Նորություններ

«Նոյեմբերի 9-ից հետո նոր պլաններ ստեղծվեցին՝ վերադարձնել մեր հայրենիքը, իսկ անձնական պլանները մղվեցին երկրորդ պլան»

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմը բոլորին համախմբեց մեկ գաղափարի շուրջ. այն է՝ հայրենիքի պաշտպանությանը։ Գուրգեն Սիմոնյանը կամավոր մեկնեց առաջնագիծ. Շուշիի առանձնակի գումարտակի անդամ է, մասնակցել է հայրենիքի պաշտպանության համար մղվող թեժ մարտերին։ Գուրգենն իմանալով, որ հայրենիքը պաշտպանության կարիք ունի, կամավորագրվել է և հոկտեմբերի 12-ին մեկնել Արցախ։

«Երկար-բարակ չեմ մտածել, ես միշտ եմ պատրաստ եղել… Արցախը իմ հողն ու ջուրն է։ Ընտանիքիս համար որոշումս ծանր էր, բայց հասկանալով, որ մեր ապագայի հարցն է, ընտանիքս փորձեց ավելի սառը դատել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է գյումրեցի երիտասարդը։

Գուրգեն Սիմոնյանն ասում է՝ մի րոպե անգամ մտքով չի անցել, որ մտածի փոշմանելու մասին։ «Սկզբից շատ լավ էր, հենց գնալու օրվանից դուխը չափից շատ էր։ Ու մի բանի մասին էինք մտածում՝ հաղթանակած տուն գալու մասին։ Կռվի ընթացքում մեզ առաջ մղող միտքը մեկն է՝ Հայրենիքը ցանկացած գնով պահելը, չկորցնել ինքնագիտակցությունդ ու աշխատել միշտ լինել կանգուն»,-ասում է Գուրգենը։

«Պատերազմի դաշտում ծնված ընկերությունից ավելի հզոր ու ամուր ընկերություն չեք կարող պատկերացնել։ Պատերազմում զինակից ընկերոջդ մահը հոգուդ խորքում վրեժ է առաջացնում։ Նրանց զոհվելուց հետո մի պահ նեղվածություն ես զգում ու հետո նորից սկսում սառել բոլորի հանդեպ… Ռազմի դաշտում ընկճվել չկա. սառն եմ մտածում, պատերազմ էր, պիտի լինեին նաև զոհեր։ Պատերազմից հետո ավելի ես սկսում սիրել կյանքը, գնահատել ու արժևորել ամեն ինչ։ Վերարժևորում ես ու հասկանում, թե ինչքան բան ես արել կիսատ, որը չգիտես՝ կկարողանաս շարունակել, թե ոչ, որովհետև պատերազմ է»,- շարունակում է երիտասարդը։

Գուրգեն Սիմոնյանի խոսքով՝ մենք պատերազմում պարտվեցինք, որովհետև դավաճաններ ունեինք ներսում, որովհետև խաբեցին ազգին, իսկ ազգը հավատում էր։ «Պատերազմին միշտ պատրաստ է զինվորը, առաջնագծում կանգնած հերոսը, իսկ դիվանագիտական պայքարում զիջեցինք. ավելի ճիշտ չզիջեցինք, դավաճանները դավաճանեցին հայրենիքին։ Նոյեմբերի 9-ից հետո նոր պլաններ ստեղծվեցին՝ վերադարձնել մեր հայրենիքը, իսկ անձնական պլանները մղվեցին երկրորդ պլան»։

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close