Նորություններ

Նարինե Մկրտչյանն առաջարկում է օրհասական այս վիճակից դուրս գալու ծրագրային դրույթներ

Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդն ապրում են մեր նորագույն շրջանի պատմության ծանրագույն ժամանակները: Պատերազմը տանուլ է տրված, Հայաստանը ստորագրել է կապիտուլյացիոն ամոթալի համաձայնագիրը: Վերջին երեսուն տարիների մեր պայքարի և հպարտության աղբյուրը՝ Ղարաբաղի մեծ մասը, կորսվել է: Կորսվում են նաև պատմական մեծարժեք Հայաստանի ինքնիշխանությունը և անկախությունը: Հայաստանի սահմանների հարցը դարձյալ ասպարեզում է և կարող է վտանգավոր լուծումներ ստանալ: Հայաստանի քաղաքացիների մեծ մասը հուսաբեկ է, երկիրը կանգնած է ներքին ցնցումներին դեմ հանդիման:

Թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ այս օրերին ես նամակներ եմ ստանում, ուր ինձ հարցնում են, թե որո՞նք են իմ առաջարկած ելքը և իրավիճակից դուրս գալու ուղիները: Եվ թեպետ ես շաբաթական պարբերականությամբ քաղաքական հոդվածներ եմ տպագրում, Ֆեյսբուքում ինձ մտահոգող խնդիրներին անդրադառնում, իմ տեսակետները հիմնականում հանրայնորեն հայտնի են, սակայն կարծես այդ ամենը բավարար չէ: Այդ նամակներն ինձ մղեցին ամբողջացնել ստեղծված բարդագույն իրավիճակից դուրս գալու իմ դիտարկումները և ներկայացնել Հայաստանի վերափոխման՝ իմ ծրագրային դրույթները:

Արհավիրքը կարող է արագորեն աճել, եթե մենք իրավիճակի հաղթահարման և Հայաստանի վերափոխման խնդիրների լուծման շուրջ շրջահայացություն չցուցաբերենք և շարունակենք անտեսել այն բարդ իրավիճակը, ուր հրել են մեզ: Սակայն նույնիսկ անդունդում հայտնված մարդը մտածում է այնտեղից դուրս գալու, վերքերը բուժելու և ջարդված հայացքը վերափոխելու մասին:

Մենք հին ժողովուրդ ենք՝ հին ժողովուրդներին հատուկ հարատևելու կամքով: Ես լիահույս եմ, որ այդ կամքը մեզ չի լքի նաև այսօր և կպարտադրի հաղթահարել պարտությունների բեռը:

Ես առաջարկում եմ օրհասական այս վիճակից դուրս գալու և Հայաստանի վերափոխման իմ ծրագրային դրույթները:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ԻՄ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

 Ներքին քաղաքականություն և պետական կառավարում

 

  1. Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, հեռանա իշխանությունից և քաղաքականությունից:
  2. Նախկինների վարկաբեկված և կոռումպացված դեմքերը չպետք է իշխանության հավակնեն:
  3. Իշխանության մաս այլևս երբեք չպետք է կազմեն ՀՀ նախկին և ներկա նախագահներից և վարչապետներից և ոչ մեկը:
  4. Հայաստանից կողոպտվածը դրամ առ դրամ պետք է վերադարձնել պետական բյուջե՝ օրենքի տառին համապատասխան, միաժամանակ պետք է դադարեցնել քաղաքական հետապնդման ենթատեքստով բոլոր գործողությունները նախկին պաշտոնյաների նկատմամբ:
  5. ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պետք է պաշտոնանկ արվի:
  6. 2021թ. փետրվարի սկզբին պետք է ամբողջությամբ ընդունվեն ՀՀ Ընտրական օրենսգիրքն ու Կուսակցություններրի մասին օրենքը: Ընտրական օրենսգրքից պետք է հանել վարկանիշային քվեարկությունը, ընտրագրավի չափը սահմանել 2000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամից ոչ ավել, համամասնականի և մեծամասնակաանի հարաբերակցությունը սահմանել 75/25 տոկոս հօգուտ համամասնականի, անցումային շեմը պետք է իջեցնել 3 տոկոսի: Նախընտրական դաշինքների ստեղծումը պետք է բացառել օրենքով:
  7. 2021թ. դեկտեմբերի 1-ին պետք է կայանան խորհրդարանի արտահերթ ընտրություններ:
  8. Նոր խորհրդարանը պետք է նախաձեռնի և մեկ տարվա ընթացքում ընդունի ՀՀ նոր Սահմանադրություն՝ հանուն հասարակական համերաշխության՝ քվեարկության դնելով թե՛ նախագահական, թե՛ խորհդարանական կառավարման տարբերակները:
  9. Սահմանադրությամբ պետք է դատաիրավական համակարգի վերափոխման սկիզբը դնել:
  10. Հայաստանի անվտանգության մարմինները պետք է համագործակցեն տարբեր պետությունների հետ, սակայն երբեք չեն կարող դառնալ այդ պետությունների պատանդը: Անվտանգության մարմինները ներքաղաքական գործընթացների մաս չպետք է կազմեն:
  11. Սահմանամերձ շրջանների ռազմավարական նշանակության ամրակայման խնդիրներով զբաղվող հատուկ գործառույթներով մարմին պետք է ստեղծել:
  12. Հայաստանում մինչև 2021թ. մարտի ամիսը 25 տոկոսով պետք է կրճատել պետական գերատեսչությունների, 70 տոկոսով՝ ծառայողական ավտոմեքենաների թվաքանակը, 50 տոկոսով՝ պետբյուջեի հաշվին գործողումները, 80 տոկոսով՝ պետական պարգևավճարները: Պետական բյուջեի ծախսերի յուրաքանչյուր դրամը պետք է խոստորեն վերահսկվի:
  13. Պետական ոլորտի բոլոր մակարդակի աշխատակիցների աշխատավարձը ողջամտության սահմաններում պետք է բարձրացնել:
  14. Կոռուպցիան և կաշառակերությունը պետք է արմատախիլ արվի պետական կառավարման բոլոր ոլորտներում՝ առանց ներքին ցնցումներ առաջացնելու:
  15. Հայեցի և արդիական կրթության խնդիրը պետք է դառնա կրթական համակարգի հիմքը: Պետությունը բարձագույն կրթությունը պետք է դադարի դիտել որպես բիզնես ոլորտ:
  16. Հայոց լեզուն պետական լեզվին հարիր բոլոր իրավունքները և անառարկելի գերակա դիրքը պետք է ունենա: Հայոց լեզվի ուսուցումը պետք է պարտադիր դառնա նաև բուհերում: Հայաստանում Սահմանադրությամբ պետք է արգելվի երկրորդ պետական լեզվի գոյությունը:
  17. Բոլոր օտար լեզուները միմյանց հանդեպ պետք է ունենան նույն կարգավիճակը՝ առանց որևէ մեկի գերակա դիրքի:
  18. Բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի և հանրակրթական դպրոցների ուսուցիչների աշխատավարձը պետք է մինչև հաջորդ տարեվերջ բարձրացնել 30 տոկոսով:

 

Արտաքին քաղաքականության  ոլորտում

 

  1. Հայաստանը Ռուսաստանի հետ ո՛չ թե պատային, ո՛չ թե կացնային, ո՛չ թե արբայնակային-վասալային հարաբերություններ պետք է կառուցի, այլ հայ-ռուսական երկկողմ, միջպետական արժանապատիվ, փոխշահավետ, իրավահավասար հարաբերություններ: Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանի ինքնիշխանությունից մազ անգամ չպետք է պակասի:
  2. Հայաստանը չպետք է ո՛չ ռուսական ֆորպոստ դառնա, ո՛չ էլ հակառուսական ուժերի պլացդարմ:
  3. Մինչև 2021թ. տարվա մարտ ամիսը Հայաստանի խորհրդարանը պետք է չեղարկի 1921թ. Մոկվայի ռուս-թուրքական պայմանագիրը:
  4. Հայաստանը պետք է սկսի ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց:
  5. Հայաստանը Եվրամիության հետ նոր հարաբերություններ պետք է կառուցի՝ եվրաինտեգրման հնարավորինս մոտ հեռանկարով:
  6. ՆԱՏՕ-ի հետ բանակցություններ պետք է նախաձեռնել:
  7. Հայաստանը պետք է զենք-զինամթերք գնի ոչ միայն Ռուսաստանից, այլև այլ երկրներից: ՌԴ-ից գնվող զինամթերթի չափաբաժինները պետք է պակասեցնել:
  8. Հայաստանը պետք է չեղարկի նոյեմբերի 9-ի հակահայկական կապիտուլյացիոն պակտը և քննարկումներ սկսի նոր համաձայնագրի շուրջ:
  9. ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կառուցելիս ոչ թե միայն ամերիկյան ֆինանսական աջակցություններին ապավինել, այլ հետամուտ լինել հայ-ամերիկյան քաղաքական, ռազմական, տնտեսական նոր պայմանագրերի ստորագրմանը և կենսագործմանը:
  10. Համահայկական կառույցներին պետք է կոնկրետ խնդիրներ առաջադրվեն: Սփյուռքը պետք է դառնա հայկական գործոնի, հայկական դիվանագիտության, Հայաստանի պետության հենարանը:
  11. Հայաստանը պետք է պատրաստ լինի աշխարհաքաղաքական նոր փոփոխություններին: Միաժամանակ, Հայաստանը չպետք է աշխարհաքաղաքական հակասությունների խառնարան նետվի:
  12. Այս ամենից հետո Ղարաբաղն ամբողջությամբ պետք է ազատագրել և վերամիավորել Հայաստանի հետ:

 

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Մամուլի ազգային ակումբի նախագահ

«Քաղաքական լիգայի» համակարգող

Back to top button
Close