ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Շատ երազանքներ ունեինք… Հայկը ուզում էր տուն ունենալ, աղջիկ… ուզում էր, որ երեխաները քնելուց առաջ Կոմիտաս լսեն». գյումրեցի կապիտանի հարսնացուն՝ Հայկի մասին

Ինչպես առաջին արցախյան պատերազմում, ապրիլյան քառօրյայում, այնպես էլ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմում շատ էին հերոսական դրվագները: Հայ զինվորն ու սպան պատմություններ են կերտել:

Կապիտան Հայկ Սամվելի Ալեքսանյանը հերոսաբար զոհվել է թուրք-ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ժամանակ:

29-ամյա սպան Գյումրիից էր: Գերազանցությամբ ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, արտասահմանում մասնակցել է վերապատրաստումների:

Հայկ Ալեքսանյանի սպայական ծառայությունը մինչ պատերազմն անցել է Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի զորամասում:

Պատերազմի ժամանակ եղել է Ջրականում՝ Ջաբրայիլում՝ ղեկավարելով 3 դիրք:

Գյումրեցի հերոսի հարսնացուն՝ Լիլիթ Մեժլումյանը, պատմում է, որ Հայկի զինվորներից ոչ ոք չի վիրավորվել, Հայկը մինչև վերջին պահը կարողացել է բոլորին թաքստոց մտցնել, բայց ինքը չի հասցրել փրկվել: Հայկ Ալեքսանյանը մահացել է հոկտեմբերի 9-ին:

«Հայկը շատ նվիրված էր իր զինվորներին, այնպես, ինչպես ծնողն իր երեխաներին:

Շատ էր սիրում հայրենիքը, մինչև վերջին շունչն էլ կռվեց հանուն հայրենիքի: Անգամ պատերազմի ժամանակ, երբ հնարավորություն է եղել նահանջելու, ինքը չի համաձայնվել և իր զինվորների հետ կռվել է մինչև վերջ:

Պատերազմի օրերին միշտ չէ, որ հետը կարողանում էինք խոսել, մարտի դաշտում էր, թեժ մարտերի է մասնակցել:

Վերջին անգամ հետը խոսել եմ հոկտեմբերի 9-ի լուսադեմին. առաջին հարցը որ տվեց, հետևյալն էր՝ մաման հո չի վախեցել:

Մայրը չգիտեր, որ Հայկը Ղարաբաղում է, և մահվան լուրի հետ իմացավ, որ որդին Արցախում է կռվել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է գյումրեցի հերոսի նշանածը:

Կրթված, խելացի, նպատակասլաց և հայրենասեր. Հայկին այսպես է բնորոշում Լիլիթ Մեժլումյանը:

«Շատ էր սիրում գիրք կարդալ ու գիտեր, որ գիրք կարդացող մարդը նվիրում է գիրք: Ինձ հաճախ էր գիրք նվիրում. մեկ-մեկ չէի հասցնում կարդալ, ասում էր՝ կարդա, որ նորը նվիրեմ:

Հայկը իր խնդիրները կամ խստապահանջությունը երբեք տուն չէր բերում, մենք չգիտեինք՝ ինչ է եղել զորամասում, ինքն այդ ամենը թողնում էր զորամասում:

Շատ էր սիրում ազգայինը, հատկապես ազգային պարերը, գիտեր ազգային պարերի ակունքները՝ որտեղից են առաջացել, ինչի համար են. անգամ պարում էր, ու կողքից շատերին թվում էր, որ Հայկը խմբերում պարում է:

Ինքնուս էր, ընդհանրապես պարի չէր գնացել, շատ էր ուզում, որ բանակում տղաները ռազմի պարեր անցնեն:

Երկու տարի միասին էինք… Հայկը միշտ ասում էր՝ սպայի սիրելի, սպայի կին լինելն էլ է մասնագիտություն… ու ես ժամանակի ընթացքում սովորել էի այդ մասնագիտությանը, բայց այս նոր մասնագիտությունս՝ հերոսի սիրելի, դեռ չեմ սովորում… փորձում եմ»,- պատմում է Լիլիթը:

«Հայկը վիրավորվել էր հոկտեմբերի 9-ին, մենք գիտեինք՝ վիրավոր է, բայց չէր ապրել վիրավորվելուց հետո. 8 օր փնտրելուց հետո մահացած ենք գտել: Հայկը հրետանավոր էր, և հուղարկավորությունը տեղի ունեցավ հրետանավորի օրը՝ հոկտեմբերի 19-ին:

Առաջնագծից վերադարձած տղաները պատմում էին, որ Հայկը թուրքի ահն ու սարսափն էր: Պատմում էին, որ իր ճշգրիտ հաշվարկների շնորհիվ հազարավոր արկեր ճիշտ նշանակետին են կպել, ինչի շնորհիվ թշնամին չի կարողացել դիրքերը գրավել, բայց հետո այդ դիրքերը չեն կարողացել պահել»:

Լիլիթը պատմում է, որ Հայկ Ալեքսանյանը նվիրված էր թե՛ իր ընկերներին և թե՛ իր ընտանիքին: Այնպես էր ստացվել, որ աշխատանքի բերումով հեռու էր ընտանիքից, բայց դա ոչինչ չէր փոխել:

«Շատ երազանքներ ունեինք… Հայկը ուզում էր տուն ունենալ, աղջիկ… ուզում էր, որ երեխաները քնելուց առաջ Կոմիտաս լսեն»:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close