«Չարաբաստիկ պատերազմը խլեց Գոռիս կյանքը. շուտ էր պետք կանգնեցնել պատերազմը»

Ամեն դռան ձայնից տիկին Նինան շրջվում է դեպի դուռը: Կարծում է՝ մինուճար որդին՝ Գոռն է ներս մտնելու՝ զուսպ, լուրջ և համեստ: Գոռ Խաչատրյանը 23 տարեկան էր, սակայն իր լրջությունից երբեմն տան անդամներն էլ էին զգաստանում: Բոլորովին այլ էր պատկերը ավելի փոքր տարիքում:
Անասելի չարաճճի տղային բոլորն էին սիրում: Մայրն ասում է՝ կարծես գիտեինք, որ շուտ է լքելու բոլորիս, և հատուկ հոգատարության սիրո և ջերմության մթնոլորտում են մեծացրել Գոռին: Ընտանիքի միակ տղան բոլորի ապավենն էր, հույս տվողն ու հենարանը:
Գոռը չափազանց լավատես էր: Երազանքներ շատ ուներ: Սիրած աղջկա հետ պատրաստվում էր ամուսնանալ:
Մայրն ասում է՝ նա իրեն լիարժեք ու ուրախ էր զգում, երբ ընկերների հետ էր: Օրվա մեծ մասն էր անցկացնում նրանց հետ: Անսահման ընկերասեր տղան ռազմի դաշտում էլ օգնել է վիրավոր ընկերոջը:
Գոռ Խաչատրյանը ծառայել է ԱԱԾ սահմանապահ զորքերում:
Պատերազմի օրերին թե որտեղ է եղել, ինչ փորձություններ է հաղթահարել, ընտանիքի անդամները չգիտեն: Խոսակցությունները ռազմաճակատից եղել են շատ կարճ և ամենակարևորի մասին՝ ձեզ լավ նայեք, մի անհանգստացեք:
Հետ վերադառնալու ճանապարհին թշնամու անօդաչու սարքն է հարվածել մեքենային, որով Գոռն ընկերների հետ տուն էր վերադառնում: