Նորություններ

«Կան բազում լոկալ կենցաղային հրատապ խնդիրներ, ամեն պահի վառվող հարցեր, որոնք մեղմելն այս պահի առաջնահերթությունն է». Մ. Թանդիլյան

«Պատերազմի ավարտից անմիջապես հետո այցելեցի Արցախ, այդ ժամանակ իմ նախաձեռնությամբ հանդիպել եմ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին՝ տեղեկացնելով, որ որոշել եմ տեղափոխվել Արցախ և պատրաստ եմ օգնելու Արցախին և Արցախի ժողովրդին՝ ուժերիս ներածի չափով։ Արցախի նախագահը ուրախ էր դա լսել և խնդրեց դիտարկել մի քանի հնարավորություն»,- այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ  «Լուսավոր  Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով հարցադրմանը, թե ինչու որոշեց  վերադառնալ քաղաքականություն:

Թանդիլյանի խոսքով՝ Արցախում  ծանոթանալով ստեղծված իրավիճակին՝ որոշել է,  որ ընդհատելու է բուժումը, ապրելու է  Արցախում և ապրեցնելու է Արցախը։

Հարցին,  թե որոնք են լինելու հետագա անելիքներն Արցախում, Մանե  Թանդիլյանը պատասխանեց.

«Այս պահին մանրամասնելը պատեհ ժամ չէ, քանի որ կան բազում լոկալ կենցաղային հրատապ խնդիրներ, ամեն պահի վառվող հարցեր, որոնք մեղմելն այս պահի առաջնահերթությունն է»,- եզրափակեց  Թանդիլյանը:

Նշենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ դեկտեմբերի 2-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ Մանե Թանդիլյանը նշանակվել  է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար։

Հիշեցնենք, որ  ամիսներ առաջ ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն առողջական խնդիրների պատճառով  վայր էր  դրել պատգամավորական մանդատը:

                                                                                                                        Անահիտ Չալիկյան

Back to top button
Close