ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Վերջին անգամ տեսել եմ մայիսին, բայց չեմ կարողացել գրկել ու կարոտս առնել՝ զուտ այն պատճառով, որ հանկարծ չվարակեմ». Վահեի պատմությունը՝ պատերազմում զոհված եղբոր՝ Արմանի մասին

Մատաղ սերնդին առաջնորդում է Հայրենիքի համար հերոսանալու գաղափարը. Հայրենիքի համար չարժե՞ մեռնել…

Արման Յուրիկի Գրիգորյանը ծնվել է 2002թ. Շիրակի մարզի Թորոս գյուղում, ժամկետային զինծառայող էր, ծառայել է Արցախի Ֆիզուլիի զորամասում:

Շիրակցի հերոսը մասնակցել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմին: Պատերազմական գործողությունների ժամանակ ընկերների հետ ոչնչացրել է հակառակորդի մի շարք դիրքեր: Արման Գրիգորյանը հերոսաբար զոհվել է հոկտեմբերի 13-ին թուրք-ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ժամանակ:

«Արմանը սկզբնական շրջանում Արմավիրի զորամասում էր, ամռանը տեղափոխվեց Ֆիզուլի: Տանկիստ էր, դիրքեր չէր բարձրանում, հիշում եմ՝ սեպտեմբերի 26-ն էր, զանգեց, ասաց՝ շտապ դիրքեր ենք բարձրանում, մի կարևոր գործ կա, ես արդեն հասկացա, որ մի բան այն չէ:

Էդ իրիկունը, որ հետը խոսեցինք, ասացի՝ չգնաս զոհվես, մեզ խայտառակ անես:

Արմանի հետ վերջին անգամ խոսել եմ հոկտեմբերի 12-ին, խոսակցությունը տևում էր մի քանի վայրկյան… էդ օրը ասաց՝ տանկս է փչացել:

Հետը որ խոսում էի, ասում էի՝ այսօր քանի՞ դիրք ես գրավել ինձ համար…»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում զոհված հերոսի եղբայրը՝ Վահե Գրիգորյանը:

«Մեր գյուղում մեր ազգին ասում են՝ Քեռեկանք, Արմանին գյուղում «Քեռեկանց Լոպազ» էին ասում. եղբայրս շատ հպարտ էր, բայց դա մեծամտության հետ կապ չուներ, ինքը էդպիսին էր:

Ես Արմանից մեծ եմ, բայց միշտ տան մեծը ինքն է եղել: Արմանը շատ հումորով էր, բայց միևնույն ժամանակ շատ լուրջ էր… ինքն ուրիշ էր. տանը տան տղա էր, շրջապատում՝ շրջապատի տղա: Տաքարյուն էր, դուխով, ընկերասեր. մարդկանց հետ հեշտ էր լեզու գտնում. բոլորի հետ Արմանը խոսելու ընդհանուր թեմա կգտներ:

Ամենից շատ սիրում էր աշխատել, ամբողջ օրը աշխատում էր. իրեն ամեն տեղ կարող էիր տեսնել՝ գյուղատնտեսական աշխատանքներից սկսած, մինչև երիտասարդական ծրագրերում:

Իր ապագայի, ապագա ծրագրերի մասին չէր խոսում, դա փակ թեմա էր…»,-շարունակում է Արմանի եղբայրը:

«Մինչև հիմա ոչ թե չեմ համակերպվում, այլ չեմ հավատում, որ ինքը չկա: Արմանի մահից երկար ժամանակ չի անցել, բայց օր օրի համակերպվում ես այդ մտքի հետ: Հիմա ես ինձ զգում եմ իր գործի շարունակողը և պետք է իր բացը լրացնեմ»:

Վահեն պատմում է, որ եղբորը վերջին անգամ տեսել է մայիսին, բայց չի կարողացել գրկել եղբորն ու կարոտն առնել.

«Մենք իրար հեռվից ենք տեսել, զուտ այն պատճառով, որ հանկարծ չվարակեմ, որովհետև այդ ժամանակ Քովիդի կենտրոնում էի աշխատում»:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close