Նորություններ

Դիեգո Մարադոնայի բժիշկը կասկածվում է անզգուշությամբ սպանություն կատարելու մեջ

Արգենտինայի իշխանությունները հետաքննություն են սկսել վերջերս մահացած ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնային բուժած բժիշկ Լեոպոլդո Լուկեի նկատմամբ: Դատախազությունը ստուգում է այն վարկածը, որ նրա մահը կարող էր անզգուշությամբ կատարված սպանության արդյունք լինել:

Արգենտինական Todo Noticias հեռուստակայանը հայտնում է, որ բժշկին արդեն մեղադրանք է առաջադրվել, սակայն այդ տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել:

Արգենտինայի դատախազությունը խուզարկել է Լուկեի տունը և մասնավոր կլինիկան՝ փորձելով ապացույցներ հավաքել՝ պարզելու համար՝ արդյո՞ք բժշկի գործողություններն անզգուշություն են եղել:

Ըստ արգենտինական ԶԼՄ-ների, Մարադոնայի դուստրերից տեղեկություն են խնդրել այն մասին, թե ինչ դեղեր էր օգտագործում իրենց հայրը:

Հռչակավոր ֆուտբոլիստը մահացել է չորեքշաբթի օրը՝ սրտի կաթվածից. նա 60 տարեկան էր: Մահվան պահին նա գտնվում էր Բուենոս Այրեսի իր տանը: Դրանից անմիջապես առաջ Մարադոնան վիրահատվել է: Հայտնի է նաև, որ նա բուժվում էր ալկոհոլային կախվածությունից:

Back to top button
Close