Նորություններ

Այսօր Դադիվանքի պատերի տակ թուրքն է քայլում. Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան

Սիրելի հավատավոր ժողովուրդ, այսօր ես շատ տխուր եմ նրա համար, որ կորցրել ենք Արցախի տարածքի մի մասը, որ այսօր մեր զինվորների մարմինները գտնվում է այնտեղ, ուր թշնամին է՝  գրավյալ տարածքներում, բայց մենք մեզ համարում ենք հպարտ քաղաքացիներ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ նշեց Դադիվանքի վանական համալիրի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը:

«Կարո՞ղ եք ասել պատճառը որն է, որ մենք հպարտ քաղաքացի ենք: Հպարտությունը մեծ մեղք է: Այսօր բազում երկրներ, որոնք պատերազմի մեջ չեն, չեն ասում հպարտ քաղաքացիներ, բայց մենք կորցնելով մեր տարածքները, մեր զինվորների մարմինները թողնելով այնտեղ, մեզ հպարտ քաղաքացի ենք համարում:

Գիտեմ, որ եկել եք ձեր արդար ձայնը բարձրացնելու, բայց կան մարդիկ, որոնք ուզում են այս ամենը կռվի վերածել: Եթե այդպիսիները կան, խնդրում եմ վաղը, մյուս օրը հավաքվենք ու գնանք այնտեղ, որտեղ պետք է կռվենք: Այն սահմանում, որտեղ թշնամին մեզ է սպասում: Մենք պետք է մաքրենք մեր երկիրը, սա դեռ սկիզբն է: Այսօր Դադիվանքի պատերի տակ թուրքն է քայլում: Երեկ ուդիները այնտեղ իրենց ծառայությունն են մատուցել, բայց մեր հոգեւորականների ներկայությամբ: Այսօր դրա մասին պետք է մտածենք: Մենք պետք է հզորանանք մեր հավատքի, մեր սիրո մեջ: Գիտե՞ք, երբվանից  սկսեցինք պարտվել, երբ մեր ժողովրդի մեջ սկսեցինք պառակտում առաջացնել՝ սպիտակներ-սերեւ, արցախցիներ-հայաստանցիներ, բայց մենք հայ ենք: Մեր մեջ պետք է լինի աստվածային սեր: Մենք կգնանք ու կհաղթենք, մեր տարածքները մեզ են սպասում»,-ասաց նա:

Back to top button
Close