ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Արարատս 22 օրական էր, երբ Արտուշը մեկնեց ծառայության. ասում էր՝ տղես պիտի մարզիկ դառնա. ինչ երազանք ուներ, պիտի իրականություն դարձնեմ»

Արտուշ Արարատի Խաչատրյանը պարտադիր ժամկետային զինծառայող էր, ծառայել է Արցախի Մարտունիի զորամասում: Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մասնակցել է թեժ մարտերին, հերոսաբար զոհվել է Հադրութում (հոկտեմբերի 11-ին) թուրք-ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ժամանակ:

Գյումրեցի հերոսի տան մի անկյունում խնամքով դասավորված են Արտուշի մրցանակները, որոնք նրա մարզական նվաճումների ապացույցն են:

Արտուշ Խաչատրյանը ըմբշամարտիկ էր, ավարտել է Գյումրու Օլիմպիական հերթափոխի քոլեջը:

Հարազատները պատմում են, որ Արտուշի երազանքներից մեկը միջազգային կարգի մարզիչ դառնալն էր: Արտուշ Խաչատրյանը ծնվել է Գյումրիում, 22 տարեկան էր, ամուսնացած էր, ունի մեկ որդի (1,5 տարեկան):

«Արտուշը «Ես եմ» ծրագրով էր զորակոչվել բանակ, 3 տարի պիտի ծառայեր, որոշել էր այդ ծրագրից հրաժարվել և հրաժարվելու դեպքում օգոստոսին տանը կլիներ. Արարատս 22 օրական էր, երբ Արտուշը մեկնեց ծառայության: 1,4 ամիս ծառայության մեջ էր: 21 տարեկանում գնաց ծառայության, Արտուշը յուրահատուկ մարդ էր, իր նման մարդ չկա. հանգիստ, խաղաղ… ինչքան ասես հանգիստ էր, բայց որ ջղայնանար, վերջ: Մարդկանց բոլորին ջերմ էր ընդունում, բոլորին օգնում էր, կյանքն էլ ուզեիր, կտար: Շատ երազանքներ ուներ, ասում էր՝ տղես պիտի մարզիկ դառնա»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է գյումրեցի հերոսի կինը՝ Հեղինե Ալավերդյանը:

Բարի, ազնիվ ու յուրահատուկ. այսպես է արցախյան պատերազմում զոհված ամուսնուն բնութագրում Հեղինեն՝ զսպելով արցունքները:

Հերոս ամուսնու մասին խոսելիս Հեղինեի հպարտությունն ու արցունքները միախառնվում են: Ասում է՝ 55 օր ամուսնուց լուր չեն ունեցել, մտածել են, որ անտառում մի տեղ թաքնված կլինեն:

«Փետրվարի 15-ին էր եկել արձակուրդ. դա վերջին անգամն էր, համաճարակի պատճառով էլ չեկավ արձակուրդ: Շատ նպատակներ ուներ, ու էս ցավի մեջ ինձ ուժ են տալիս իր անավարտ մնացած երազանքները:

Պիտի իրագործենք Արտուշի երազանքները… ինչ երազանք ուներ մեր տղայի հետ կապված, ես պիտի իրականություն դարձնեմ:

Մենք 2 տարվա ամուսիններ էինք, ընդամենը 1 տարի ենք միասին ապրել. մենք անգամ խանութ գնալուց միասին էինք գնում: Ես ամեն ինչի մասին կիսվում էի իր հետ, ինքը շատ հասկացող էր»,- պատմում է հերոսի կինը:

Հեղինեն ասում է՝ ամուսինն ամեն հարցում շտապում էր (ծիծաղում է), հետո խոստովանում՝ չնայած ես էլ եմ էդպիսին:

«Արտուշը հորեղբորս տղան է, բայց Արտուշը ինձ համար հարազատ եղբայր է ու շատ ավելին, քան որևէ մեկը կպատկերացնի: Մարդ տեսակի մասին անվերջ կարող եմ խոսել՝ համեստ, բարի, խոհեմ, խելացի, ընկերասեր. նվիրված թե՛ իր գործին, թե՛ իր ընտանիքին: Պայքարող ըմբշամարտիկ էր, մարդկային շատ բարձր ու վեհ արժանիքների տեր անձնավորություն էր»,- պատմում է Արտուշ Խաչատրյանի հորեղբոր աղջիկը՝ Մարիամ Խաչատրյանը:

Արտուշ Խաչատրյանի մորաքույրը՝ տիկին Արաքսյան, քրոջ որդու մասին պատմում է.

«Մեծ սիրտ ուներ, չափից շատ բարի էր մեր Արտուշը: Անդառնալի է կորուստը, ցավը մեծ է, ու էս ցավը մերն է, մեր ամբողջ կյանքում մեզ ուղեկցելու է:

Ոչինչ չի կարող մեղմացնել ցավը, բայց որ մենք այսօր հպարտ ենք, փաստ է…

Ես մինչև հիմա չեմ հավատում, որ Արտուշը չկա, ես հավատում եմ, որ գալու է:

Այս ընթացքում էլ հավատով սպասում էինք, անընդհատ եկեղեցի էինք գնում, աղոթում էինք. Արտուշը մեզ համար կա և միշտ ապրում է»,- նշում է մորաքույրը:

Գյումրեցի հերոսի մայրը՝ տիկին Լուսինեն, շատ չի կարողանում խոսել որդու մասին, ասում է՝ հպարտ է, որ հերոսի մայր է և հարգում է տղայի որոշումը: Չի նեղսրտում, ոչ էլ չարանում է, ասում է՝ իրենց սփոփանքը և ապրելու ուժը փոքրիկ Արարատն է:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close