Ժպտերես Մարտինը զոհվել է տուն դառնալու ճանապարհին՝ անօդաչուի հարվածի հետևանքով

Ժպտերես Մարտինին հարազատները հենց այսպես են հիշում, կենսուրախ էր, պատրաստակամ բոլորին օգնելու հարցում:
Տան ավագն էր, գործն էլ փոքրին չէր թողնում անելու… Ամեն հարցում նրանից այս պատասխանը կլսեին, դա ես կանեմ…
ԱԱԾ սահմանապահ զորքեր ծառայության էր անցել 2019 թվականի օգոստոսին: Մինչ այդ մեկնել է արտագնա աշխատանքի: Մայրը պատմում է, որ հետո որոշեց այլևս չգնալ, գտավ աշխատանք, սիրեց իր գործը: Զուգահեռաբար նաև սովորում էր: Ընտրել էր իրավաբանի մասնագիտությունը:
Պատերազմի օրը՝ սեպտեմբերի 27-ին, Մարտին Մարտիրոսյանը զանգ է ստացել, շտապ կանչել են, ասել են՝ տագնապ է:
Հարազատներին չի ասել, որ Ջեբրայիլ է մեկնել: Մայրը լուրն իմացել է հարևաններից: Պատերազմի ամեն ժամը դարձել է մղձավանջ տիկին Արմենուհու համար: Հարավում թեժ մարտեր են նախադասությունը, որն այդ օրերին մշտապես է լսել, գուժում էր, որ վատ է լինելու, ասում է Մարտինի մայրը:
Վերջին անգամ Մարտինի հետ խոսել է հոկտեմբերի 19-ի առավոտյան: Ձայնը լավ չէր լսվում…
Հերթափոխի արդյունքում Մարտինը տուն էր վերադառնալու, սակայն թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել են և՛ Մարտինը, և՛ նույն մեքենայի մեջ գտնվող և տուն վերադարձող ծառայակից ընկերները…