«Արցախը Ռուսաստանի ազդեցության տակ էր և այդպես էլ հիմա մնացել է, բայց Թուրքիան իր խաղը շարունակում է խաղալ». Ա. Իսպիրյան
«Արցախի հարցի լուծման մեջ Ռուսաստանը արեց այնպես, ինչպես ուզում էր, և Թուրքիային չնեղացնելու համար ինչ-որ ձևով ընդգրկեց Ադրբեջանի տարածքում՝ մոնիթորինգային կենտրոնում, այդտեղ լինելու պայմանով, բայց ոչ ավելին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:
Իսպիրյանի խոսքով՝ Թուրքիայի պահանջները, որ խաղաղապահ զորքերի հետ լինեն նաև թուրքեր, Ռուսաստանը չի ընդունել և մերժել է:
«Դա նշանակում է, որ չկա որևէ պայմանավորվածություն. Արցախը Ռուսաստանի ազդեցության տակ էր և այդպես էլ հիմա մնացել է, բայց Թուրքիան իր խաղը շարունակում է խաղալ, այսինքն՝ փորձում է մաքսիմալ մխրճվել Կովկաս, փորձում է մաքսիմալ ներկայություն ապահովել Ադրբեջանում:

Ինչ վերաբերում է թուրքական զորքերի տեղակայմանը Նախիջևանում՝ Հայաստանի հետ սահմանին, դա Թուրքիայի կողմից Հայաստանի դեմ ռազմական գործողության առիթ չի տալիս:
Բայց դա չի նշանակում, որ Թուրքիայի նկրտումները փոխվել են, այլ նաև ավելացել են, որովհետև Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտայի վրա Թուրքիան փաստացի ռեալ ազդեցություն ունի»,- հայտարարեց թուրքագետը:
Ըստ Անդրանիկ Իսպիրյանի՝ այս փուլում ռուս-թուրքական հարաբերությունները չեն փոխվել:
«Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում այնպիսի բաներ չեն տեղի ունեցել, որ ռուս-թուրքական հարաբերությունները փոփոխության ենթարկեին, այսինքն՝ ամեն ինչ մնում է նույնը, ինչ պատերազմից առաջ էր:
Երբ ասում ենք Հարավային Կովկաս, արդեն բախվում են Ռուսաստանի և Թուրքիայի շահերը: Հարավային Կովկասը Ռուսաստանի ազդեցության գոտին է եղել մի քանի դար, և Թուրքիան փորձում է մխրճվել ազդեցության գոտի և ունենալ ինչ-որ դերակատարում»,- ընդգծեց Իսպիրյանը:
Ըստ նրա՝ Թուրքիան Հարավային Կովկասում մինչև հուլիսյան դեպքերից հետո տեղի ունեցած զորավարժությունները չուներ ներկայություն, բանակային միավորումներ:
«Ազդեցություն ունեցել են, բայց եթե խոսքը վերաբերում է ռազմական ներկայությանը, ապա չի եղել: Այսինքն՝ միևնույնն է. ռուսականը այլ համատեքստում է արժևորվում»:
Թուրքագետն ասում է, որ նման ավարտով պատերազմ չէր կանխատեսվում.
«Մենք կռվել ենք Ադրբեջանի բանակի դեմ, մեր դեմ Թուրքիայի 80 մլն.-ոց բանակը չէր կռվում, ադրբեջանցիների բանակին օգնել են ահաբեկիչներ, Թուրքիայից եկած հրամանատարներ, սպայակազմ, հասարակ հրահանգիչներից մինչև F-16-ի օդաչուներ, ԱԹՍ-ներ կառավարողներ. այո, նրանք եղել են, բայց Թուրքիայի բանակը չի եղել»,- եզրափակեց թուրքագետը:
Անահիտ Չալիկյան