Նորություններ

32 տարի անց. աղետի գոտում դեռեւս մարդիկ կան, ովքեր ապրում են ժամանակավոր տնակներում ու ինքնաշեն կացարաններում

1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի նման ավերիչ ուժի երկրաշարժեր երկրագնդի վրա միջին հաշվով տարեկան լինում են 15-20 հատ: Ինչպես ամեն մի ուժեղ երկրաշարժ, այնպես էլ Սպիտակի երկրաշարժն ունի իր որոշակի առանձնահատկությունները:

Սպիտակի երկրաշարժը տեղի է ունեցել 1988թ. դեկտեմբերի 7-ի Գրինվիչի ժամանակով ժամը 7 անց 41 րոպե 22,7 վայրկյան (տեղական ժամանակով 11 անց 41րոպե 22,7 վրկ.): Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ:

Ավերիչ երկրաշարժի հետեւանքով տուժել է 21 քաղաք և շրջան, 342 գյուղ, անօթևան է մնացել 514 հազար մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել մոտ 20000 մարդ, որոնցից հոսպիտալացվել են 12500 մարդ, զոհերի թիվը կազմել է 25000 մարդ:

Զոհեր շատ են եղել հատկապես Լենինականում (Գյումրի. շուրջ 17 հազար) և Սպիտակում (4 հազ) մարդ (պաշտոնական տվյալներով): Ավերվել է ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17%-ը, դադարել են գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս է հասցվել գյուղերին և ագրոարդյունաբերական համալիրին, նաև ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին, տուժել է կրթական 917 օջախ:

Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից հանվել է ավելի քան 45000 մարդ, հոսպիտալացվել 12500 մարդ:

Երկրաշարժի երրորդ օրը նախկին Խորհրդային Միությունում հայտարարվեց սգո օր: Առաջին անգամ ԽՍՀՄ պատմության մեջ որոշում կայացվեց թույլատրել արտասահմանյան պետությունների ներկայացուցիչներին մասնակցել փրկարարական աշխատանքներին:

Վիրավոր Հայաստանին օգնության ձեռք մեկնեցին աշխարհի 113 պետություններ: Ամենանշանակալից ջանքերը գործադրեցին Ֆրանսիան, Իտալիան, Շվեյցարիան, Ավստրիան, Նորվեգիան, Նիդերլանդները եւ այլ երկրներ, որոնց փրկարարները, բժիշկները, ճարտարագետները եւ աղետի դեմ պայքարի հմուտ մասնագետներն անգնահատելի օգնություն ցուցաբերեցին: Բայց աղետի հաղթահարման հիմնական ծանրությունը ընկած էր Խորհրդային Միության վրա: Աղետյալներին առաջինը օգնության եկան այդ գոտում տեղակայված խորհրդային զինված ուժերի զինվորներն ու սպաները, ովքեր տեղացիների հետ ուս-ուսի առաջին պահից կրում էին փրկարար գործողության ողջ ծանրությունը:

Խորհրդային կենտրոնը որոշեց երկրաշարժի հետեւանքները վերացնել երկու տարվա ընթացքում, սակայն վրա հասած տնտեսական ճգնաժամի, ապաինտեգրման գործընթացի եւ ԽՍՀՄ փլուզման պատճառով այդ ծրագիրը չիրականացավ: Խորհրդային Միության փլուզումից հետո աղետի գոտում աշխատող միութենական հանրապետությունների փրկարարական եւ շինարարական կազմակերպությունները հեռացան: Վերջինը Հայաստանից հեռացան ռուսաստանցի շինարարները:

Վերականգնման ամբողջ ծանրությունը մնաց Հայաստանի ուսերին:

Մինչ օրս չի հաջողվել վերացնել ավերիչ երկրաշարժի հետեւանքները: Գյումրիի, Վանաձորի եւ մյուս բնակավայրերի վերականգնման գործընթացը, տարբեր տեմպերով եւ ծավալներով, ընթանում է 32 տարի շարունակ: Փաստն այն է, որ երկրաշարժից 32 տարի անց, աղետի գոտում դեռեւս մարդիկ կան, ովքեր ապրում են ժամանակավոր տնակներում ու ինքնաշեն կացարաններում:

 

Back to top button
Close