Նորություններ

«Թիվ 1 խնդիրը հերոսաբար կռված բանակի կազմալուծումը բացառելն է. ոչ ոք վստահաբար չի կարող ասել, որ ռազմական գործողությունները չեն վերսկսվի»

«Հայաստանում, Արցախում առավել ևս բավականին բարդ և ծանր իրավիճակ է, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի պետականության հետագա փլուզում չլինի»,- այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանը:

Նրա խոսքերով՝ Հայաստանն այս փուլում ունի առաջնային անելիքներ, որոնցից գլխավորը բանակի պահպանումն ու ամրապնդումն է:

«Այս պահին թիվ մեկ խնդիրը հերոսաբար կռված բանակի կազմալուծումը բացառելն է, ամեն ինչ պետք է անել բանակի համար, որովհետև ոչ ոք վստահաբար չի կարող ասել, որ ռազմական գործողությունները չեն վերսկսվի, որովհետև Ադրբեջանն ու Թուրքիան խոսում են միայն ուժի դիրքերից:

Ոչ մի կերպ չպետք է թույլ տալ պետության ողնաշար համարվող ատրիբուտի հատկանիշի քայքայումը մեզանում:

Այս պատերազմում ուժերի ահռելի տարբերություն գոյություն ուներ մեր և Ադրբեջանի միջև: Ադրբեջանի կողքին այս անգամ հսկայական քանակի ուժեր էին կանգնած, կարող ենք ասել, որ 90-ականների սկզբին Թուրքիան այսքան տենդագին չէր պաշտպանում Ադրբեջանին։ Այսինքն՝ քաղաքական հայտարարություններից և մի քանի քայլերից այն կողմ չանցավ (ճանապարհ փակեց, բլոկադա Հայաստանի նկատմամբ, և դրանով ավարտվեց):

Բայց այս անգամ իրավիճակը միանգամայն այլ էր… Թուրքիան կանգնեց Ադրբեջանի թիկունքին և ահռելի միջոցներ տրամադրեց՝ այդպիսով ցույց տալով ռազմական օժանդակություն: Եվ այդ իմաստով սպասել, որ արդյունքը կլիներ այլ, և պարտությունը վերագրել միայն 30 տարվա հաղթանակը մսխելուն՝ դա ճիշտ չէ»,-ընդգծեց Մելքոնյանը:

Պատմաբանի կարծիքով՝ երբ խոսում ենք սխալների մասին, պետք է հաշվի առնենք, որ հարևանների հետ մեր ուժերի հարաբերակցությունն անհամեմատելի էր, սա օբյեկտիվ պատճառ էր, որը հանգեցրեց այս պատերազմի նման ելքին:

«Մենք այս պատերազմում պարտվեցինք, որովհետև ուժերի սարսափելի տարբերություն գոյություն ուներ՝ մարդուժի, ռազմական, ռազմաքաղաքական աջակցության տեսանկյունից: Իհարկե նման ելքով պատերազմի ավարտ չէր կանխատեսվում, բայց սա աննախադեպ պատերազմ էր»,- նշեց Աշոտ Մելքոնյանը:

Ըստ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենի՝ այս պատերազմից կքաղենք հետևյալ դասերը, որ ոչ մի դեպքում պետք չէ էյֆորիայի մեջ հայտնվել մեր հաղթանակներից և պետք չէ թերագնահատել մեր թշնամուն:

 

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close