը Արմավիրի մարզի Առատաշեն, մեկը՝ Մրգաշատ գյուղերից են։

Առատաշենում երկու զոհերից մեկը համայնքի ղեկավար Հովհաննես Հարությունյանի որդին է, 26 տարեկան։ Մյուսը նրա հարևանն է, ընկերը։ Երկուսն էլ ՄՈԲ-ից էին։

Մրգաշատի համայնքի ղեկավար Գեւորգ Դանիելյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց գյուղից զոհվածը ծառայությունն իրականացնում էր ՄՈԲ-ով, նա  22-ից 23 տարեկան էր։ Ըստ նրա՝ Մրգաշատից զոհվածի հետ եւս եւրկու զինծառայող է եղել, սակայն նրանցից որեւէ լուր չունեն։

«Իրենք մի պատոկ գնացել էին, հետո հետ եկան, մոտ 10 օր մնացին, կրկին տարան, բայց մի քանի տեղ են տարել, հստակ չեմ կարող ասել, թե որտեղ են եղել։ Պատերազմի ժամանակ էդ գյուղերում են եղել։ Նրանք մոտ 20 օր առաջ էին գնացել»,- հայտնեց Դանիելյանը։

Հիշեցնենք, որ Պաշտպանության բանակից ավելի վաղ հայտնել էին, որ դեկտեմբերի 16-ին Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից ԱՀ ՊԲ-ին է փոխանցվել, նախնական տեղեկություններով, Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի մերձակա տարածքում հայտնաբերված 9 հայ զինծառայողի մարմին, որոնց զոհվելու հանգամանքները դեռեւս անհայտ են։

news.am

Back to top button
Close