Թուրքիան ամբողջովին վճարել է 2,5 մլրդ. դոլարը. Ռուսաստանը սպասում է Անկարայի՝ S-400 համակարգի 2-րդ խմբաքանակը գնելու որոշմանը

Թուրքիան Ռուսաստանի Դաշնությանն ամբողջությամբ վճարել է հակաօդային պաշտպանության S-400 համակարգերի մատակարարման դիմաց, ասել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը:
«Մենք ամբողջությամբ իրագործել ենք պայմանագիրը, այն փակվել է, ինչը նշանակում է, որ մենք առաքել և ստացել ենք բոլոր միջոցները»,- լրագրողներին հայտնել է Չեմեզովը ՝ պատասխանելով «Ինտերֆաքս» -ի հարցին:
Նա հայտարարել է, որ Անկարայի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարներ կան: «Այս պայմանագիրը բացառիկ էր, քանի որ այն իրականացվել էր ՆԱՏՕ-ի անդամ երկրում: Մենք բանակցություններ ենք վարում թուրք գործընկերների հետ այլ սարքավորումների վաճառքի հարցի շուրջ, հեռանկարներ կան», — ասել է Չեմեզովը:
Նա ավելացրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը դեռ սպասում է Անկարայի՝ S-400-ի երկրորդ խմբաքանակը գնելու որոշմանը: «Այժմ գնդակը Թուրքիայի դաշտում է. մենք սպասում ենք մեր գործընկերների որոշումներին: «Ռոսօբորոնէքսպորտը» մշտական կապի մեջ է թուրքական կողմի հետ և քննարկում է հետագա համագործակցությունը»,-նշել է Չեմեզովը:
«Մենք նաև քննարկում ենք Թուրքիայում տարրեր արտադրելու հնարավորությունը: Ի վերջո, S-400 Triumph-ը բարդ տեխնիկա է: Այն զրոյից արտադրելն անիրատեսական է», — ավելացրել է նա:
Հիշեցնենք, որ Թուրքիան Ռուսաստանից գնել է S-400-ի 4 դիվիզիոն: 2019 թվականի հոկտեմբերի 23-ին «Ռոսօբորոնէքսպորտը» հայտարարեց, որ Ռուսաստանը ժամանակից շուտ է իրագործել այս պայմանագիրը՝ Թուրքիային մատակարարելով S-400 համակարգերի բոլոր տարրերը, ներառյալ հրթիռները:
Անկարայի հետ Մոսկվայի՝ S-400 համակարգեր մատակարարելու գործարքի գումարը կազմում է 2,5 միլիարդ դոլար: