Նորություններ

«Իմ խորին համոզմամբ՝ ռազմագերիների վերադարձի համար Ադրբեջանի կողմից ներկայացվել են կամ ներկայացվելու են այլ նախապայմաններ, որոնք նշված չեն հայտարարության մեջ». Ն. Նորիկյան

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Նորայր Նորիկյանի կարծիքով՝ հոկտեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը տխրահռչակ, պարտվողական, Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ակնհայտ ոչ հայանպաստ փաստաթուղթ է, որը չի արտացոլում հակամարտության իրական էությունը:

Վերջինիս խոսքով՝ այդ հայտարարության բովանդակությունից ակնհայտ է, որ հակամարտության հարցն ամբողջովին չի լուծվում, և որևէ նշույլ, ակնարկ չկա Արցախի հետագա կարգավիճակի վերաբերյալ:

Ըստ Նորիկյանի՝ ընդհանուր առմամբ այդ հայտարարությունը քիչ աղերս ունի հայանպաստ կամ հայկական կողմերի շահերի տեսանկյունից:

Փաստաբանը, անդրադառնալով եռակողմ հայտարարության 8-րդ կետին, որը վերաբերում է գերիների և պահվող անձանց վերադարձին, հայտարարեց.

«Ես կարծում եմ, որ եթե անհապաղ չկատարվի ռազմագերիների վերադարձը, Հայաստանի պետականությանը, ինքնիշխանությանը ստորացուցիչ մարտահրավեր կլինի:

Նորայր Նորիկյան

Իմ խորին համոզմամբ՝ ռազմագերիների վերադարձի համար Ադրբեջանի կողմից ներկայացվել են կամ ներկայացվելու են այլ նախապայմաններ, որոնք նշված չեն հայտարարության մեջ: Այսինքն՝ Ադրբեջանը հայտարարության բովանդակությունից դուրս փորձում է պահանջներ ներկայացնել Հայաստանին, ինչը անընդունելի է և դատապարտելի և Հայաստանի ինքնիշխանության համար վիրավորական է:

Այնպիսի տպավորություն ունեմ, որ հայտարարության մղումներն իրականացնելու համար հայ ժողովուրդը պետք է գործադրի հավելյալ ջանքեր:

Այնպիսի տպավորություն է, որ այդ հայտարարությունների կատարումը միայն Հայաստանին է վերաբերում, և հայտարարության մյուս կողմերը որևէ պարտավորություն չունեն. այն դեպքում, երբ հստակ գրված է, որ պետք է անհապաղ վերադարձնել:

Ավելին՝ միջազգային բոլոր կոնվենցիաներով սահմանված են ռազմագերիների վերաբերյալ նորմեր, որոնց բովանդակությունից բխում է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո ռազմագերիները ենթակա են վերադարձի, ուստի՝ սա նաև ոչ միայն Հայաստանի վարչապետի անձնական հեղինակության, այլ նաև ՌԴ քաղաքական ղեկավարության՝ ի դեմս Վլադիմիր Պուտինի, անձնական հեղինակության խնդիրն է, որովհետև, ըստ էության, իրենց կողմից ստորագրված փաստաթղթի դրույթը կյանքի չի կոչվում:

Մտավախություն ունեմ, որ Ադրբեջանն այլ պահանջներ կամ նախապայմաններ է առաջարկում այդ դրույթի կիրառման համար:

Ուստի ես կարծում եմ, որ պետք է գործադրել բոլոր ջանքերը, որ մեր ռազմագերիներն օր առաջ վերադարձվեն Հայաստան:

Ես չեմ կարող ասել հայկական կողմն ինչ է անում, բայց փաստացի արդյունքը զրո է, որովհետև ինչու անհետ կորածների, ռազմագերիների ծնողները պետք է դուրս գային փողոց: Մենք պետական ինստիտուտների փնթի աշխատանքի ականատեսն ենք, որովհետև պետական մարմինները ճիշտ ժամանակին չեն կարողանում իրենց գործառույթները կատարել հավուր պատշաճի»,- եզրափակեց փաստաբանը:

 Անահիտ Չալիկյան

Back to top button
Close