Նորություններ

Սյունիքի մարզի համայնքապետերը միանում են վարչապետի հրաժարականի պահանջին

Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները հանդես են եկել կոչով՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը: Հայտարարությունը տեղադրվել է համայնքապետարանների «Ֆեյսբուք»-ի էջերում:

Համայնքների ղեկավարների և  ավագանիների անդամների տարածած հայտարարության մեջ նշվում է, որ այս պահին գերխնդիրը Սյունիքի պաշտպանությունն է, բնակչության անվտանգության ապահովումը: «Ստեղծված իրավիճակում ամեն օր էլ ավելի ենք համոզվում, որ այս իշխանության հետ հնարավոր չէ չեզոքացնել մեզ սպառնացող աղետը, ուստի պահանջում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Սա քաղաքական շահարկումների խնդիր չէ, այլ հայրենիքի փրկության, Սյունիքի բնակչության անվտանգության ապահովման հարցն է»,-ասված է հայտարարությունում:

Պահանջին միացել են Կապան համայնքի ղեկավար՝ Գևորգ Փարսյանը և ավագանու անդամներ, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը և ավագանու անդամներ, Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը և ավագանու անդամներ, Մեղրի համայնքի  ղեկավար Մխիթար Զաքարյանը և ավագանու անդամները, Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և ավագանու անդամները, Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը, Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը ու ավագանու անդամներ:

Back to top button
Close