Նորություններ

Բոլոր այն մարդիկ, որոնք ասում են՝ գնանք թուրքերի հետ խոսենք, ծառայում են թշնամու շահերին. Վազգեն Մանուկյան

Հիմա ձեւավորվելու է ժամանակավոր կառավարություն. Որո՞նք պետք է լինեն այդ կառավարության խնդիրները. Հիմա փորձեմ մի քանիսը թվարկել, որոնք ոչ թե հերթով են լուծվելու, այլ զուգահեռ, բոլորը միասին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Առաջինը եռակողմ համաձայնագիրն է, մենք երբեք չենք հաշտվի այդ փաստաթղթի հետ, բայց այդ փաստաթուղթը աշխատում է դե ֆակտո, եւ չենք կարող հրաժարվել դրանից: Դա կնշանակի պատերազմ Ադրբեջանի  եւ Թուրքիայի հետ, դա կնշանակի նաեւ խռովություն նաեւ ռուսական խաղաղապահ զորքերի հետ: Եվ հիմա «շնորհիվ» Նիկոլի ոչ մի լծակ չունենք, նույնիսկ Սոթքը չենք կարողանում պահել: Բայց այդ պայմանագիրը կազմված է բավականին փնթի, շատ բացթողումներով: Այնտեղ տասնյակ էջեր պետք է լինեին, թե դա ոնց է մեկնաբանվելու, եւ նոր կառավարությունը պետք է կարողանա բանակցությունների միջոցով ամեն մի անորոշությունը դարձնի հօգուտ Հայաստանի:

Երկրորդը կարեւոր հարցը անվտանգությունն է. մեզ պետք է նորից վերականգնել մեր բանակը, մեր մարտունակությունը, դարձնել ժամանակակից բանակ: Անվտանգության հարցի մեջ մտնում են նաեւ մեր հատուկ հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այս տարածաշրջանում դու Ռուսաստանի հետ չես կապված, ուրեմն մնում է Թուրքիան: Ռուսաստանի հետ մենք ունենք բազմաթիվ ընդհանուր շահեր, Թուրքիայի հետ չունենք ոչ մի ընդհանուր շահ: Բոլոր այն մարդիկ, որոնք հիմա ասում են՝ գնանք թուրքերի հետ խոսենք, Ռուսաստանի հետ չխոսենք, նրանք ուզած, թե չուզած, կամա թե ակամա, ծառայում են թշնամու շահերին:

Բայց բացի Ռուսաստանից մենք ունենք էլի դաշնակիցներ, պետք է վերականգնենք մեր դաշնակցային հարաբերություններն ու վստահությունը: Թուրքիայի դեմ մեծ ուժ է հավաքվել, աշխարհը չի ներելու Թուրքիային  իր լկտիությունները: Եթե ստեղծվում է դաշինք Թուրքիայի դեմ, մենք այդ դաշինքի մեջ ենք:

Եվ նորից պետք է վերականգնենք Մինսկի խմբի ձեւաչափը, նորից պետք է մտնենք բանակցային պրոցեսի մեջ: Դա շատ կարեւոր է»,-ասաց Վազգեն Մանուկյանը:

Երրորդ կարեւոր հարցը, ըստ նրա, մեր անհայտ կորածներն են, գերիները, վիրավորները, զոհված զինվորների ընտանիքներին օգնելու հարցը, այն փախստականների հարցը, որոնք մեր մեղքով հայտնվեցին Հայաստանում որպես փախստական:

«Պետք է ստեղծել պայմաններ Արցախում, որպեսզի այդ մասի բնակիչները կարողանան վերադառնալ: Դա պետք է լինի կառավարության ամենօրյա աշխատանքը»,-ընդգծեց Վազգեն Մանուկյանը:

Back to top button
Close