Նորություններ

«Երկուստեք արժանի են իրար, և արդյունքում ունենք այն աղետալի վիճակը, որն այսօր առկա է Հայաստանում». Ս. Սարոյան

«Ներկա-նախկին իշխանություններն իրար արժանի են, ըստ էության, տարբերությունը շատ մեծ չէ: Այն իրավիճակը, որ ունենք հիմա, թե՛ նախկինների ապիկար կոռուպցիոն կառավարման և ազգային պետական շահերը ոտնահարելու քաղաքական գծի արդյունքն է և թե՛ ներկաների ապաշնորհ կառավարման արդյունքն է, որը, ըստ էության, կոնկրետ առաջխաղացում չապահովեց, որպեսզի կարողանայինք այս պատերազմից խուսափել կամ պատերազմում նման պարտություն չկրել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սարո Սարոյանը՝ անդրադառնալով նախկիններ-ներկաներ հեռակա «փոխհրաձգությանը»:

«Երկու տարուց ավելի խոսվում է այն մասին, որ սևեր-սպիտակներ տարանջատումը մեր երկրին որևէ լավ բան չի խոստանում, և մենք արդեն դրա պտուղները քաղում ենք վաղուց. քաղաքական դաշտը ավերված է:

Հիմա այն, ինչ անում են նախկին վարչակազմերի ղեկավարները կամ քաղաքական միավորները, և այն, ինչ անում է ներկայիս գործող վարչախումբը, դրանք շարունակությունն են այդ նույն քաղաքականության, որը ոչ մի լավ բան չի խոստանում և շարունակում է ավերել քաղաքական դաշտը, կապանքների մեջ պահել հանրությանը, և ներքաղաքական ճգնաժամը հենց դրա արդյունքն է:

Երկուստեք արժանի են իրար, և արդյունքում ունենք այն աղետալի վիճակը, որն այսօր առկա է Հայաստանում՝ քաղաքական ճգնաժամ, տնտեսական ճգնաժամ, հումանիտար և այլն»,- ընդգծեց քաղաքագետը:

Տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակն ինչ մարտահրավերների առաջ է կանգնեցրել Հայաստանին, և ինչ առաջնահերթ քայլեր պետք է ձեռնարկեն մեր իշխանությունները:

Հարցադրմանն ի պատասխան՝ Սարո Սարոյանը հայտարարեց.

«Տարածաշրջանը եռում է, վաղուց է եռում: Մենք տեսանք, որ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը այս տարվա ամռանը մուտք գործեց Հարավային Կովկաս, և դրա արդյունքում մենք ցավալի պարտություններ կրեցինք: Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացները շարունակվում են և խորանում են: Չպետք է կարծել, որ այն, ինչ տեղի ունեցել է, արդեն ավարտված է:

Իհարկե շատ խորը գործընթացներ են կատարվում, և այդ մարտահրավերին Հայաստանը պատրաստ չէր. դա ցույց է տալիս մեր պետական ինստիտուտների անզորությունը, հատկապես խոսքն արտգործնախարարության մասին է»,- շեշտեց Սարոյանը:

Ըստ քաղաքագետի՝ այս իրավիճակի ելքն այն է, որ Հայաստանում պետական կառավարումը վերագործարկվի.

«Չկա այսօր պետական կառավարում, քաղաքական միավորներն էլ, ըստ էության, զբաղված են սեփական նեղ կլանային շահերի սպասարկմամբ, ինչը ենթադրում է՝ ամեն գնով հասնել պետական կառավարման լծակներին, այլ կերպ ասած՝ իշխանության, իսկ թե ինչպես են կառավարելու, իրենց չի մտահոգում: Անգամ այն խնդիրները, որ դրված են պետության առջև, նրանք դրանից պատկերացում չունեն, և այդ բոլոր խաղացողների միակ հույսը մնում է արտաքին ինչ-որ ուժի հովանավորի փնտրտուքը: Բոլորը ներկայանում են այն գաղափարով, թե ներկաները, նախկինները լավ չեն ծառայություններ մատուցել Կրեմլին, և իրենք ավելի լավ ծառայություններ կմատուցեն Կրեմլին:

Սա կապել է Հայաստանի քաղաքական դաշտը, և դրանից դուրս որևէ մեկի մտքով այլ բան չի անցնում:

Տերերի փնտրտուք է միայն կամ տիրոջը լավ ծառայելու քաղաքական գծի ներկայացում է տեղի ունենում, դրա համար մենք այսօր ունենք շատ վատ ներկա»,- եզրափակեց քաղաքագետ Սարո Սարոյանը:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button
Close