Նորություններ

«Պետք է օրենքով զինել բոլոր սահմանամերձ բնակավայրերի բնակչությանը, այդ թվում՝ Մեղրիի… թուլացող Ռուսաստանը 1917-18թթ. նման հանկարծակի կարող է հեռանալ»

Եռակողմ հայտարարության, դրա  հետևանքների, երկրում ստեղծված իրավիճակի և այլ հարցերի շուրջ ԳԱԼԱ-ն զրուցել է «Պահպանողական» կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի  հետ:

— Պարոն Հայրապետյան, արդյո՞ք եռակողմ համաձայնագրով կարող ենք ասել, որ պատերազմն ավարտվել է. սպասելի՞ էր պատերազմի նման ելքը:

— Եռակողմ հայտարարությունը մեզ համար ոչ միայն ազգային խայտառակություն է, այլև լրջագույն ական ընդհանրապես մեր պետականության տակ դրված: Պատերազմն այս հայտարարությամբ ավարտվել չի կարող, թեև մասնակի սառեցվել կարող է՝ նայած միջազգային իրադրությանն ու ռուս-թուրքական պայմանավորվածություններին, որոնց մասին մենք տեղյակ չենք: Որ լայնամասշտաբ պատերազմական գործողություններում մենք ռազմական կտրվածքում հաղթող չէինք կարող լինել, և մենք պարտավոր էինք սահմանել «հաղթանակ» բառի մեր ընկալումը, պարզ էր, բայց որ այսպիսի ֆիասկո կլիներ, անձամբ ինձ համար սպասելի չէր: Ինչո՞ւ կեղծեմ, իբր թե սպասելի էր. մենք առաջին հերթին հենց համատարած կեղծիքի զոհն ենք, հետո նոր՝ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիայի ու ռուս-թուրքական աշխարհաքաղաքական պայմանավորվածությունների:

— Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին հայտարարության կետերից մեկի համաձայն՝ Հայաստանի հարավային սահմանում Նախիջևանից դեպի Ադրբեջանի մայրցամաքային հատված տարանցիկ երթուղի կստեղծվի, սա ի՞նչ է իրենից ենթադրում և ի՞նչ վտանգներ է պարունակում իր մեջ:

— Նախ՝ Մեղրիով երթևեկի հնարավորության ընձեռումը ներառված է ընդհանրապես տարածաշրջանում կոմունիկացիաների բացման կետում, ուստի այն զուգահեռ պետք է ընկալել Ադրբեջանի տարածքով հայկական բեռնափոխադրումներին: Երկրորդ՝ վտանգն այն է, որ հնարավոր չէ բացառել այս հայտարարության կողմ և Իրանի հետ սահմանը հսկող Ռուսաստանի հերթական սեպարատ պայմանավորվածությունը թուրք-ադրբեջանական կողմի հետ: Պարզապես պետք է օրենքով զինել բոլոր սահմանամերձ բնակավայրերի բնակչությանը, այդ թվում՝ Մեղրիի: Դրա հակառակը նշանակում է հանձնվել բացառապես ռուսական ողորմածությանը, իսկ թուլացող Ռուսաստանը 1917-18թթ. նման հանկարծակի կարող է հեռանալ: Ժամանակն է իրավամբ կյանքի կոչել «հեղափոխություն» ներկայացվածի ժամանակ հնչող կարգախոսը, որ «Մե՛նք են տերը մեր երկրի»:

— Տարածաշրջանային այս նոր իրավիճակում Իրանի հետ հարաբերությունների զարգացման ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն Հայաստանի իշխանությունները:

— Ոչ մի առանձնակի կամ ոչ ստանդարտ քայլի խնդիր չկա Իրանի հետ հարաբերությունների մասով: Այս պատերազմում Իրանի պահվածքը հերթական անգամ մեզ սովորեցնում է, որ չկան հավերժական դաշնակիցներ կամ թշնամիներ, այլ կան հավերժական ազգային շահեր: Խնդիրն այն է, թե որքանով ուշիմ աշակերտ կլինենք մենք, ինչպես մեկ այլ առիթով ժամանակին արձանագրել էր Վահան Տերյանը:

— Վարչապետը հայտարարել է, որ պարտության, կորցրած տարածքների և զոհերի համար ինքն է պատասխանատու, նաև նշել է, որ պատրաստ է կանգնելու ժողովրդի «դատի» առաջ, արդյո՞ք այս պահին վարչապետի հեռանալը երկրում ստեղծված լարված իրավիճակը կլիցքաթափի. Դուք ինչպե՞ս եք պատկերացնում ներքաղաղաքական այս ճգնաժամի հանգուցալուծումը:

— Հերթական փնթի, չհամակարգված հայտարարությունն է: Իրապես պետություններում դատ անողը ոչ թե ժողովուրդն է լինում, այլ դատարանը: Մենք պետություն ենք դեռևս, որքան էլ հակառակը փորձեն մեզ համոզել ու գործել այդ ուղղությամբ: Նման զգայական հռետորաբանությամբ պետք չէ խոչընդոտել ժողովրդից պետական ազգ դառնալու մեր ճամփան: Երկրում լարված վիճակը ո՛չ կթեթևանա, ո՛չ էլ կսրվի վարչապետի հեռացմամբ: Այդ լարումը ոչ թե քաղաքական է, այլ խայտառակ պարտության շոկից է, հոգեկան լարվածություն է: Եվ եթե խնդիր դրված չէ դեկտեմբերի 2-ը՝ Ալեքսանդրապոլի պայմանագրի 100-ամյակի օրը, ևս մեկ անգամ մեր պետության գլխին խաղարկելու, ապա այդ շոկը կփոխակերպվի սթափության, լրջության, նոր մտածողության: Իսկ եթե, այնուամենայնիվ, ռուս-թուրքական պայմանավորվածությամբ շարունակելու են Հայաստանի բզկտումն ու գաղութացման խորացումը, ապա իրոք կստեղծեն հանրային լարումներ, մասնատումներ, ընդհուպ՝ ներազգային բախումներ, որպեսզի նախ՝ հեշտ լինի մի նոր ստրկացուցիչ պայմանագիր պարտադրելը՝ Ալեքսանդրապոլի կամ Կարսի պես, ապա նաև՝ հետագայում մեր ազգային գիտակցության մեջ մեղքը բարդվի բացառապես վարչապետի ու իր թիմակիցների, նախկինների ու հայերիս իբրև թե անմիաբանության, թուրքերի բարբարոսության ու Արևմուտքի իբրև թե կեղծավոր լինելու վրա՝ ամեն կերպ ժողովրդի գիտակցությունը պահելով նախանցյալ դարի խակ մտայնության և Ռուսաստանի «փրկչականության» իռացիոնալ կաղապարի մեջ՝ խոչընդոտելով վերջապես պետական ազգ դառնալը:

Ըստ իս, վարչապետը պետք է հրաժարական չտա հենց այս պահին, բայց հենց հիմա պարտավոր է նախ՝ հայտարարել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կոնկրետ օրը, երկրորդ՝ իր լիազորությունների զգալի հատվածը զիջի Սահմանադրությամբ թույլատրելի ինչ-որ կառույցի, ասենք, Անվտանգության խորհրդին, որի կազմն, իհարկե, ընդլայնելով պետության հայրերով ու «սրտի հիվանդությունից, ուղեղային մորմոքից» ազատ գործիչներով: Դրանից հետո գնա կամ մնա՝ ոչ մի լումայի արժեք չունի: Վարչապետը մարդկայնորեն այսօր ի վիճակի չէ անձամբ տանել բանակցություններ այնքան զգայուն հարցերում, ինչպիսիք են Պուտին-Ալիև-Էրդողան եռյակում կենսական զիջումներ չանելը, ԱՄՆ նոր վարչակազմի հետ միանգամայն նոր հարաբերությունների կառուցումը, սահմանային դեմարկացիաները և այլն: Վարչապետին  հենց իր՝ գավառական մեթոդներով հոշոտելը ոչ միայն վայել չէ 30-ամյա պետականությանը, այլև վտանգում է մեր պետականության այն փշրանքների վրա նորից որպես պետություն հառնելու հնարավորությունը, որը թողնվել է այս անփառունակ իշխանավարման հետևանքով:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close