Նորություններ

«32 տարիները գյումրեցու համար դաժան մաքառման տարիներ էին, բայց գյումրեցին աշխատեց պահել դիմագիծը»

«Ես Կապանի թատրոնում էի աշխատում, իմացանք բոթը, որ երկրաշարժ է եղել… ես դեկտեմբերի 7-ին Գյումրիում չէի եղել և չէի էլ պատկերացնում, թե ինչ է եղել, չէի պատկերացնում, որ քաղաքում գրեթե բարձրահարկ շենքեր չկան, գրեթե ամայություն է ամենուր: Ուզում էինք տաքսի վարձել, հասնել Գյումրի, բայց մեքենա չկարողացանք գտնել, մնացինք գնացքի հույսին. գնացքը անցնում էր Նախիջևանով: Թուրքերը յուրաքանչյուր կայարանի մոտ դհոլ-զուռնով տոնում էին դաժան երկրաշարժը, ուրախանում էին մեր դժբախտության վրա»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում երկրաշարժյան հիշողություններին անդրադառնալով՝ պատմում է ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը:

«Դժվարությամբ հասա Գյումրի. հասանք ավտոկայան, դատարկություն էր, ծուխ, խելագար մարդկանց երթ… գնում էին մարդիկ, անդադար գնում էին, գնում էին, գնում էին:

Ես մի պահ չգիտեի, թե որտեղ եմ հայտնվել. իմ քաղաքն էր, բայց իմ քաղաքին նման չէր: Հասա տուն, տանն էլ մարդ չկար… իմացա, որ մեր տանեցիք գյուղում են: Նույն օրը իմացա, որ հայրս էլ մնացել էր աշխատանքի վայրում: Տասը օր անց գտանք մարմինը, հանձնեցինք հողին: Անջատված էինք մի այլ կերպ, զգացողություններս բթացել էին. չգիտեիր՝ լաց լինեիր, թե ուրախանայիր: Մի պահ զգացողությունների կանգ կար:

Ամեն ինչ համատարած էր, բոլորի ցավը նույնն էր… քայլում էիր շենքի կողքով, ձայներ, հառաչներ էր լսվում, բայց մարդկային ուժը անկարող էր… կամաց-կամաց այդ ձայները սկսեցին լռել:

Մի պահ թվում էր, թե արվեստը, թատրոնը մարդկանց այլևս հարկավոր չեն, մարդիկ ուղղակի որոշել էին ապրել»,- պատմում է Հովհաննես Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքով՝ կամաց-կամաց թատրոնը սկսեց գործել, բեմադրվեցին կատակերգություններ, որոնք գյումրեցին ընդունեց ու անգամ ծափահարեց. դրանով բացվեց կատակերգության թատերաշրջանը, որի կարիքը այդ պահին ուներ գյումրեցին:

«Ժողովրդին մոռանալ ու դրական լիցքեր էին պետք: Ներկայացման պրեմիերայի օրը դահլիճը լեփ-լեցուն էր. կատակերգությամբ մեր հետ ժողովուրդը ժպտաց ու բռավոներ գոռաց: Մենք զգացինք, որ թատրոնը այս քաղաքի համար շատ կարևոր երևույթ է, թատրոնը պետք է լինի:

Հետագայում քաղաքը սկսեց ապրել… չնայած ծանր ու դաժան տարիներ էին, մթի ու ցրտի, բայց մարդիկ գոյատևման համար պայքարում էին, ուզում էին ապրել:

Քաղաքը ապրեց, և մեզ ոտքի կանգնեցրեց մեր հավատը: Հավատը մեր ազգի լավագույն հատկանիշներից է. եթե ցանկանում ես ապրել, ուրեմն կապրես, եթե ցանկանաս ստեղծել, ուրեմն կստեղծես, եթե հավատաս, որ լավ կլինի, ուրեմն լավ կլինի»,- ասում է նա:

Հովհաննես Հովհաննիսյանը, անդրադառնալով հետերկրաշարժյան տարիներին ծնված իրենց մանրապատումներին, որտեղ էկրանից գյումրեցին հնարավորություն ուներ սեփական հոգսն ու օրվա խնդիրը տեսնել, նշեց.

«Ժողովրդին պետք էր ծանր իրավիճակից դուրս բերել, և կամաց-կամաց ժողովուրդը սիրեց այդ մանրապատումները: Ժողովուրդը սիրեց, որովհետև օրվա խնդիրն էինք բարձրացնում. դրանք քայլող ու ոտքի վրա ծնված հումորներ էին, որ կատարվում էր այդ ժամանակահատվածում: Ժողովուրդը, նայելով այդ մանրապատումները, իրեն էր տեսնում դրանց մեջ»,- ասում է Հովհաննիսյանը:

Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ 88-ի աղետից 32 տարի անց, եթե չլիներ այս պատերազմը, Գյումրին սկսել էր նաև հոգեպես վերականգնվել, ժպտացող մարդիկ էին շատացել, քաղաքից կամաց-կամաց սև գույնն էր բացակայում:

«32 տարիները գյումրեցու համար դաժան մաքառման տարիներ էին. տնակներ, ցեխոտ փողոցներ, անաշխատանք կյանք, սոցիալ-տնտեսական ծանր վիճակ, բայց գյումրեցին աշխատեց պահել դիմագիծը՝ իր թասիբով ու պատվասիրությամբ, երբեք չխոնարհվեցին, ոչնչից ստեղծեցին ամեն ինչ… Գյումրին վերածնվող քաղաք է…»,- եզրափակեց ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը:

Անահիտ Չալիկյան

 

 

Back to top button
Close