Նորություններ

Նիկոլ Փաշինյանը պարտավոր է ապահովել երկրում Սահմանադրության գերակայությունը և այն զերծ պահել ցնցումներից. Մ. Հարությունյան

«Այն, որ տարածաշրջանում տեղի են ունենում լուրջ վերադասավորումներ, ակնհայտ է։ Այստեղ շատ կարևոր է մեր՝ այդ փոփոխություններին անմիջական մասնակցություն ունենալը, որպեսզի չհայտնվենք լուսանցքից դուրս, ու մեր փոխարեն մեզ վերաբերող հարցերում որոշումներ չկայացնեն այլ երկրներ։ ՀՀ-ն այս համատեքստում պետք է գործի առավել ճկուն, ինչու ոչ, նաև ազատվելով որոշակի պատմական կարծրատիպերից, եթե, իհարկե, դրանք կլինեն հստակ հաշվարկված ու հետագայում կարդարացնեն իրենց»,- այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Մովսես Հարությունյանը՝ անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին։ Ըստ քաղաքագետի՝ այդ իրավիճակում ճիշտ կողմնորոշումը կարող է շրջադարձային բեկում ունենալ մեր երկրի համար՝ իհարկե դրական տեսանկյունից։

Երեկ Ադրբեջանի նախագահը կրկին բարբաջեց, որ Երևանը, Սևանը, Զանգեզուրն Ադրբեջանի պատմական հողերն են։ Ի՞նչ է նշանակում այդ հայտարարությունը եւ ի՞նչ մեսիջներ է պարունակում իր մեջ։

Հարցադրմանն ի պատասխան՝ Հարությունյանը նշեց.

«Նախ արձանագրենք, որ առաջին անգամը չէ, որ Ադրբեջանի նախագահը հանդես է գալիս Հայաստանի տարածքների վրա ունեցած իր հավակնություններով. նա նախկինում ևս բազմիցս հայտարարել է այդ մասին։ Բայց, չնայած այդ հայտարարությունների՝ մտացածին և երևակայական լինելուն, չպետք է մենք անտեսենք դրանք ու անցնենք առաջ։ Հակառակը, պետք է այս մասին բարձրաձայնել տարբեր միջազգային հարթակներում և աշխարհի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ Բաքվի բռնապետը փաստացի հավակնություններ է ցուցաբերում անկախ պետության միջազգայնորեն ճանաչված տարածքների վրա։ Եթե ճկուն գործի մեր դիվանագիտությունը, ապա այս հայտարարությունը կարող ենք օգտագործել հօգուտ մեզ՝ որոշ դեպքերում այն դարձնելով նաև հաղթաթուղթ մեր ձեռքին»։

Քաղաքագետը, անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, վարչապետին ներկայացվող վերջնագրերին, նկատեց.

«Վարչապետի հրաժարականը պահանջում են ընդդիմադիր ուժերը՝ այդպես էլ չկարողանալով դեռևս գեներացնել հրաժարականի հանրային պահանջ։ Կարծում եմ՝ սխալ է երկրի համար ստեղծված այսպիսի բարդագույն իրավիճակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, քանի որ մեր պետության առջև ծառացած են խնդիրներ, որոնց ժամ առաջ լուծումն անհրաժեշտություն է (գերիների վերադարձ, անհետ կորածների փնտրտուք, անտուն մնացած փախստականներին բնակարանով ապահովելու խնդիր և այլն), ինչին իհարկե չի նպաստում երկրում ստեղծված ներքաղաքական լարվածությունը, առավել ևս իշխանափոխությունը կամ էլ ավելի վատ՝ հեղաշրջումը։ Կարճատև ժամանակահատվածում երկրորդ ուժգին ցնցումը կարող է անդառնալի վնաս հասցնել մեր պետականությանը՝ ընդհուպ մինչև հանգեցնելով դրա կորստին։ Ուստի, Նիկոլ Փաշինյանը պարտավոր է ապահովել երկրում Սահմանադրության գերակայությունը և այն զերծ պահել ցնցումներից, ինչն իրեն լիազորել են ընտրողները 2 տարի առաջ տեղի ունեցած ընտրություններում»,- ընդգծեց Մովսես Հարությունյանը։

Քաղաքագետի կարծիքով՝ սխալ է ասել, որ երկրում առկա է քաղաքական կամ կառավարման ճգնաժամ. ավելի շատ առկա է դրա իմիտացիան կամ էլ դրան տանող գործոնների աճը, որոնք հնարավոր է ինչ-որ մի փուլում հանգեցնեն նաև կառավարման ճգնաժամի։

«Բոլոր բարդ, անգամ անելանելի թվացող իրավիճակներում էլ կան ելքեր, և այս դեպքը ևս բացառություն չէ։ Որպես երկրում առկա ներքաղաքական լարվածության լավագույն լուծման տարբերակ դիտարկում եմ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը, որը սակայն պետք է տեղի ունենա միայն վերոնշյալ հրատապ խնդիրների լուծումից հետո՝ մոտավոր հաշվարկներով եկող տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած 6-ամսյա ճանապարհային քարտեզը ևս տեղավորվում է այս համատեքստում, ինչի ավարտից հետո կստանանք արտահերթ ընտրությունների կայացման հավանականության հարցի պատասխանը»,- եզրափակեց Մովսես Հարությունյանը։

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close